Մատչելիության հղումներ

Հայաստանում իշխող քաղաքական ուժը համայնքներում ընդդիմադիր լինելու հետ չի հաշտվում. Լևոն Բարսեղյան


Ալավերդիում երեկ իշխանությունը իր ձեռքը վերցնելուց հետո «Քաղաքացիական պայմանագիրն» այսօր էլ հայտարարեց, թե Գյումրիում միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինքի» հետ ստորագրած համագործակցության հուշագիրը։ ՔՊ-ական երկու փոխքաղաքապետերը առաջիկայում հրաժարական կտան։

Կուսակցությունից պնդում են՝ Գյումրին չի կառավարվում Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, «քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում», ինչն անարդյունավետ է դարձնում թե քաղաքապետարանի գործունեությունը, և թե «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում:

Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը, ովքեր են ստվերային կառավարիչները, արդյոք ՔՊ-ն պատրաստվո՞ւմ է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին ևս անվստահություն հայտնել ու իր թեկնածուին առաջադրել, ինչպես արեցին երեկ Ալավերիդում. այս հարցերը դեռ պատասխաններ չունեն։ Հայտարարում են, որ առաջիկա քայլերի մասին կխոսեն դեկտեմբերի 11-ի ասուլիսում։

«Այն, ինչը գրված է ռելիզում, դա կարող եք վերցնել, դրանից ավելի մեր խմբակցությունն ասուլիս է հրավիրել, կխնդրեմ ասուլիսի ժամանակ հարցերը տալ, ու ավելի մանրամասն պատասխանները կլինեն», - ասաց իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Գյումրիի կառավարումը ՔՊ-ի հետ կիսած «Բալասանյան դաշինքը», որն ընտրություններում ամենաշատ ձայներն էր ստացել, բայց ոչ այնքան, որ միայնակ իշխանություն ձևավորեր, ևս լուռ է։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանն «Ազատությանը» միայն ասաց, թե «Բալասանյան դաշինքը» առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ։

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ասում է՝ այն, ինչ երեկ տեղի ունեցավ Ալավերդիում, վկայում է, որ Հայաստանում իշխող քաղաքական ուժը համայնքներում ընդդիմադիր լինելու հետ չի հաշտվում։ Գյումրիի պարագայում, երբ 11 մանդատ ունի ՔՊ-ն, դժվար կլինի կոալիցիայով իշխանության գալ, մնում է հենց «Բալասանյան դաշինքից» որոշ անդամների իրենցով անել, ինչպես մի քանի համայնքներում եղավ։

«Եթե, իհարկե, ճնշումներով մանդատներից հրաժարվելու գործընթաց չգործադրվի, խոստումներով, ճնշումներով, շանտաժով և հնարավոր քաղաքական կաշառքով։ Բոլորը աչքի առաջ պետք է ունենան երեկվա Ալավերդու զարգացումները», - ասաց նա։

Կոլաիցիա կազմելու համար վճռորոշ կլինի 4 մանդատ ունեցող «Զարթոնք» դաշինքի դիրքորոշումը։ Խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանն ասում է՝ հուշագիրը խզելուց հետո շատ հարցեր դեռ պատասխաններ չունեն. -«Իշխանությունը պարտավոր է նաև գյումրեցու շահը, այսինքն՝ Գյումրու համայնքապետարանին օդի մեջ չթողնելու իրագործող գործողություններ տանի՝ ուղղակի, թե անուղղակի, այսինքն՝ հո միայն խզել, գնալով չի, պիտի հնարավորություն տրվի, թե այստեղ ինչ պիտի արվի՝ նոր ընտրություններ, նոր կոլացիաներ»։

Վարդևան Հակոբյանը չի բացառում, որ կոլաիցիա կկազմի, բայց առայժմ պարզ չէ քաղաքական որ ուժի հետ։

Ավագանու մյուս՝ «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն ասաց, որ այս պահին որևէ մեկնաբանություն չունի, նույնը փոխանցեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը. - «Իմ կարծիքով՝ իշխանությունները կառուցողական քայլեր իրականացնելու փոխարեն ապակայունացնում են իրավիճակը համայնքներում, և ստացվում է, որ եթե համայնքի ղեկավարը ՔՊ անդամ չէ, արդեն իսկ ընտրվելու իրավունքից զրկվում է»։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հղում
XS
SM
MD
LG