Ռուսաստանի Թաթարստանի մարզի գերագույն դատարանը ուժի մեջ թողեց «Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևայի՝ կալանքի տակ մնալու ստորադաս դատարանի որոշումը, սակայն կալանքի ժամկետը կրճատեց մեկ օրով՝ մինչև փետրվարի 4-ը։
Մայիսի կեսերին նա ընտանեկան հանգամանքների բերումով մեկնել էր Կազան։ Հունիսի 2-ին Կուրմաշևան պետք է վերադառնար Չեխիա, սակայն Կազանի օդակայանում նրան ձերբակալել էին և առգրավվել ռուսական և ամերիկյան անձնագրերը: Այդ ժամանակ նա չկարողացավ վերադառնալ Չեխիա՝ սպասելով փաստաթղթերին։
Լրագրողի նկատմամբ քրեական գործ հարուցվեց՝ երկրորդ քաղաքացիության մասին պետությանը չտեղեկացնելու համար և նրան արգելվեց հեռանալ Կազանից:
Հոկտեմբերի 11-ին նա տուգանվեց 10 հազար ռուբլով (103 դոլար) «երկրորդ քաղաքացիություն ունենալու մասին ռուս պաշտոնյաներին չտեղեկացնելու համար»։
Կուրմաշևան հոկտեմբերի 18-ին կրկին ձերբակալվեց։
Ռուսաստանի դատախազությունը լրագրողին այս անգամ մեղադրեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենսդրությունը խախտելու մեջ։ Քննչական մարմինների պնդմամբ՝ «Կուրմաշևան չի դիմել պատկան մարմիններին իրեն օտարերկրյա գործակալների ցանկում ընդգրկելու խնդրանքով, ինչպես պահանջում է ռուսաստանյան օրենսդրությունը»։
Թե՛ Կուրմաշևան, թե՛ «Ազատություն» ռադիոկայանը մերժել են մեղադրանքները։
«Մեմորիալ» իրավապաշտպան նախագիծը Կուրմաշևային քաղբանտարկյալ է ճանաչել։