Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների վերսկսմանը․ Խավիեր Կոլոմինա Պիրիս


ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղ բանակցությունների վերսկսմանը, X-ի իր էջում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը Սկոպյեում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո։

Կոլոմինան նաև նշել է, որ Միրզոյանի հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը և ՆԱՏՕ-Հայաստան երկկողմ համագործակցության ամրապնդման ուղիները։

ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Սկոպյեում է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Հայկական կողմը հաղորդել է, որ Միրզոյան-Բայրամով հանդիպում չի նախատեսվում։

Կոլոմինան X-ի իր էջում մեկ այլ գրառմամբ տեղեկացրել է, որ Սկոպյեում հանդիպել է նաև Բայրամովի հետ, վերահաստատել ՆԱՏՕ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խրախուսել խաղաղ բանակցությունների վերսկսումը։

Երեկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպումից հետո հայկական կողմը հաղորդեց, որ Միրզոյանն ու Կոլոմինա Պիրիսը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանը վերաբերող հարցեր։

Միրզոյանը նշել է, որ անհրաժեշտ է Ադրբեջանի հստակ, հանրային դիրքորոշումը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ, լեգիտիմ քարտեզների հիման վրա սահմանազատման հետագա գործընթացի ապահովման հարցում։

Արտգործնախարարն անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ նշելով երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային բոլոր կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ միանշանակ և միջազգային գործընկերների համար ընկալելի դիրքորոշումը։

Բաքուն, իր հերթին, Կոլոմինա-Բայրամով հանդիպումից նշում է, որ քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության ընթացիկ օրակարգի, տարածաշրջանային և միջազգային հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը և բանակցությունների հեռանկարները:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG