Մատչելիության հղումներ

Հայաստանի և Իրաքի նախագահները Գյումրիում քննարկեցին ՏՏ ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները


Հայաստանի և Իրաքի նախագահներն այսօր Գյումրիում ՏՏ ոլորտում հայ-իրաքյան համագործակցության հնարավորությունները քննարկեցին, նաև ոլորտի ներկայացուցիչների հարցերին հենց իրենք պատասխանեցին։

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանն ասաց՝ երկու երկրների միջև որևէ տարաձայնություն չկա, հակառակը՝ իրար աջակցելու կարիք ունեն։

«Եվ մենք միմյանց աջակցում ենք միջազգային տարբեր հարթակներում, և որևէ տարաձայնություն չկա մեր քաղաքական կամ տնտեսական հարաբերություններում, ընդհակառակը՝ մենք ուզում ենք աջակցենք միմյանց, և այս առումով տեղեկատվական տեխնոլոգիաներն այն բնագավառն է, որտեղ մենք կարող ենք օգտակար լինել մեկմեկու», - հայտարարեց Խաչատրյանը:

Իրաքի նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը հավելեց, թե իր երկիրը դժվար ժամանակներ է ապրել, ու հիմա Հայաստանի հետ համագործակցության հնարավորություն կա։

«Ես շատ ուրախ եմ այս կարևորագույն այցելության համար և շատ հպարտ եմ, որ Իրաքի առաջին նախագահն եմ, ով այցելում է բարեկամ Հայաստանի Հանրապետություն։ Մեր շնորհակալությունն ենք հայտնում նաև այն ջերմ ընդունելության համար, որին ականատես եղանք: Իմ այցելությունը և առաջիկայում բարձր մակարդակի փոխայցելություններ ավելի են ամրապնդելու և խորացնելու մեր երկների միջև առկա սերտ համագործակցությունն ու բարեկամությունը», - ասաց Իրաքի նախագահը:

Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ Հայաստանի կառավարությունը տնտեսական ռազմավարությունը մշակելիս պետք է այլընտրանքներ ունենա։

«Մենք պետք է կարողանանք այլընտրանքներ ունենալ տնտեսության զարգացման համար, այլընտրանք՝ նաև տարածաշրջանային առումով: Իրաքը այն երկրներից է, որ իսկապես ինքը պատրաստ է և էդ ամեն ինչը խրախուսում է: Խոսքը վերաբերում է նաև Իրաքը շրջապատող երկրներին։ Այսինքն՝ մենք մեր մտածողության մեջ պետք է կարողանանք վերջնականապես հաստատել այն գաղափարը, որ երբ կա այլընտրանք՝ ավելի անվտանգ ենք մենք դառնում, երբ այլընտրանք չկա՝ մենք վտանգի մեջ ենք։ Կարծում եմ՝ այսօր մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների պատճառը հենց դրանում է։ Եկեք օգտագործենք այն հնարավորությունը, որն այսօր ունի Իրաքը», - ասաց Հայաստանի նախագահը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ով վերջերս է Բաղդադում եղել, նշեց՝ 43 միլիոն բնակչությամբ Իրաքի շուկան պետք է հայ գործարարները հնարավորինս օգտագործեն։

Ավելի շատ ներկրո՞ւմ, թե՞՝ արտահանում: «Իրաքի Հանրապետության էքսպորտի 95 տոկոսը նավթամթերքն է, և շատ սպեցիֆիկ է պետք նայել, նավթամթերքի ներկրմամբ զբաղվող ընկերությունները փորձեն հասկանալ՝ ինչքան է Իրաքի առաջարկը մեզ ձեռնտու, հաշվի առնելով, որ երկաթգիծ չկա: Էդտեղ լոգիստիկան կարևոր նշանություն ունի, բայց մյուս բոլոր առումներով արտահանման տեսանկյունով մենք ունենք մեծ հնարավորություններ», - ասաց Քերոբյանը:

Բացի ՏՏ ոլորտից, ըստ նախարարի, հնարավորություն կա Իրաքի հետ գյուղատնտեսական, սննդամթերքի արտադրության, էներգետիկայի ոլորտներում համագործակցել։

Բայց անվտա՞նգ երկիր է արդյոք Իրաքը։ «Ես այնտեղ եղել եմ, անվտանգ երկիր է, չնայած հրապարակումներում հաճախ վտանգավոր է թվում, բայց իրականում անվտանգ երկիր է», - ընդգծեց Քերոբյանը:

Հետո նախարարն Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունները հիշեց, որտեղ Բաղդադի մասին հիշատակումները շատ են. - «Ավետիք Իսահակյանի ամեն երկրորդ ստեղծագործության մեջ հնչում է Բաղդադ բառը՝ սկսած Աբու Լալա Մահարիից և այլն: Եվ էստեղ պետք է նկատի ունենալ, որ հայ և իրաքցի ժողովուրդները դեռ շատ հին ժամանակներից իրար հետ աշխատել են, իրար հետ առևտուր են արել, իրար լավ ճանաչում են: Իրաքում կան հայկական եկեղեցիներ, կա հայկական համայնք, կան մեծ հնարավորություններ երկու երկրների հարաբերությունները զարգացնելու համար»։

Վահագն Խաչատրյանն այսօր հայտարարեց, որ քննարկվում է Իրաքից Հայաստան ուղիղ չվերթների վերսկսման հարցը։ Վահան Քերոբյանը մանրամասնեց, որ իրաքյան պատվիրակության կազմում նաև քաղավիացիայի և օդային տրանսպորտի ոլորտի ղեկավարներն էին, ու չվերթների վերսկսման հարցն են քննարկել։

«Ես հույս ունեմ, որ մեր մոտ կվերսկսվեն ուղիղ չվերթները Բաղդադի, ինչու չէ՝ նաև այլ քաղաքների և Հայաստանի քաղաքների՝ Գյումրիի, Երևանի միջև», - ասաց նախարարը:

Հստակ ժամկետներ չվերթների վերսկսման համար դեռ նախանշված չեն։

Իրաքի նախագահը Գյումրիից է Բաղդադ վերադարձել։

XS
SM
MD
LG