Մատչելիության հղումներ

«Անծանոթներին փաթաթված ենք տուն հասնում». երևանցիները բողոքում են գերծանրաբեռնված ավտոբուսներից


Չնայած Երևանի քաղաքային իշխանությունների պնդումներին, թե տրանսպորտային համակարգի բարեփոխումը մոտ է ավարտին, երևանցիները աշխատանքի գնալիս ու գալիս առնվազն մեկ-երկու ավտոբուս բաց են թողնում, հաճախ թևաթափ լինում ու ի վերջո տաքսիով տեղ հասնում։

Ավտոբուսներն արդեն գերծանրաբեռնված են հասնում կանգառներ։ Աշխատանքային ժամի ավարտին էինք կանգառներում նկարահանումներ անում․ կիսով չափ ավտոբուսից դուրս ու մի ոտքով կանգնած ուղևորներ, որոնց ներս է խցկում մի կերպ փակվող ավտոբուսի դուռը։ Սեղմված ուղևորներն անգամ գլուխը թեքել չեն կարողանում։

«Մեկս մյուսի շնչառությունը զգալով, անծանոթներին փաթաթված ենք տուն հասնում», - ասում են զայրացած ուղևորները, որոնք ամեն օր են այդ վիճակով երթևեկում՝ հիմնականում օրվա պիկ ժամերին:

Երևանի քաղաքապետարանից հիշեցնում են՝ խոստացել էինք, որ արդեն այս տարվա սեպտեմբերից Երևանում հին գազելներ չեք տեսնի, հիմա դրանք չկան։ Ընդգծում են՝ միասնական տոմսային համակարգն են փորձում արագ գլուխ բերել, ավտոբուսներում արդեն GPS համակարգեր են տեղադրել ու Yandex-ի քարտեզներով մարդիկ տեսնում են, թե որ ավտոբուսը երբ ու որ կանգառին կմոտենա։ Առցանց այդ քարտեզում արդեն գործող 13 երթուղիներից բացի, առաջիկայում ևս 8–ը կավելանա։

«Ասենք թե տեսնաք, որ մոտեցավ, բայց եթե նստել չենք կարողանում, ի՞նչ օգուտ», - նեղսրտում են ուղևորները, որոնք նոր ավտոբուսներում նստելու տեղ են գտնում միայն հանգստյան օրերին, իսկ աշխատանքային օրերին ու ժամերին դա գրեթե անհնար է։

Քաղաքացիների բոլոր դժգոհություններն ընդունում է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, բայց ընդգծում՝ առաջիկայում ավտոբուսների համար առանձնացված ճանապարհների թիվը կավելանա, ևս 250 էլեկտրական ավտոբուս առաջիկա տարիներին կներկրեն ու կամբողջանա անհրաժեշտ 800 ավտոբուսի թիվը։ Իշխող խմբակցության ղեկավարը, սակայն, ոչ մի կոնկրետ ժամկետ չի նշում։

Ավելի մանրամասն՝ վիդեոռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG