Ավելի քան յոթ ամսվա բոյկոտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում մասնակցում է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, որն այս րոպեներին ընթանում է: Հայաստանի կառավարությունն այցից դեռ մանրամասներ չի հաղորդում: Մինչդեռ Պուտինի մամուլի խոսնակը լրագրողներին արդեն ասել է՝ Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը նիստի շրջանակում շփվելու հնարավորություն կունենան։
«Նրանք հիանալի հնարավորություն կունենան շփվել համաժողովի ընթացքում և առաջիկա միջոցառումների շրջանակներում», - ընդգծել է Դմիտրի Պեսկովը: Տեղի ունեցել է արդյոք երկու երկրների ղեկավարների առանձնազրույց, թե ոչ՝ դեռ չի հաղորդվում:
Հունիսին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո վարչապետը չի մասնակցել հոկտեմբերին Բիշքեկում ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհուրդների նիստերին, իսկ նոյեմբերի վերջին բոյկոտել է նաև Մինսկում անցկացված ՀԱՊԿ խորհրդի նիստը:
Թե ինչու այս ամիսների դժգոհությունների, ինչպես նաև Մոսկվային և ՀԱՊԿ-ին ուղղված քննադատությունների ֆոնին վարչապետը որոշեց ի վերջո մեկնել Սանկտ Պետերբուրգ, Կառավարությունը չի պարզաբանել։ Ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր ասել, թե Հայաստանը ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում պետք է ակտիվ լինի:
«ԱՊՀ-ի մասով մենք կարող է և պետք է ակտիվ լինենք, որովհետև դա նաև համագործակցության մի հարթակ է, որը որ մեր պետությանը օգուտ է տալիս: Ինչպես նաև տնտեսական՝ ԵԱՏՄ-ի հետ կապված, մենք նույն տնտեսական գոտում ենք, և մեր տնտեսությունը բավականին փոխկապված է այդ երկրների տնտեսության հետ», - հայտարարել էր Ալեն Սիմոնյանը:
Հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները, նրանց թվում՝ Փաշինյանը, տևական ժամանակ է՝ հրաժարվում էին մասնակցել Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերին: Պատճառը ռազմավարական դաշնակցից և ՀԱՊԿ-ից ունեցած դժգոհություններն են: Այդուհանդերձ, պաշտոնական Երևանը ոչ միայն տնտեսական , այլ նաև ռազմական դաշինքը լքելու մտադրություն չունի:
Օրերս էլ Ռուսաստանի նախագահն էր հայտարարել՝ չի կարծում, թե Հայաստանի շահերից է բխում ԱՊՀ-ին, ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելը:
Արդյոք Փաշինյանի այս այցը առիթ կդառնա հարթելու վերջին ամիսների տարաձայնություններն ու լարվածությունը, պարզ չէ: Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ գնդակը Ռուսաստանի դաշտում է, բայց քաղաքական խնդիրների մասին, ըստ վերլուծաբանի, Փաշինյանը պետք է բարձրաձայնի:
«Չի կարելի տնտեսական առումով ներգրավված լինել մի կառույցում, իսկ անվտանգային խնդիրների լուծումը տեսնել անվտանգային այլ համակարգում, այդպես չի լինում: Այսինքն՝ հնարավոր չէր նստել միաժամանակ երկու աթոռների վրա: Հայաստանը մինչև հիմա մի քանի անգամ այդպիսի քայլեր արել է, և արդյունքները եղել են աղետաբեր: Նիկոլ Փաշինյանը, կարծում եմ, պիտի համարձակություն ունենա և բարձրաձայնի այն առաջին հերթին անվտանգային խնդիրները, որոնց պատճառով Հայաստանը փոխում է իր արտաքին անվտանգային վեկտորը, կամ փորձում է փոխել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը:
ԵԱՏՄ-ում այսօր ամփոփվեցին Ռուսաստանի նախագահության արդյունքները։ 2024-ից այդ լիազորություններն անցնում են Հայաստանին։ Այսօր նիստի շրջանակում ստորագրվել է ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիր:
Սանկտ Պետերբուրգում վաղը նախատեսված է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որի կմասնակցի նաև Հայաստանի վարչապետը: Ավանդական այս ձևաչափը, ըստ Կրեմլի, մյուս երկրների ղեկավարների հետ շփումների լավ առիթ է։ Կօգտագործի՞ արդյոք Հայաստանի վարչապետը այս հարթակը գործընկերների հետ ՀԱՊԿ-ից, նաև Մոսկվայից ունեցած անթաքույց դժգոհությունները դեմ առ դեմ քննարկելու համար, պարզ չէ։
ԱՊՀ անդամ է նաև Ադրբեջանը։ Փաշինյան-Ալիև հնարավոր շփման մասին ևս տեղեկություն չկա, բայց Կրեմլի խոսնակն այսօր այդ հարցին անդրադառնալիս ասել է՝ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում բոլորը կարող են շփվել։