Մատչելիության հղումներ

Գյումրիի բնակիչներն են տվել մանդատը, նրանք էլ պետք է հետ վերցնեն այն. քաղաքապետ


«Քաղաքացիական պայմանագիր» - «Բալասանայն դաշինք» կոալիցիոն հուշագիրը խզելուց հետո Գյումրու ավագանու առաջին նիստն այսօր բավականin թեժ անցավ։ Ընդդիմադիր դարձած ՔՊ-ն ամենաշատ քվե ստացած «Բալասանյան դաշինքին» մեղադրում է արտաքին ուժերի կողմից ստվերային կառավարման մեջ։

«Բալասանյան դաշինքն» ի պատասխան իր հայտարարության մեջ զարմանք էր հայտնել՝ նշելով, որ ընտրողների քվեն թիմին է տրվել, և ըստ 14 մանդատ ունեցող ուժի հայտարարության՝ դա արդեն իսկ ենթադրում է, որ սկզբունքային որոշ որոշումներ կարող են կայացվել թիմային քննարկումների արդյունքում, ինչը չի հակասում Հայաստանի օրենսդրությանը:

«Մենք արդեն գրավոր տվել ենք», - ի պատասխան «Ազատության» հարցին, թե ով է ստվերային կառավարիչը, ասաց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Հայտարարության մեջ, ըստ էության, ոչ հերքում, ոչ էլ հաստատում են, որ ստվերային կառավարում կա՝ անվանելով այն թիմային որոշում։ Իսկ հրաժարական կտա՞, թե՞ ոչ` ասաց. - «Մեր քաղաքի բնակիչներն են տվել մանդատը, քաղաքի բնակիչները պետք է հետ վերցնեն մանդատը»։

ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը մինչդեռ պնդում է, որ ստվերային կառավարումը ոչ թե համայնքապետարանի ներսում է, այլ արտաքին միջամտությամբ։ Իսկ անուններ կհնչեցնե՞ն, եթե Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահի դատախազություն հանցագործության մասին ներկայացրած դիմումին ընթացք տրվի, Քնարիկ Հարությունյանն արձագանքեց. - «Բոլոր հանգամանքները պարզելու համար եթե մեզ հրավիրեն, օրինակ, ցուցմունք տալու, մենք իրենց հարցերի տրամաբանության մեջ կփորձենք պատասխանել իրենց հուզող հարցերին»։

Հուշագիրը խզելուց հետո քաղաքապետի 2 ՔՊ-ական տեղակալներն ու համայնքապետարանում տարբեր պաշտոններ զբաղեցնող ընդհանուր 36 հոգի դուրս են եկել աշխատանքից։ Պարտադրանք չի եղել, ասում է Հարությունյանը. - «Իրենք են ցանկություն հայտնել չշարունակելու աշխատանքը էլի թիմի տրամաբանության մեջ»։

Այդ նույն թիմի տրամաբանությամբ «Բալասանյան դաշինքն» է հիմանվորում կառավարման իր մոդելը, որը ստվերային չի համարում։ Հարությունյանը հակադարձում է՝ վերջիններս համայնքապետարանի ներսից չեն եղել։

«Նրանք, որոնք մասնակցել են որոշումների կայացմանը, հստակ ունեցել են կարգավիճակ և իրենց կարգավիճակից ելնելով են մասնակցել այս կամ այն որոշման ընդունմանը։ «Բալասանյան դաշինքի» պարագայում մենք այդպիսի մոտեցում չենք տեսել, այսինքն՝ ի պաշտոնե որոշումները չեն կայացվել, և մեր հուշագրի խզման պատճառը և նաև թեզը, որը մենք նշել էինք մեր նախնական տեսքտում, հենց դա է՝ ստվերային կառավարումը», - նկատեց նա։

Կուալիցոն հուշագիրը խզելուց ու քաղաքական երկու ուժերի մեկնաբանություններից հետո ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը ասում է՝ ավելի շատ հարցեր առաջ եկան։ Ավագանուն առաջարկել էր հրատապ քննարկում անցկացնել, ավագանու անդամների 11 ստորագրություն էր պետք, միայն ՀՀԿ-ն էր միացել 2 ստորագրությամբ։

Մալխայանն ասում է՝ այս պահին քաղաքական որևէ ուժի հետ համագործակցելու մասին առաջարկներ չկան, ՔՊ-ի հետ բացառում է, իսկ «Բալասանյան դաշինքի» մասին ասաց. - «Օրակարգում նման հարց չկա։ Չենք էլ քննարկել»։

Կոալիցիոն հուշագրի խզմամբ, ըստ Մալխասյանի, ստվերային կառավարաման հարցը չլուծվեց։ Գտնում է, որ «Քաղաքացիական պայմանագրի» հայտարարությանը պետք է իրավական գնահատական տրվի։ Նույն կարծիքին է նաև «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը. - «Քաղաքական առումով ստվերային կառավարում բառը ես գտնում եմ անիմաստ, չկա նման բան։ Ես այստեղ կարող եմ դիտարկել՝ ինչպես նաև իրավապահ մարմինների նախկին աշխատակից, ստվերային բառը գիտեք՝ ինչ ձևով կարող է լինել, որ ասենք՝ քաղաքապետի վրա առերևույթ հանցավոր ճնշումներ կարող են եղած լինել, օրինակ եմ ասում, որ այս կամ այն որոշմանը, ինքը ապօրինի որոշումներ կայացնելու կամ չկայացնելու համար»։

Հիմա, երբ արդեն քաղաքական երկու ուժերը հայտարարություններով իրենց դիրքորոշումները ներկայացրին, «Զարթոնքն» իր 4 մանդատով արդյոք կմիավորվի որևէ ուժի, ասաց. - «Դա չպիտի լինի այնպես, որ դու քո անձնական կամ այլ շահերի, կամ խաբես ժողովրդին, դա ձևական բնույթ չպիտի կրի, տեսեք՝ ձևական բնույթի արդյունքում էր, որ սա տեղի ունեցավ, ես այդ ճանապարհով երբեք չեմ գնում»։

ՀՀԿ խմբակցությունը բացառում է ՔՊ-ի հետ համագործակցությունը։

Քանի դեռ «Բալասանյան դաշինքին» միացող ուժեր չկան, Գյումրիի ավագանիում հիմա, ըստ էության, ընդդիմադիր ուժերն են մեծամասնություն, բայց նրանք միմյանց հետ դաշինք չեն կազմում։ «Բալասանյան դաշինքին» էլ դժվար կլինի որոշումներ կայացնելու համար 17 կողմ քվեարկող ավագանի գտնել։

XS
SM
MD
LG