Ո՞վ է Գյումրիի ստվերային կառավարիչը, և արդյոք նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին նկատի ունեին, երբ անցած շաբաթ միակողմանիորեն դադարեցրին կոալիցիոն համագործակցությունը իշխող «Բալասանյան դաշինքի» հետ։ Երկու տարի այդ դաշինքի հետ իշխանություն կիսած «Քաղաքացիական պայմանագիրը» իր անսպասելի հայտարարությունից օրեր անց էլ խուսափում է անուններ տալուց։
«Ես հիմա զերծ կմնամ անուններ հիշատակելուց և խնդրում եմ բավարարվել այն հանգամանքով, որ արտաքին ուժերի միաջմտություն քաղաքապետարանում կառավարման ոլորտում, այնուամենայնիվ, առկա է», - ասաց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն այսօր հրավիրած ասուլիսում։
Արդյո՞ք այս քայլով ՔՊ-ն ընդդիմություն է դառնում, ասացին. - «Մենք լինելու ենք այն դաշտում, որը թույլ է տալիս 11 ավագանու մանդատը, մենք մեր մանդատի ուժով ենք աշխատելու»։
Երկու տարի առաջ կայացած ընտրություններում «Բալասանյան դաշինքը» ամենաշատ ձայներն էր ստացել, բայց ոչ այնքան, որ միայնակ իշխանություն ձևավորեր, այն ի վերջո ՔՊ-ի հետ կոալիցա կազմեց։ ՔՊ-ն այժմ պնդում է՝ հուշագիրը մնացել է թղթի վրա, այդ պատճառով էլ իր երկու փոխքաղաքապետերը հրաժարական են տվել։ Ըստ խմբակցության՝ համայնքապետարանում պաշտոններ ստացած իրենց կուսակիցները «Բալասանյան դաշինքի» հետ խնդիրներ են ունեցել՝ փաստաթղթեր չեն տրամադրվել, այդ թվում՝ ֆինանսական։ Այդ դեպքում արդյո՞ք պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին, Քնարիկ Հարությունյանն ասաց. - «Մեր հայտարարությունը բաց է, բաց փաստաթուղթ է, որը տեղադրված է, և եթե իրավապահ մարմինները կգտնեն, որ մեր ներկայացրած փաստաթղթի մեջ կան իրողություններ, որոնք պետք է հատուկ ուսումնասիրության ենթարկել, կարծում եմ՝ դա իրենց գործն է, և իրենց է վերապահված այդ լիազորությունը»։
ՔՊ-ի փոխարեն դատախազություն այսօր դիմել է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյան՝ խնդրելով ուսումնասիրել կուսակցության այն պնդումը, թե Գյումրիի համայնքապետարանը չի կառավարվում Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, և քաղաքում ստվերային կառավարում կա։ Իսկ «Բալասանյան դաշինքը» և գործող քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, որ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ազգականն է, շարունակում են չարձագանքել ՔՊ-ի մեղադրանքներին։ Այսօր էլ «Ազատությանը» միայն փոխանցեցին, թե առաջիկայում պարզաբանում կտան, երբ և ինչ ձևաչափով, դեռ պարզ չէ։
ՔՊ-ի անցած շաբաթվա հայտարարությունից հետո ընտրական գործընթացներին հետևող փորձագետները կարծիք հայտնեցին, թե Գյումրիում երկու տարի առաջ մեծամասնություն չստացած կուսակցությունը Ալավերդիի օրինակով Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում ևս փորձում է իշխանության գալ։ Կկրկնե՞ն Ալավերդիի օրինակը՝ կփորձե՞ն քաղաքական այլ ուժերին ու հենց «Բալասանյան դաշինքից» ավագանու անդամներ իրենց կողմը ներգրավել, Քնարիկ Հարությունյանն ասաց՝ իրենք մեծությամբ երկրորդ քաղաքում իշխանությունը զավթելու մտադրություն չունեն, իրենց մանդատներն էլ բավարար չեն քաղաքապետին անվստահություն հայտնելու համար։
«Ալավերդիի օրինակը քանի որ ամենաթարմն է, նշեմ, որ ի սկզբանե և «Ապրելու երկիրը», և «Քաղաքացիական պայմանագիրն» ունեցել են 13-ական մանդատ, հետո մեկ մանդատ ՀԱԿ-ն ուներ, միացավ «Ապրելու երկրին», և իրենց ձևավորեցին մեծամասնություն, հետո «Ապրելու երկրից» մի ավագանի դուրս է եկել ու միացել է մեզ, և այստեղ զուտ տեղի է ունեցել քաղաքական օրինական պրոցես։ Մեր դեպքում դա ռեալ չեմ համարում, որովհետև մենք չունենք մեծամասնություն, ունենք 11 մանդատ և 11 մանդատով իմպիչմենթի հարց առաջ քաշելը կարծում եմ...»,- շեշտեց խմբակցության ղեկավարը։
Նաև վստահեցրեց՝ ոչ իրենց միանալու առաջարկներ են եղել, ոչ էլ իրենք են մյուսներին նման առաջարկ արել։ Ավագանու մյուս խխմբակցությունները դեռ դիրքորոշում չեն հայտնում՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու դեպքում ինչպես կքվեարկեն։
Իսկ թե ինչու միայն 2 տարի անց որոշեցին խզել պայմանագիրը, «Ազատությունը» հենց համայնքապետի հետ քաղաքապետարանում աշխատած արդեն նախկին երկու տեղակալներին հարցրեց։
Արթուր Պապիկյանը երկու տարի է համայնքապետի տեղակալ էր, իսկ Վահագան Մկրտչյանը մի քանի ամիս առաջ էր պաշտոնը ստանձնել. - «Մենք իշխանություն ենք, բայց քաղաքապետարանն ինստիտուցիոնալ կառավարում է, ունենք քաղաքապետ, որոշումները երկու տեսակ են լինում՝ կամ քաղաքապետի, կամ ավագանու, այսինքն՝ մենք մեր գործառույթները իրականացրել ենք, մենք մեր բաժինները համակարգել ենք»։
«Դա եղել է համակարգային մոտեցում, ընդհանրական կարծիք մեր խմբակցության և կուսակցության կողմից, և եթե մենք այս որոշումը կայացնեինք մեկ տարի կամ մի ամիս հետո, իմ կարծիքով՝ այդ հարցադրումը կրկնվելու էր»։
Ավագանիում 11 մանդատ ունեցող ՔՊ-ն «Բալասանյան դաշինքի» հետ հուշագիրը խզելուց հետո դառնում է ընդդիմություն;