Մատչելիության հղումներ

Կրեմլն ափսոսում է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայության համար


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանն ափսոսում է Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայության համար և հույս ունի, որ Երևանը չի փոխի արտաքին վեկտորն ու կմնա Մոսկվայի դաշնակիցը: Այդ մասին այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Այս կապակցությամբ մենք կարող ենք ափսոսանք հայտնել, ՀԱՊԿ-ը շարունակում է իր աշխատանքը», - նշել է Պեսկովը "Россия-1" հեռուստակայանի թղթակից Պավել Զարուբինի հետ զրույցում։

Պեսկովի խոսքով՝ գագաթնաժողովի օրակարգում եղել է «այսպես կոչված հայկական գործոնը», և այդ հարցի շուրջ մտքերի փոխանակում է տեղի ունեցել։

«Իհարկե, ՀԱՊԿ-ը շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի իր մասնակցությունը, հուսով ենք, որ Հայաստանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը, Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մեր ռազմավարական գործընկերը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության առումով: Մենք շարունակելու ենք Հայաստանի հետ գործակցությունը», - նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը:

Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի ունեցավ կազմակերպության և Հայաստանի միջև հարաբերությունների վատթարացման պայմաններում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ՀԱՊԿ-ին մեղադրել է 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին Բաքվի հետ բախումների ժամանակ Երևանին օգնություն չցուցաբերելու մեջ։

Երևանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնություն ցույց տալու հարցն, իսկ ինքը՝ Փաշինյանը, Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է, որ չի մեկնի Մինսկ։

Գագաթնաժողովից առաջ ՀԱՊԿ միջոցառումներին չեն ներկայացել նաև Հայաստանի ԱԳՆ և ՊՆ ղեկավարներն ու ԱԽ քարտուղարը:

Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ տեղեկացրել է, որ չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին։

Ավելի վաղ Հայաստանը հետ է կանչել ՀԱՊԿ-ում իր դեսպանին և նոր ներկայացուցիչ չի նշանակել:

Միաժամանակ, պաշտոնական Երևանը նշում է, որ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից հեռանալու խնդիր օրակարգում չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG