Մատչելիության հղումներ

Ավելի քան 87 միլիոն դրամ Ավինյանի երդմնակալության համար. գումարի մեծ մասը զարդարանքի վրա է ծախսվել


Ավելի քան 87 միլիոն դրամ կամ մոտ 220 հազար դոլար են երևանցիները հատկացրել, որ Տիգրան Ավինյանը երդվի որպես քաղաքապետ։ Բազմամարդ, բայց լրագրողների համար փակ միջոցառումն անցած ուրբաթ էր։ «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանը որոշ փակագծեր է բացել, թե ինչի վրա են ծախսվել տասնյակ միլիոնները։

Ավինյանի ինագուրացիան ուրարտական շրջանի արքայական միջոցառում էր հիշեցնում։ Նորընտիր քաղաքապետին դռան մոտ դիմավորեցին Արգիշտի թագավորի ժամանակների զինվորները, Ավինյանը ձեռքը դրել էր մ․թ․ա․ 782 թվականի սեպագիր արձանագրության վրա, քաղաքապետարանի սրահը պատված էր ոսկեգույն դեկորներով, որոնց վրա պատկերված էր Երևան դարձած Էրեբունու անցած ուղին։

Ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի թիմակից Իզաբելլա Աբգարյանը բարոյական դաշտում է դիտարկում հարցը. - «Սա իսկապես ինձ համար խայտառակություն է՝ հաշվի առնելով հատկապես՝ ինչ վիճակում է այսօր մեր պետությունը. մենք ընդունում ենք Արցախից բռնի ներգաղթածներին, ուստի կարծում եմ, որ նման շուքով, նման գումարով երդմնակալություն անել, կներեք, բարոյականության խնդիր է արդեն»։

Հատկացված տասնյակ միլիոնների առյուծի բաժինը ծախսվել է ուրարտական ոճի զարդարանքի վրա։ Քաղաքապետարանից «Ազատությանը» հայտնել են, որ «պատմագրական դեկորատիվ բազմաֆունկցիոնալ կոնստրուկցիաները» պայմանագրային արժեքի շուրջ 50 տոկոսն են կազմում», այսինքն՝ միայն 43.5 միլիոնը ծախսվել է թագավորական բեմադրության համար։ Մյուս մասը տեխնիկական է՝ դիզայն, տպագրության, հյուրասիրություն։

«Ըստ իս՝ գործ ունենք հիվանդ փառասիրության հետ։ Միջոցառումը ես ինքս տեսել եմ միայն կադրերով, և ինձ համար գոնե ակնհայտ է, որ գործ ունենք փառամոլության հետ, որի համար զոհաբերվում են մեծ գումարներ, և ճաշակի խնդիրը շատ լուրջ է նման դեպքում, որովհետև ամեն ինչ չէ, ինչը որ թանկ է, և ինչի համար կարելի է շատ գումար վճարել, գեղեցիկ է։ Ես կարծում եմ՝ կարելի էր առհասարակ չանել նման մեծ ծախսեր, տվյալ դեպքում «Քաղաքացիական պայմանագիրը» պարտավոր էր կասեցնել, կանխել, զգուշացնել, որ առաջինը՝ հիմա դրա ժամանակը չէ, երկրորդը՝ այդ միջոցները ուղղվելու շատ ավելի կարևոր տեղեր կան», - նշեց Իզաբելլա Աբգարյանը։

«Երևանցիներին սա կհիշեցի, թե որտեղից են սկսվում Երևանի ակունքները», - նորընտիր քաղաքապետ Ավինյանը հենց իր երդմնակալության օրը լրագրողներին բացատրեց, թե ինչով էր պայմանավորված այս հանդիսությունը։

«Ազատության» հետ զրույցում այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը վերահաստեց՝ պատմություն է սա. - «Մենք պետք է պատշաճ կերպով իրականացնենք այդ միջոցառումը, որպեսզի հետագայում Երևանի պատմությունն ուսումնասիրելիս տեսնեն, որ օրինակ՝ այս թվականին Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել հետևյալ կերպ, և կարծում եմ՝ կանոնակարգերը ինչքան էլ շատերի համար ձևականություն թվան, դրանք կարևոր են նաև ինստիտուտների կարևորության, խորհրդանիշները կարևորելու համար»։

Հարցադրմանը, թե նախկին քաղաքապետները, որ նման միջոցառումներ չեն կազմակերպել, դրանով ստորադասվո՞ւմ էր քաղաքապետարանի աշխատանքը, Գալջյանն ասաց. - «Խոսքը աշխատանքի ստորադասման մասին չէ, նախ՝ կազմակերպվել են միջոցառումներ, պարզապես այլ ոճի, այս դեպքում մի փոքր այլ ոչ է»։

Դեկորներն արդեն հեռացվել են, բայց ռեկվիզիտները, գորգը հագուստը բեմն ու պատվանդանները էլի պետք կգան այլ մշակութային միջոցառումների համար։ «Եթե դա լիներ մեկ անգամվա ծախս, այո, կարելի էր քննադատել, բայց երբ որ գնվել են իրեր, որոնք Երևանի սեփականությունն են դարձել և պարբերաբար օգտագործվել են, կարծում եմ՝ այս դեպքում նորմալ է», - նշեց Արմեն Գալջյանը։

Երևանցիներն «Ազատության» հետ զրույցում նշեցին՝ սա նորմալ չէ. - «Նորմալը մեզ նման մարդիկ են, որ իրենց ձեռքը կրակն են ընկել», - ասաց քաղաքացիներից մեկը։

Մյուսները թվարկեցին քաղաքի խնդիրները՝ աղբահանություն, տրանսպորտ, փոշի՝ հիշեցնելով քաղաքային իշխանությանը, որը ուրարտական արքունիքի ինտերիերից դուրս այսպիսի հրատապ, կենցաղային խնդիրներ էլ կան։

Մոտ 2 ժամ տևած արարողության համար ծախսված 87 միլիոն դրամի գնումը կրկին մեկ անձից է եղել՝ «Բեգրաունդ» ՍՊԸ -ից, ընդ որում՝ պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 9-ին։ Տիգրան Ավինյանը միայն հաջորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին, Երևանի քաղաքապետ ընտրվեց։

XS
SM
MD
LG