Մատչելիության հղումներ

Բուռն բանավեճերից հետո Երևանի ավագանին ընդունեց կարմիր գծերով կայանատեղիների թանկացման նախագիծը


Ավելի քան 2 ժամ թեժ քննարկումից հետո 32 կողմ և 3 դեմ ձայներով ավագանին ընդունեց կարմիր գծերի թանկացման նախագիծը, որի համաձայն՝ Երևանի կենտրոնում կայանելու համար տարեկան 12 հազարի փոխարեն վարորդները կվճարեն 160 հազար դրամ՝ 13 անգամ ավելի:

Առավոտյան նիստը մեկնարկեց ընդդիմադիր «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունների բացակայությամբ, նպատակը՝ չապահովել քվորում: Բայց քվորումն ապահովվեց մյուս խմբակցությունների՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի», «Հանրապետության» և «Հանրային ձայնի» մասնակցությամբ: Դրանից հետո ընդդիմադիրները դահլիճ մտան:

«Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը, ընդդիմադիր մյուս խմբակցություններին դիմելով, ասաց՝ չեն ընդունել նախագիծը բոյկոտելու հորդորները, որովհետև դրանից կտուժեր քաղաքն, ու 2024-ի բյուջեն առհասարակ չէր հաստատվի: Բայց պայման հնչեցրեց՝ եթե կարմիր գծերի թանկացումից հետո բան չփոխվի, ապա դրանք ու տեսախցիկներն առհասարակ հանվեն: Մի պայման էլ քաղաքապետին ներկայացրեց՝ իրենց կուսակցության պատվավոր նախագահ, «Դոգ» մականունով հայտնի նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի զանգերը՝ բացել. - «Այս դեպքում մենք կշարունակենք կոնստրուկտիվ մեր բանավեճը և քաղաքի կարգավորումը»։

«Մարդկանց, ովքեր պետական կամ համայնքային պաշտոնյաների անձնական կյանքի՝ «ներքնաշորերի» մեջ պետք է մտնեն շանտաժներով, պետք է իրենց ինչ-որ բաներ պարտադրեն, ես նման մարդկանց նկատմամբ շատ բացասական վերաբերմունք ունեմ, արտոնյալ պայմաններ այդ տեսակ մարդկանց համար չկան և չեն կարող լինել», - արձագանքեց քաղաքապետ Ավինյանը։

Ուղիղ եթերից թունդ հայհոյախոսություններով հայտնի Ղուկասյանը հետախուզման մեջ է, քրեական գործերով մեղադրյալ են նաև նրա մի շարք թիմակիցներ ու ազգականներ՝ մարդկանց վարկաբեկելու, նրանցից գումար շորթելու մեղադրանքով։

Նախքան կարմիր գծերի նախագծի քվեարկությունը «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանն առաջարկեց նախ անխափան տրանսպորտի ու մետրոյի ու մի շարք այլ հարցեր լուծել, նոր անցնել կտրուկ թանկացմանը. - «Տրանսպորտը լցված է արդեն, պլանավորել տրանսպորտային համակարգի լավացում, այն 200 ավտոբուսը, որ խոսք եք տալիս, բերեք, մետրոյի շարժակազմն ավելացնենք, նոր սկսենք դրա մասին մտածել»։

«Կարանք տասնամյակ էլ սպասենք, մի 20 տարի էլ սպասենք։ Այսինքն՝ ևս մի տարի՞ էլ կորցնենք դրա վրա, Երևանի կենտրոնը որոշակիորեն անհատական մեքենաներից պետք է բառնաթափենք», - պատասխանեց Տիգրան Ավինյանը։

«Մայր Հայաստան խմբակցությունից» Մեսրոպ Մանուկյանն առաջարկները գրատախտակի վրա ներկայացրեց. - «Պետական ապարատը որպես այդպիսին որ կա, գլխավոր դատախազությունը, ԿԸՀ-ն, Պետական գույքի կառավարման կոմիտեն, բոլորին հանեք, տարեք օրինակ՝ 9-րդ Մասիվ աշխատելու, Կենտրոնը կբեռնաթափվի»։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց՝ կայանատեղեր էլ են կառուցելու, ավտոբուսների անռանձնացված գծերն էլ են շարունակելու սահմանել, միասնական տոմսային համակարգն էլ են ամբողջությամբ գործարկելու, բայց եթե նախագիծը չանցնի, բյուջեն էլ չի գոյանա, ու 30 նոր ավտոբուսի գումարի մի մասը կմնա օդում: Հստակեցրեց՝ սա միայն կարմիր գծերի նախագիծը չէ, փաթեթեով այլ տեղական վճարներ էլ կբարձրանան:

Ընդդիմադիրների պնդումը, որ սա թալան է, իշխող խմբակցության ղեկավար Արման Գալջյանն ընդունեց մասամբ, հիշեցնելով՝ ինչպես են ներդրվել դրանք. - «Կար մի մասնավոր ընկերություն, որը այդ կարմիր գծերի վճարները վերցնում էր, վերցնելով այդ ընկերությունն իր վրա՝ չգիտես ինչու նաև վերցրեց այդ ընկերության կողմից կուտակված 3.5 մլն դոլարի պարտքը։ Մեր օրոք հարուցվեց քրեական գործ, և այդ քրեական գործի արդյունքում այդ ընկերության կողմից վերադարձվեց 800 միլիոն դրամ, հիմա թալանը ո՞րն է, մեր արածն էր, թե՞ ձեր արածն էր», - ասաց նա։

Ըստ քաղաքապետի՝ Երևանի բոլոր ավտոբուսներում արդեն միասնական տոմսային համակարգը տեղադրված է, փետրվարին կքննարկվի տոմսերի սակագների ու տարբերակների հարցը՝ օրական, ասմական և այլն:

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը քննադատեց իշխանություններին, իր ձևակերպմամբ, տարատեսակ ճոխությունների համար, ապա և այս փոփոխության համար. - «Էնպես չի, որ սկզբունքորեն դեմ ենք կայանման վարձի թանկացմանը։ Դրա մասին նախկինում էլ ենք ասել, կարող եք հին ինտերվյուները նայել․ ասել ենք՝ այն ժամանակ, երբ քաղաքում տրանսպորտային հարցը բավարար չափով լուծված կլինի, կարելի կլինի քննարկել կայանման վարձի բարձրացման հարցը։ Հիմա հարց եմ տալիս՝ տրանսպորտի հարցը լուծված է՞։ Այո, մի քանի հարյուր ավտոբուս ենք բերել, դրանց մեծ մասը մեր օրոք է բերվել, բայց արդյո՞ք էսօր տրանսպորտի հարցը լուծված է։ Արդյո՞ք մենք ունենք հանրային տրանսպորտի բավարար շարժակազմ, որպեսզի մարդիկ այսօր տարեկան 160 հազար մուծելու փոխարեն ի վիճակի լինեն տրանսպորտով իջնեն քաղաք։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է, ոչ, չունենք։ Այսօր հանրային տրանսպորտի վիճակը հեռու է բավարար լինելու», - ասաց նա։

Այսօրվա նիստում նաև Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում փոփոխությունների նախագիծը հաստատվեց, կրճատվեցին հիմնականում գործավարներ ու Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը, փոխարենը մասնագետներից կազմված խումբ կլինի: 15 նեղ մասնագետների հաստիքներ են ավելացել որպես խորհրդականներ:

Ավագանու նիստը դեռ շարունակվում է։ Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում 29 հարց կար, առանցքայինը 2024-ի բյուջեի հաստատումն է:

XS
SM
MD
LG