ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և այդ ուղղությամբ կողմերի միջև մինչ այս պահը համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
Կցանկանայինք, որ խաղաղ բանակցությունները հնարավորինս արագ վերսկսվեն, ասել է Կոլոմինան՝ ընդգծելով բանակցային տարբեր ձևաչափերը՝ երկկողմ, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ձևաչափերը՝ շեշտելով, որ աջակցում են նաև երկկողմ ձևաչափին։
«Մեզ համար ամենակարևորը վերջնական արդյունքն է, թե կա՞ արդյոք կայուն խաղաղություն, որովհետև դա շատ կարևոր կլինի Կովկասի կայունության համար», - ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը՝ շեշտելով՝ ՆԱՏՕ-ն կաջակցի այն ամենին, ինչն, ի վերջո, կբերի խաղաղության:
«Մենք կարծում ենք, որ սկզբունքները, որոնք դրվել են գործընթացի հիմքում՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը, հիմնարար են։ Դա այն սկզբունքներից է, որը մեզ համար շատ կարևոր է։ Իհարկե, մենք կարծում ենք, որ այդ սկզբունքների հետ մեկտեղ սահմանների սահմանազատումը, փոխկապակցվածությունը, այն սկզբունքները, որոնք դրվել են գործընթացի հիմքում, պետք է լինեն գործընթացի մաս, եթե, իհարկե, երկու կողմերը չորոշեն փոխել այդ սկզբունքները և ունենալ այլ սկզբունքներ։ Բայց համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն», - ասել է Կոլոմինան։
Նշելով, որ 2021 թվականի սեպտեմբերից՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր, յոթ անգամ այցելել է տարածաշրջան, հավանաբար, ավելի շատ, քան նախորդ 10 տարիներին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հիշեցրել է, որ նաև վերջերս (հունվարի 19) էր Հայաստանում, հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Կոլոմինան այցը «լավ ու շատ էական» է համարել՝ շեշտելով՝ շատ գոհ են Հայաստանի հետ այսօր ունեցած երկկողմ հարաբերություններից։
«Մեզ շատ ոգևորում են նաև այն որոշումները, որոնք Հայաստանն ընդունել է արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ, այն տեղաշարժը, որը նրանք որոշել են իրականացնել։ Ես գիտեմ, որ դա դժվար իրագործելի որոշում է, և, հավանաբար, դրա իրագործումը երկար ժամանակ կպահանջի, բայց մենք, իհարկե, խրախուսում ենք մեր գործընկերներին մերձենալ մեզ հետ, և դա այն է, ինչ անում է Հայաստանը», - ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։
Կոլոմինան ընդգծել է՝ թեև այցը պետք է տարածաշրջանային լիներ, սակայն Երևանից հետո Բաքու չմեկնեց, քանի որ Ադրբեջանը հունվարի սկզբին հետաձգեց այցը՝ նախագահական ընտրությունների պատճառով։
«Ուստի ես չկարողացա փոխանցել այն մեսիջները, որոնք պատրաստվում էի փոխանցել։ Այդ ուղերձներից մեկը շատ հստակ էր՝ մենք ակնկալում ենք, որ դուք կվերսկսեք խաղաղ բանակցությունները որքան հնարավոր է շուտ», - ասել է Կոլոմինան: