Երևանի քաղաքապետարանը պլանավորում է կենտրոնի բեռնաթախում մինչև այս տարվա վերջ, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
Ըստ նրա՝ Երևանում տրանսպորտի նման վիճակի պատճառը խցանումներն են, որոնք շեղում են չվացուցակը, արդյունքում՝ ավտոբուսների հաճախականության մեջ շեղումներ են գրանցվում. - «Երկրորդ՝ սահմանված երթուղին սպասարկող շարժակազմերի թվաքանակի պակասն է», - ասաց նա՝ նշելով, որ քաղաքապետարանն այս խնդրից տեղյակ է, խնդիրը իրենց ուշադրության ներքո է։
«Խցանումների հետ կապված պլանավորվում է բարեփոխումների ծրագիր, որը ենթադրում է կենտրոնի բեռնաթափում՝ ծանր ավտոմեքենաների մուտքի արգելք է կիրառվելու Երևանի կենտրոն, ինչպես նաև հասարակական տրանսպորտի համար առանձնացված գծերի շարունական կիրառում է նախատեսված», - ասաց նա։
Այս պահին եղած փողոցների շարքին ավելանալու է նաև Հերացին, այս փողոցում էլ կլինեն գծեր հասարակական տրանսպորտի համար։
«24 թվականի ընթացքում հիմնական փողոցներում կերևան դրանք։
Այս մոդելի կիրառումը կբերի չվացուցակի վերականգնմանը, և տվյալ բողոքը, որ տրանսպորտը 40 րոպեն մեկ է ժամանում, կվերանա պիկ ժամերին։ Մինչև այս տարվա վերջ պլանավորվում է անել կենտրոնի բեռնաթափումը», - ասաց նա։
Պաշտոնյան նաև հայտնեց, որ բանակցություններ են տարվում 249 հատ 18 մետրանոց էլեկտրական ավտոբուսի ու 170 հատ 7.5-8.5 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման համար։ Ըստ նրա՝ այս երկու մրցույթների կայացումն ու գործի մեջ դնելը կփոխի պատկերը։
«Տրանսպորտի ռեֆորմը շարունական պրոցես է, վերջին երեք տարվա ընթացքում որոշակի հստակ քայլեր արվել են», - ասաց նա։