Մատչելիության հղումներ

«Զանգեզուրի միջանցքը» և դրանում Մոսկվայի դերը Ռուսաստանի հետդարձի ճանապարհն է դեպի Հարավային Կովկաս․ Լորենս Բրոերս


«Զանգեզուրի միջանցքը» և դրանում Ռուսաստանի դերը Ռուսաստանի հետդարձի ճանապարհն է դեպի Հարավային Կովկաս՝ տարածաշրջանի այս հատվածում իր ներկայությունը, լծակները պահպանելու համար, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հարավային Կովկասի տարածաշրջանի ականավոր փորձագետներից Լորենս Բրոերսը։

Բրոերսի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Ռուսաստանը շարունակում է ճնշումը Հայաստանի վրա Հայաստանի հարավային շրջանում, Սյունիքով կառուցվելիք հաղորդակցության ճանապարհի վրա վերահսկողություն ձեռք բերելու համար։ Ադրբեջանը, որն այդ ճանապարհը անվանում է «Զանգեզուրի միջանցք» պահանջում է Հայաստանից անխոչընդոտ անցում, առանց հայկական մաքսային անցակետերի և մաքսային ստուգումների։ Ադրբեջանը նույնպես համաձայն է Ռուսաստանի առաջարկին, համաձայն է, որ ճանապարհը վերահսկի Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը։ Այսինքն՝ նա համաձայն է ամեն պայմանավորվածության, որը բացառում է հայկական վերահսկողություն։ Հայաստանը կտրականապես դեմ է թե՛ Ռուսաստանի, թե՛ Ադրբեջանի պահանջներին։ Ի՞նչ եք կարծում այս հարցի մասին։

Լորենս Բրոերս․ - Սա 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրադադարի մասին հայտարարության ժառանգությունն է: Այդ հրադադարի համաձայնագրի 9-րդ կետը այն հիմնական դրույթն է, որը վերաբերում է հիմնական Ադրբեջանի և նրա Նախիջևանի էքսկլավի միջև անխոչընդոտ կապի հասանելիությանը։ Այդ համաձայնագրով նախատեսվում էր նաև, որ ռուսական սահմանային ծառայությունները կապահովեն այդ ճանապարհի անվտանգությունը։ Հիմա հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունեցել 2020 թվականից հետո, կարծում եմ՝ մենք տեսնում ենք, որ հրադադարի մասին հայտարարության գրեթե բոլոր հոդվածները չեն պահպանվել, խախտվել են։ Այսպիսով, կարծում եմ, կարելի է շատ լեգիտիմորեն հարցնել, թե ինչո՞ւ ենք մենք դեռ հղում անում այդ հրադադարի հայտարարությանը ու դրա՝ կապուղիներին վերաբերող դրույթներին: Կարծում եմ, որ այստեղ հիմնականը, իհարկե, այն է, որ այս, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» և դրանում Ռուսաստանի դերը Ռուսաստանի հետդարձի ճանապարհն է դեպի Հարավային Կովկաս՝ տարածաշրջանի այս հատվածում իր ներկայությունը, լծակները պահպանելու համար: Ակնհայտ է, որ անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողության ժամանակ՝ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման և դրան հաջորդած ամեն ինչի ժամանակ շատ էին քննարկումները, թե ինչու Ռուսաստանը մի կողմ քաշվեց և հիմնականում թույլ տվեց, որ դա տեղի ունենա: Եթե մենք հիմա տեսնում ենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը կոչ է անում ռուսական ներկայություն ունենալ այս տարանցիկ ճանապարհին, ապա դա ակնհայտորեն հանգեցնում է ենթադրությունների, որ դա ինչ-որ կուլիսային գործարքի մաս է: Ու ես կարծում եմ, որ այս ամենը մեզ տանում է սխալ ուղղությամբ, երբ խոսքը վերաբերում է Հարավային Կովկասի կապուղիներին:

Ինչպես գիտեք, դրանց վերականգման մասին շատ է խոսվել 2020 թվականից ի վեր: Կարծում եմ, որ տարածաշրջանում ամենուր անկեղծ ցանկություններ կան վերականգնելու այդ կապուղիները: Բայց դրա տակ չափից դուրս մեծ անվտանգային իմաստ է դրվում։ Այն պատկերացվում է, նկարագրվում ու ծրագրվում չափից դուրս մեծ անվտանգային համատեքստում, ինչը դեռևս վերահսկման դեր է ստեղծում Ռուսաստանի համար հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում։ Դա խաղաղության երկարաժամկետ բանաձև չէ։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կարողանան կառավարել իրենց հարաբերություններն՝ առանց արտաքին դերակատարների։

Հրայր Թամրազյան․ - Հայաստանը գոյատևման կոշտ պայքար է մղում երկու ճակատով՝ մի կողմից դիմակայելով Ռուսաստանի, մյուս կողմից՝ Ադրբեջանի մարտահրավերներին: Եվ երբ Թուրքիան հաստատակամորեն աջակցում է Ադրբեջանին, այն վերածվում է երեք ճակատի պայքարի։ Հետ նայելով պատմությանը, երբ Հայաստանի առաջին հանրապետությունը բախվեց նմանատիպ մարտահրավերների անցյալ դարասկզբին, չի կարելի չմտածել այն մասին, թե արդյոք Հայաստանն այժմ գտնվում է էկզիստենցիալ վտանգի մեջ՝ արտացոլելով այն վտանգը, որին բախվել էր բոլշևիկյան Ռուսաստանի ներխուժման ժամանակ, որը հանգեցրեց Հայաստանի ինքնիշխանության և անկախության կորստին։ Ի՞նչ կարծիք ունեք դրա վերաբերյալ:

Լորենս Բրոերս․ - Այո՛, կհամաձայնեմ Ձեզ հետ։ Ես կասեի, որ Հայաստանը այսօր մեծապես գտնվում է աշխարհաքաղաքական մի իրավիճակում, որը ես կբնութագրեի որպես վտանգավոր անորոշություն։ Այն դեռևս փակ սահմաններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Հայաստանը շատ նեղ սահման ունի Իրանի հետ, որը նույնպես որոշ առումներով գործընկեր է Հայաստանի համար, բայց բավականին սահմանափակ: Կան հարաբերություններ Վրաստանի հետ, բայց նրանք շատ են կախված Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռանկյունու խողովակաշարային փոխհարաբերություններից և այլն: Սա շատ անկայուն իրավիճակ է, և մենք իսկապես տեսնում ենք, որ կան հրապարակումներ, որոնք մատնանշում են, որ այս պահն ավելի շատ է նման 20-րդ դարի սկզբի աշխարհաքաղաքականությանը, երբ տարածաշրջանային տերություններն էին հիմնականում որոշում, թե ինչ կլինի Հարավային Կովկասում:

Կարծում եմ, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ Թուրքիան վերադարձավ Հարավային Կովկաս՝ որպես տարածաշրջանային ուժ, որը ցանկանում էր իր մասնակցությունը բերել և ուժ գործադրել՝ տեղում արդյունքները փոխելու համար: Եվ այս ամենը մի մասն է ավելի լայն շարժման՝ դեպի բազմաբևեռ գլոբալ համատեքստ, որտեղ արևմտյան արժեքների հեգեմոնիան՝ լիբերալ ժողովրդավարության և դրա հաստատությունների, բազմակողմ ինստիտուտների՝ ՄԱԿ-ի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արժեքները ավելի թույլ են դառնում: ԵԱՀԿ-ն փաստացի դուրս է եկել հայ-ադրբեջանական համատեքստից: Այնպես որ, Հայաստանի համար ստեղծվել է փխրունության, խոցելիության, վտանգավոր անորոշության հսկայական աստիճանի մի իրավիճակ։ Կարծում եմ, այդ համատեքստում մենք տեսնում ենք նաև աջակցության և հովանավորության այլ աղբյուրների որոնում: Մենք տեսնում ենք դեպի Ֆրանսիա ձգտում և այլն: Ու ես կարծում եմ, որ Հայաստանի համար արտաքին քաղաքականության մարտահրավերն է՝ առաջնահերթություն տալ պետականությանը որպես գերագույն արժեք և ինչ-որ կերպ կառավարել հարաբերություններն այս տարբեր արտաքին դերակատարների հետ, ովքեր միմյանց հետ էլ դաժան մրցակցության մեջ են։

Հրայր Թամրազյան․ - Առանց հասկանալու Ռուսաստանի դերի փոխակերպումն այս տարածաշրջանում, անհնար է բացատրել, թե ինչու է Հայաստանը տանուլ տալիս պատերազմները, ինչու են Լեռնային Ղարաբաղի հայերը կորցրել իրենց հայրենիքը, իրենց քաղաքներն ու գյուղերը։ Անցյալ տարի հրապարակված Ձեր հոդվածում դԴւք ասացիք՝ «Հայ-ադրբեջանական հակամարտության հարցում Ռուսաստանի ողջ քաղաքականությունը տասնամյակներ շարունակ հիմնված էր կողմերի միջև ընտրություն կատարելուց խուսափելու վրա։ Բայց հիմա, ինչպես Դուք եք գրում, Ռուսաստանը հրաժարվեց հակամարտությունը չլուծված թողնելու իր ավանդական քաղաքականությունից և ընտրեց կողմը, այս դեպքում՝ Ադրբեջանը։ Դուք գրել եք, որ Ռուսաստանը փոխել է իր հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ ավագ հովանավորից դառնալով գործընկեր։ Սա իսկապես շատ հետաքրքիր կետ է։ Կմանրամասնե՞ք։

Լորենս Բրոերս․ - Անշուշտ: Այդ հոդվածը գրվել է անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունը հասկանալու փորձի
համատեքստում, նաև հասկանալու, թե ինչու Ռուսաստանը, որը միջամտեց 2020 թվականին, տեղակայեց խաղաղապահ ուժեր, մենաշնորհեց բանակցային գործընթացը և, թվում էր, թե բոլոր մրցանակները իր մոտ հավաքեց 2020 թվականին, այժմ հիմնականում մի կողմ քաշվեց, և, ինչպես Դուք նշեցիք, ես այդ հոդվածում գրել եմ, թե ինչպես էր Ռուսաստանի քաղաքականությունը հայկական հակամարտության նկատմամբ միշտ տարբերվում։ Դա միանգամայն տարբերվում է Ռուսաստանի ունեցած դիրքորոշումից, օրինակ, Վրաստանի հակամարտություններում՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում, և Մոլդովայում՝ Մերձդնեստրում և, իհարկե, Ուկրաինայում: Ռուսաստանը միշտ ձգտել է երկկողմանի ջերմ հարաբերություններ հաստատել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Եվ երբեք չի եղել լուրջ հեռանկար, որ Ռուսաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչպես դա արեց Աբխազիայի և Հարավային Օսիայի դեպքում: Այսպիսով, այն, ինչ մենք տեսանք անցյալ տարվա սեպտեմբերին, իսկապես անհավատալի էր։ Դա ընտրությունից խուսափելու շուրջ 30 տարվա այս քաղաքականությունից հրաժարումն էր։ Բայց ես կարծում եմ, որ կա մի շատ հետաքրքիր պատմական նախադեպ, որը կարող է օգնել մեզ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել, և դա 1991 թվականի ապրիլն էր, երբ Մոսկվան, որպես Խորհրդային Միության կենտրոն, փաստորեն համագործակցեց Ադրբեջանի հետ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մոտ գտնվող հայկական գյուղերում ադրբեջանական կողմի իրականացվող անձնագրերի ստուգման գործողությանը՝ որը հայտնի է որպես «Օղակ» օպերացիա։ Այսպիսով, դա խորհրդային կենտրոնի մեծ թուլության և այս կամ այն կողմի հետ դաշնակցելու անհրաժեշտության հերթական դրսևորումն էր: Եվ շատ առումներով Ադրբեջանը Ռուսաստանի համար առավել տրամաբանական գործընկերն է։ Իհարկե, այն ավելի մեծ է, քան Հայաստանը, անմիջական սահման ունի Ռուսաստանի հետ, աշխարհաքաղաքական և աշխարհագրական առանցքային կապող կետն է Իրանի և Հարավային Ասիայի հետ։ Եվ, իհարկե, այն ավելի համահունչ է նաև իր ռեժիմի և օրենսդրական նախապատվությունների առումով։ Այսպիսով, կարծում եմ, որ անցյալ տարվա սեպտեմբերին տեղի ունեցածը կարելի է մեկնաբանել նաև որպես Ռուսաստանի կողմից այդ քաղաքականությունից հրաժարվելը և վերածվելը շահագրգիռ կողմի՝ Կովկասի, Ադրբեջանի միջով՝ Թուրքիայի ու Կենտրոնական Ասիա միջև եվրասիական կապի ավելի լայն գաղափարի գործընկերոջ: Եվ այսպես, այդ առումով ես կարծում եմ, որ դա Ռուսաստանի ազդեցության անկման դրամատիկ դրսևորումն է: Բայց ես կպնդեմ, որ սա շատ կառավարվող անկում է: Ռուսաստանն ավելի քան ունակ է հարմարվելու տարբեր հանգամանքներին։ Կարծում եմ, որ դա բավականին կտրուկ կերպով տարբերվում է արևմտյան անկումից, որը, ի տարբերություն դրան՝ կառավարվող չէ ու նույնիսկ չի էլ ճանաչվել:

