ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ երևանյան այցից երկու շաբաթ անց պաշտոնական Երևանը չի շտապում հայտնել՝ միացե՞լ են արդյոք կազմակերպության ընդունած որոշումներին:
Իմանգալի Տասմագամբետովը Երևան էր ժամանել Մինսկում ՀԱԿՊ խորհրդի նիստից մեկ ամիս հետո՝ իր հետ բերելով ընդունված փաստաթղթերի փաթեթը, որպեսզի հայկական կողմը միանա դրանց: Արտաքին գործերի նախարարությունը, սակայն, հրապարակային դիրքորոշում այդ օրերին չէր հայտնել: Ավելի վաղ միայն նշել էին, թե կդիտարկեն փաստաթղթերին միանալու հարցը:
«Ազատություն»-ն այսօր Արտաքին գործերի նախարարությունից հետաքրքրվեց՝ փաթեթին ծանոթանալուց հետո արդյոք Երևանը միացել է դրանց, գերատեսչությունից միայն փոխանցեցին, թե այս պահին լրացուցիչ մեկնաբանություն չունեն: Երևանի որոշման վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել ՀԱԿՊ-ից, սակայն կառույցից փոխանցեցին՝ աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 9-ից: Մինչ այդ որևէ իրավասու պաշտոնյա, ասացին՝ չի աշխատում:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն անցած շաբաթ Իրանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում ՀԱՊԿ-ի մասին հարցն անպատասխան էր թողել։ Փոխարենը խորհրդարանի խոսնակն էր ներկայացրել Հայաստանի մոտեցումը:
«Մենք որևիցե ձևով գործունեությունը տորպեդահարելու նպատակ չունենք: Այն պարագայում, երբ որ դա կհակասի Հայաստանի Հանրապետության շահերին, ոչ, չեն ստորագրվի», - ասել է Ալեն Սիմոնյանը:
Փաթեթը, որին միանալ-չմիանալու վերաբերյալ Հայաստանը չի շտապում դիրքորոշում հայտնել, ընդունվել է նոյեմբերի 22-ին Մինսկում: Այդ հավաքը հայաստանցի պաշտոնյաները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բոյկոտել էին: ՀԱՊԿ խորհուրդն իրավունք ունի որոշումներ կայացնել նաև սահմանափակ ձևաչափով, եթե որևէ մեկը դեմ չէ այդ ընթացակարգին:
Հայաստանի իշխանությունները գերադասում են չայրել կմուրջները ՀԱՊԿ-ի հետ համագործակցության հարցում. քաղաքական մեկնաբան
Հայաստանի իշխանությունը թեև հրապարակային քննադատում է Մոսկվային առաջնորդած կառույցը, սակայն քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով, կամուրջները վերջնական այրել դեռ չի շտապում: Իրավիճակը, ըստ վերլուծաբանի, կփոխվի, եթե հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր ստորագրվի:
«Այդ դեպքում Հայաստանn ավելի կոշտ դիրքորոշում կարտահայտի ՀԱՊԿ-ի նկատմամբ, բայց քանի որ Ադրբեջանը հակառակը՝ գնալով ավելի ու ավելի կոշտ պահանջներ է ներկայացնում Հայաստանին, այսինքն, հասկանալի է դառնում, որ խաղաղությունը կամ խաղաղության դարաշրջանի բացումը պատրանքային է, այնքան էլ իրատեսական չէ, Հայաստանի իշխանությունները շատ զգուշավոր են ու գերադասում են չայրել կմուրջները ՀԱՊԿ-ի հետ համագործակցության հարցում», - նշեց Բաղդասարյանը:
Մոտ 32 տարի է՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Ռազմական այդ կառույցին Երևանն առաջին անգամ պաշտոնապես դիմեց 44-օրյա պատերազմից հետո, երբ ադրբեջանական զինուժը հարձակվեց և օկուպացրեց հայկական տարածքներ: Կազմակերպությունը, սակայն, ոչ միայն ռազմական աջակցություն չտրամադրեց Հայաստանին, այլ նաև՝ քաղաքական գնահատական չտվեց Բաքվի գործողություններին:
Դրանից հետո հայաստանցի պաշտոնյաները սուր քննադատության են ենթարկում այն, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մոտ մեկուկես տարի առաջ պնդում էր, թե ՀԱՊԿ-ը տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման կարևորագույն գործոն է, այժմ մեղադրում է կառույցին պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար:
Հենց այս ֆոնին էլ չեն դադարում քննարկումները, թե Հայաստանը փոխում է արտաքին քաղաքական վեկտորը: Եվ չնայած իշխանության պնդումներին, թե վեկտորի փոփոխության հարց չկա, Արմեն Բաղդասարյանը հակադարձում է՝ իշխանությունը այդ որոշումն արդեն կայացրել է:
«Հայաստանն ակնկալում է ավելի կոնկրետ, ավելի առարկայական աջակցություն արևմուտքից և այդ դեպքում կարող է ավելի կոշտացնել արդեն հրապարակային և ավելի վճռական քայլերի գալ ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի սրելու ու վերջնական նպատակ ունենալով ընդհանարապես հարաբերությունները խզելու», - ասաց քաղաքական մեկնաբանը:
Օրերս էլ Հայաստանում Ռուսաստանի դեսպանն էր Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել՝ չնայած վարչապետ Փաշինյանի հավաստիացումներին՝ տեսնում են, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը շատ լրջորեն ճշգրտվում է, վերաձևակերպվում: