Մատչելիության հղումներ

Գյումրիում նախկին գործընկերներ «Քաղաքացիական պայմանագրի» ու «Բալասանյան դաշինքի» միջև լարվածությունը խորանում է


Գյումրիի ավագանու նիստը, 29-ը դեկտեմբերի, 2023թ.
Գյումրիի ավագանու նիստը, 29-ը դեկտեմբերի, 2023թ.

«Բալասանյան դաշինքի» ու «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքական ապահարզանից շաբաթներ անց ՔՊ-ն երեկ Գյումրիում տապալեց քաղաքի հաջորդ տարվա բյուջեի ընդունումը, ժամեր անց էլ հայտնի դարձավ, որ ընդամենը չորս ամսվա պաշտոնավարումից հետո Իրաքից հետ է կանչվել նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ դեսպան Միսակ Բալասանյանը:

Մի քանի շաբաթ առաջ հենց Միսակ Բալասանյանն էր ուղեկցում Հայաստան այցելած Իրաքի նախագահին, ով նաև Գյումրի էր եկել։

Արտաքին գերատեսչությունից այսօր չհաջողվեց պարզաբանում ստանալ, թե ինչու այդքան կարճ տևեց դեսպանի պաշտոնավարումը, լուռ են նաև Բալասանյանները և նրանց թիմակիցները։

ՔՊ-ն դեկտեմբերի սկզբին «Բալասանյան դաշինքի» հետ կոալիցիոն հուշագիրը խզեց՝ պատճառաբանելով, թե քաղաքապետարանում ստվերային կառավարում կա։

Գյումրեցի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանին «Ազատություն»-ը հարցրեց՝ արդյո՞ք իրենց մատնանշած ստվերային կառավարիչների մեջ Միսակ Բալասանյանի անունը կա։

«Միսակ Բալասանյանը իրենց, որքան ես տեղեկացված եմ, «Բալասանյան դաշինքի» քաղաքական, էսպես ասած, պատասխանատու մարդն է և իրենց քաղաքական թիմն է ներկայացնում, շատ հավանական է, որ կլինի, իմ կարծիքով», - ասաց Սարուխանյանը:

Գյումրիում լուրեր էին շրջանառվում, որ դիվանագիտական փորձ չունեցող Բալասանյանի նշանակումը քաղաքական առևտրի արդյունքում է եղել, մասնավորապես՝ դրա դիմաց ամռանը Ախուրյան խոշորացված համայնքում Բալասանյանների հորդորով ավագանու որոշ անդամներ միացան ՔՊ-ին՝ նրան հնարավորություն տալով այնտեղ իշխանություն ստանալ։ Արդյոք եղե՞լ է նման պայմանավորվածություն, «Ազատություն»-ը հարցրեց ՔՊ-ական պատգամավորին։

«Նման պայմանավորվածություն որպես այդպիսին չի եղել: Դեսպանի նշանակման ընդհանուր նախապատմության և այլնի, էդ ամեն ինչի՝ ես տեղյակ չեմ, թե ոնց է եղել: Իսկ Ախուրյանում ոչ միայն մենք, այսպես ասեմ, պաշտոնապես՝ որպես այդպիսին, «Բալասանյան դաշինքի» հետ պայմանավորվածություն ունեցել ենք էլի լոկալ մակարդակում, քանի որ ավագանու անդամներ եղել են, ովքեր որ սերտ հարաբերություններ են ունեցել մեր Ախուրյան համայնքի ղեկավարի հետ և նաև մեր մյուս գործընկերների հետ, էդպես համատեղ պայմանավորվածություն է եղել: Այլ՝ որպես այդպիսին պաշտոնական մաս, որը հրապարակման ենթակա է, նման պաշտոնական մաս մենք չենք ունեցել», - պատասխանեց Կարեն Սարուխանյանը:

Շիրակի մարզում տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններից հետո միայն Արթիկում ու Աշոցքում էր, որ Հայաստանում իշխող կուսակցությունը կարողացավ առաջին փորձից իշխանություն ձևավորել, Անիում՝ արտահերթ ընտրությունների արդյունքում, Ախուրյանում էլ՝ հակառակ թիմից երկու անդամների իրենց կողմը ներգրավելու միջոցով։ Արդյո՞ք Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում էլ է նույնը սպասվում. իշխող կուսակցության՝ «Բալասանյան դաշինքի» հետ համագործակցությունը դադարեցնելուց հետո այս հարցն է ամենաշատը հնչում։

Շիրակի ՔՊ-ական մարզպետ Մուշեղ Մուրադյանն ասում է՝ Գյումրիում իրենց կուսակցությունը հիմա փաստացի ընդդիմություն է, ՔՊ-ին միանալու համար պարտադրանքը բացառում են, բայց դեմ չեն լինի, եթե իրենց միացողներ լինեն։

«Մեզ միանալու հարցերը՝ մեզ քանի մանդատ է անհրաժեշտ, ինչպես կլինի, էս ամբողջը մեկ սկզբունք ունի՝ մենք պետք է մեր աշխատանքով, մեր սկզբունքներով, մեր, ի շահ քաղաքի, ի շահ մեր քաղաքի բնակչի, կատարված աշխատանքի արդյունքում եթե մեզ միացողներ լինեն, պետք է լինեն էս միտումներից, էս կատարած աշխատանքից դրդված՝ որ տեսեք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցանկացած ծրագրեր, նախաձեռնություններ, բոլոր գործողությունները միտված են ի շահ քաղաքի բնակչի և ի շահ քաղաքի զարգացման: Ի վերջո սա Գյումրին է», - հայտարարեց մարզպետը:

Թե որքան ժամանակ ՔՊ-ն Գյումրիում ընդդիմություն կմնա, առայժմ պարզ չէ։ Նախկին գործընկեր երկու քաղաքական թիմերի միջև լարվածությունը գնալով խորանում է։ Ի՞նչ հարաբերություններ ունեն մարզպետն ու նախկին ազդեցիկ քաղաքապետ Բալասանյանի ազգական, Գյումրիի գործող քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

«Որպես ես՝ Շիրակի մարզպետ, ինքը՝ Գյումրու քաղաքապետ, համայնքապետ՝ էս մասով աշխատանքային հարաբերությունների շրջանակում», - նշեց Մուրադյանը:

Արդյո՞ք լարված հարաբերությունների հետևանքով չի տուժի Գյումրին. - «Գյումրի քաղաքը չի տուժի, որովհետև մեր ավագանին լինելով ընդդիմություն՝ իր բոլոր նախաձեռնությունները ի շահ քաղաքի են»:

Մարզպետը չի ընդունում մեղադրանքները, թե ՔՊ-ն ամեն կերպ փորձում է իշխանություն վերցնել. - «Էն համայնքներում, որտեղ իշխանություն չենք, սիրով մենք մեր աշխատանքն ենք կատարում: ՔՊ-ն երբևէ իշխանությունից կառչած չի եղել»:

Լուրեր կան, որ ՔՊ-ն պատրաստվում է նաև Ամասիայում իշխանությունը վերցնել։ Մարզպետը չակերտներ չբացեց, բայց ասաց. - «Ամասիայի մասով՝ այս պահին ես դեռ հայտարարություն չեմ ուզում անել, բայց Ամասիայում ամեն ինչ լինելու է լավը, էս մեկը կարող եմ ասել»:

ՔՊ-ն թեև երկու տարի առաջ Ամասիայում ընտրությունների արդյունքում ավագանի անցել էր, բայց իշխանություն չէր ստացել, ընտրություններից կարճ ժամանակ անց բոլորը մանդատները վայր էին դրել։

XS
SM
MD
LG