«Բնական եմ համարում, որ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր հարաբերությունները»

Հրայր Թամրազյան․ - Հիմա խոսենք Հայաստանի ջանքերի մասին՝ դիվերսիֆիկացնելու իր արտաքին քաղաքականությունը՝ փորձելով սերտ կապեր կառուցել Եվրամիության, ԵՄ անդամ առանձին երկրների, ԱՄՆ-ի և նույնիսկ Մեծ Բրիտանիայի հետ: Բայց ի՞նչ եք կարծում, Հայաստանը ԵՄ դիտորդներին հրավիրե՞լ է Հայաստան, և ԵՄ-ն ընդլայնում է իր ներկայությունը տեղում: Ֆրանսիան օգնում է Հայաստանին սպառազինություն տրամադրելով, պաշտպանական կապեր են հաստատվում նաև ՆԱՏՕ-ի այլ անդամների, օրինակ՝ Հունաստանի հետ: Մեծ Բրիտանիայի հետ որոշ չճշտված պաշտպանական համագործակցության մասին է հայտարարվել։ Որքա՞ն հեռու կարող էր սա գնալ Ձեր կարծիքով:

Լորենս Բրոերս․ - Կարծում եմ, այն, ինչ մենք տեսնում ենք, բնական պատասխանն է ռազմական հզորության հսկայական ասիմետրիկությանը, որը ներկայումս առկա է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Արդյունավետ զսպող միջոց չկա: Մենք դա տեսել ենք 2021 թվականի մայիսին սահմանային սրացումների վերսկսումից ի վեր։ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, կարծում եմ, այս երեք տարիների ընթացքում առանձնանում է որպես ցածր կետ։ Այնպես որ, բնական եմ համարում, որ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր հարաբերությունները՝ փնտրելով նոր գործընկերներ։ Հետաքրքիրն այն է, որ այդ գործընկերներից շատերը հեռու են տարածաշրջանից: Այս իմաստով կան հարցեր, թե իրականում ինչ կարող են անել այս ուժերը: Կարծում եմ՝ այս հարցում տարբեր տեսակետներ կան: Դուք կարևորեցիք Միացյալ Թագավորությունը։ Անցյալ տարվա, եթե չեմ սխալվում, նոյեմբերի 13-ին Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև առաջին ռազմավարական երկխոսությունը կայացավ։ Եվ խոսվեց կառավարման, առևտրի ոլորտներում համագործակցության մասին, նշվեց նաև պաշտպանության ոլորտը։ Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է հստակ հասկանանք, թե իրականում ինչ է ներառված այնտեղ: Այն վերաբերում էր առաջնորդության դասընթացներին, անգլերեն լեզվի ուսուցմանը, ականների և ականազերծման իրազեկմանը և խաղաղապահությանը: Այնպես որ, անպայման չէ, որ դա կապ ունենա հարձակողական ռազմական կարողությունների հետ: Կարծում եմ, որ դա որոշակիորեն վերաբերում է նաև ֆրանսիական աջակցությանը, որը, ըստ հրապարակումների, վերաբերու է պաշտպանական սպառազինության համակարգերի ձեռքբերմանը։ Եվ դա նույնը կլինի, կարծում եմ, Եվրամիության Խաղաղության եվրոպական հիմնադրամի դեպքում: Դա կլինի ոչ մահաբեր տեսակի աջակցություն: Այնպես որ, ես կարծում եմ, որ դա կլինի երկար և շատ դժվար ճանապարհ որևէ տեսակի զսպման միջոցի վերականգնման համար: Կարծում եմ, որ դա պարզապես ավելացնում է ճնշումը, որպեսզի [կողմերի միջև] բանակցված համաձայնագիր ձեռք բերվի։

Հրայր Թամրազյան․ Ի՞նչ կասեք Հայաստանի պաշտպանունակության հզորացմանն աջակցելու Միացյալ Նահանգների ցանկության մասին։ Ի՞նչ եք տեսնում այնտեղ: Դրա հետևում իրական բան կա՞: Ի՞նչ եք կարծում։

Լորենս Բրոերս․- Դե, ես ռազմական գծով վերլուծաբան չեմ։ Այո՛, Միացյալ Նահանգները երկարաժամկետ շահեր ունի այն առումով, որ ակնհայտորեն այդ երկիրը մշտապես եղել է Մինսկի խմբի համանախագահ: Տարածաշրջանում ժողովրդավարությունների հանդեպ հանձնառության հարց կա: Բայց կարծում եմ, որ Միացյալ Նահանգների շահերը տարածաշրջանում երբեմն գերագնահատվում են: ԱՄՆ-ի առավել կենսական շահերը գտնվում են հարակից տարածաշրջաններում՝ Հարավային Կովկասից դուրս, և Հարավային Կովկասը Միացյալ Նահանգների համար կարևորվել է քաղաքականության այլ առաջնահերթությունների համատեքստում: Կարծում եմ, որ ինչ-որ առումով վերջին 30 տարիները բավականին անոմալ ժամանակաշրջան էին, երբ Արևմուտքը հետաքրքրված էր Հարավային Կովկասով: Ինչո՞ւ այդպես եղավ։ Սառը պատերազմի այդպիսի ավարտի, դրան անմիջապես հաջորդած ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմի պատճառով էր: Դա կապված է ՆԱՏՕ-ի և Եվրոպայի էներգետիկ անվտանգության հետ։ Բայց պարտադիր չէ, որ լինեն երկարաժամկետ կենսական շահեր: Այսպիսով, կարծում եմ, սա ցույց է տալիս, թե ինչու մենք տեսնում ենք, օրինակ, Ռուսաստանի նախագահի մեկնաբանությունը արտատարածաշրջանային ուժերի մասին, որոնք, ըստ նրա, տեղ չունեն Հարավային Կովկասում: Այսպիսով, կարծում եմ, հեշտ է չափազանցել հեռավոր արևմտյան տերությունների՝ Հարավային Կովկասի նկատմամբ հետաքրքրության աստիճանը: Ի վերջո, մեզ անհրաժեշտ են տարածաշրջանային կազմակերպություններ: Բայց ես կարծում եմ, որ որոշ հարթակներ, որոնք քննարկվել են, օրինակ՝ «3+3» հարթակը, չափից դուրս «վերևից ներքև» կառուցվածք ունեն և արմատավորված չեն «ներքևից վերև» ցանցային ռեգիոնալիզմի տրամաբանության մեջ, մի բան, որը, իմ կարծիքով, ի վերջո պետք է ապահովի տարածաշրջանի անվտանգությանը։

«Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի պաշտպանական բյուջեները ավելանում են, դա շատ մտահոգիչ է»

Հրայր Թամրազյան․ - Հայաստանը խորացնում է նաև պաշտպանական համագործակցությունը Հնդկաստանի հետ՝ ձեռք բերելով սպառազինության բարդ համակարգեր, հրթիռային կայաններ և հակաօդային պաշտպանության միջոցներ։ Սակայն, Ադրբեջանն էլ իր հերթին միլիարդավոր դոլարներ է հատկացնում Իսրայելից ավելի առաջադեմ սպառազինության համակարգեր ձեռք բերելու համար։ Այս ֆոնին, ի՞նչ եք կարծում, Հայաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության փոփոխությունները ներուժ ունե՞ն ազդելու և մեղմելու Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ներկայում նրա առջև ծառացած մարտահրավերները:

Լորենս Բրոերս․ - Կարծում եմ՝ Դուք իրավացի եք։ Ընդհանուր դինամիկան նման է երկու երկրների միջև սպառազինությունների մրցավազքի վերադարձին: Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի պաշտպանական բյուջեները ավելանում են։ Այնպես որ, այս առումով ես կարծում եմ, որ դա շատ մտահոգիչ է, և մենք տեսնում ենք տարաձայնությունների շարունակական կլաստերներ առանցքային հարցերի շուրջ՝ լինի դա հարավային տարանցիկ ճանապարհը՝ «Զանգեզուրի միջանցքը», միկրո օկուպացիաները, որոնք տեղի են ունեցել սահմանի երկայնքով վերջին երկու տարիներին ընթացքում, էքսկլավների հարցը և այլն։ Այնպես որ, այդ առումով, այո՛, կարծում եմ, որ դեռ շատ մտահոգիչ իրավիճակ է։ Կարծում եմ, որ իրական մտահոգություններ կան այն մասին, թե արդյոք այսօր բանակցվող համաձայնագիրը կարող է իրականում արդյունավետորեն լուծել այս բոլոր խնդիրները, և արդյոք այդ համաձայնագրում կարող է ստեղծվել վեճերի լուծման արդյունավետ մեխանիզմ: Իրականացման հարցում անխուսափելիորեն տարաձայնություններ կլինեն։ Ուստի անհրաժեշտ է, որ այդ վեճերը կարգավորելու մեխանիզմ լինի, որպեսզի մենք նորից չընկնենք էսկալացիաների և ավելի շատ սահմանային բռնությունների մեջ։

«ԵՄ-ն կարող է դառնալ փոփոխությունների շարժիչ ուժ»

Հրայր Թամրազյան․ - Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ ավերիչ ռազմական պարտությունից և ռազմական հզորության կորստից հետո, զուգորդված տարածաշրջանային շարունակվող վերադասավորումների հետ, Հայաստանը բախվում է անվտանգության ահռելի կարիքների՝ դիմակայելու իր հարևանների ռազմական սպառնալիքներին: Դուք հավատու՞մ եք, որ Եվրամիությունը կամ Միացյալ Նահանգները ի վիճակի՞ են էական ներդրում ունենալ Հայաստանի պաշտպանունակության բարձրացման գործում: Խոսքս միայն զենք ձեռք բերելու մասին չէ, ես խոսում եմ նաև մարտունակության մասին, օրինակ՝ ռազմական բարեփոխումների, ռազմական պատրաստության։ Եթե այո, ապա ի՞նչ կոնկրետ աջակցության ձևեր նրանք կարող են տրամադրել: Նկատի ունեմ, ի՞նչ ուղիներ եք տեսնում՝ բարելավելու Հայաստանի բանակը, որը հիմնականում պատրաստված է հին խորհրդային ռազմական ոճի հիման վրա:

Լորենս Բրոերս․ - Դե, ես անվտանգության ոլորտում բարեփոխումների մասնագետ չեմ։ Այնպես որ, կարող եմ կրկին պատասխանել միայն ամենաընդհանուր ձևով: Ակնհայտ է, որ եղել են տարբեր ծրագրեր, ինչպիսիք են «Գործընկերություն հանուն խաղաղության» և նմանատիպ ուսուցման և փոխանակման ծրագրեր, բայց իմ կարծիքը՝ առնվազն Եվրամիության հետ կապված՝ այն է, որ պարտադիր չէ, որ այն շրջանակ լինի, որը հատկապես օգտակար է անվտանգության ոլորտի բարեփոխումների համար, որպես այդպիսին: Եվրամիությունն առաջարկում է այլ ոլորտային համագործակցության, պետականաշինության և կառավարման ոլորտում բարեփոխումներին ուղղված տարբեր տեսակի ծրագրեր: Ինչպես գիտեք, ԵՄ-ն հանդես է գալիս միջնորդական նախաձեռնությամբ, և պետք է անցնի շատ նուրբ գծով՝ անաչառ լինելու, չեզոք լինելու համբավը պահպանելու համար: Ադրբեջանն իր դժգոհությունն է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման կապակցությամբ։ Սա մի օրինակ է, թե որքան նուրբ պետք է լինել հավասարակշռման այս գործողության մեջ: Բայց ես կարծում եմ, որ երկարաժամկետ հեռանկարում, իհարկե, Եվրամիությունը շատ բան ունի առաջարկելու տարբեր հարթություններում՝ կարողությունների զարգացման առումով: Հետաքրքիրն այն է նաև, որ այս առաջարկը քաղաքացիների շատ լայն շրջանակի է վերաբերում: Դա պարզապես վերնախավի համար առաջարկ չէ։ Կարծում եմ, որ այստեղ ԵՄ-ն տարբերվում է տարածաշրջանային տերությունների գործելակերպից, որտեղ գործարկների շուրջ համաձայնությունները ձեռք են բերվում «վերևից ներքև» տրամաբանությամբ ու հասարակ քաղաքացիների համար շատ առաջարկելու բան չի լինում: Այսպիսով, ես կարծում եմ, որ ԵՄ-ն կարող է դառնալ փոփոխությունների շարժիչ ուժ, բայց դա երկարաժամկետ և աստիճանական գործընթաց է:

Հրայր Թամրազյան․ - Այստեղ առաջանում է մյուս հարցը։ Մենք զգուշացումներ ենք լսում Բրյուսելից, Վաշինգտոնից՝ ուղղված Ադրբեջանի ղեկավարին՝ Հայաստան ներխուժելու և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» գրավելու փորձերի դեմ։ Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ են արդյունավետ այս կոչերն ու զգուշացումները։

Լորենս Բրոերս․ - Կկարևորեի այն փաստը, որ 2020 թվականից ի վեր մենք տեսել ենք բազմաթիվ էսկալացիաներ, սահմանային միջադեպեր և այլն: Ես կպնդեի, որ մենք գտնվում ենք երկարաժամկետ էսկալացիայի հետագծի 10-րդ տարում։ Եթե հիշում եք, 2014 թվականի ամառն էր, երբ մենք առաջին անգամ տեսանք բավականին լայնածավալ փոխհրաձգություններ այն ժամանակվա շփման գծում։ Կարծում եմ, որ էսկալացիան մի ռազմավարություն է, մի ռազմական ռազմավարություն, որը Ադրբեջանում համարվում է հաջողված, արդարացված: Բայց ես կարծում եմ, որ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի վրա հարձակումն առանձնանում է որպես մի տեսակ բացառություն, քանի որ դա իրականում հանգեցրեց այնպիսի արդյունքների, որոնցից Ադրբեջանը բավարարված չէր։ Շատ ավելի նկատելի էր դժգոհությունը առանցքային եվրոպական, հյուսիսամերիկյան պետությունների կողմից: Պայմանավորվածություն է եղել Հայաստանում ԵՄ առաքելություն տեղակայելու վերաբերյալ։ Եվ այսպես, կարծում եմ, այն, ինչ մենք տեսանք այնտեղ, այն է, որ երբ մի պետությունը հարձակվում է մյուսի վրա, միջազգային հանրությունից գալիս են տարբեր արձագանքներ, որոնք բոլորովին տարբերվում են այն դեպքերից, երբ պետությունը բռնություն է կիրառում սեփական բնակչության նկատմամբ: Այսպիսով, շատ էին շահարկումներն ու մտահոգությունները, որ առաջիկա ամիսներին Ադրբեջանը կարող էր ներխուժել Հայաստան: Եվ ես կարծում եմ, որ եթե կա մի բան, որ մենք սովորել ենք վերջին մի քանի տարիների ընթացքում, դա այն է, որ ամենավատ սցենարներին պետք է շատ լուրջ վերաբերվել: Բայց ես կհարցնեի, թե արդյոք դա իսկապես արժե: Արժե՞ արդյոք Ադրբեջանին ներքաշվել և խրվել այն բանի մեջ, որը կդիտվի որպես ներխուժում այլ պետություն: Դա Ադրբեջանին կնմանեցնի Ռուսաստանին, որը նույնն արեց Ուկրաինայի հետ: Ես դժվարանում եմ տեսնել ենթադրյալ օգուտներ նման ներխուժման պարագայում: Դա չի նշանակում, որ առաջիկա ամիսներին մենք չենք կարող տեսնել ավելի փոքրածավալ բռնություն կամ հարկադրանք: Շատ բան կախված է բանակցությունների ընթացքից։ Իսկ հարկադրական դիվանագիտությունը լայնորեն կիրառվել է, իհարկե, վերջին երեք տարիների ընթացքում։ Այնպես որ, այո, միջազգային պետական համակարգի ամբողջությունը հիմնված է սահմանների սրբության գաղափարի վրա։ Եվ այսպես, կարծում եմ, որ Ադրբեջանի ցանկացած անդրսահմանային գործողություն հակազդեցության կարժանանա։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG