Մատչելիության հղումներ

Ինչ կտա կարմիր գծերով կայանատեղիների գնի բարձրացումը՝ բեռնաթափո՞ւմ, թե՞ լրացուցիչ թանկացում. քննարկում


Կարմիր գծերով կայանատեղիների գինը փոքր կենտրոնում 13 անգամ բարձրացնելու մտադրությունը կառավարությանն է։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր պարզաբանեց, թե վճարը տարեկան 12 հազարից 160 հազար դրամ դարձնելու առաջարկի նպատակը ոչ թե բյուջեն հարստացնելն է, այլ մայրաքաղաքի բեռնաթափումը։

«Այս փոփոխության արդյունքում ունենանք ավելի քիչ մուտքեր համայնքային բյուջե, բայց ավելի բեռնաթափված կենտրոն, կհամարենք, որ մեր նպատակին հասել ենք։ Գլխավոր և թերևս ամենակարևոր նպատակը դա է», - ասաց նա։

Ըստ քաղաքային իշխանությունների՝ գերծանրաբեռնված երթևեկությության պատճառով նաև հանրային տրանսպորտն է տուժում։ Պնդում են՝ կայանման վճարի շեշտակի բարձրացումն առաջին հերթին այդ խնդիրը կարգավորելու նպատակով է։

Քաղաքապետարանում հաշվել են՝ փոքր կենտրոնում օրական միջինը 5000-ից 6000 մեքենա է կայանում։ Թե փոփոխությունից հետո որքան կնվազի մեքենաների թիվը, քաղաքապետրանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը չհստակեցրեց։

Փոփոխությունը ենթադրում է, որ բազմաթիվ քաղաքացիներ կհրաժարվեն սեփական մեքենայով կենտրոն գալ և կօգտվեն հանրային տարանսպորտից։ Արդյոք քաղաքապետարանում հաշվել են՝ առանց այդ էլ գերծառնաբեռնված հանրային տրանսպորտը պատրա՞ստ է նման քանակի ուղևորների սպասարկմանը, քաղաքապետարանում լավատես են։

«Այո, պատրաստ է և կարող է սպասարկել», - ասաց Հարությունյանը։

Ըստ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի՝ թերծանրաբեռնված երթևեկությունը հնարավորություն կտա եղած շարժակազմերն ավելի արդյունավետ օգտագործել. - «Քաղաքում երթևեկի հոսքը կավելանա, որն իր հերթին ընդհանուր միջին արագությունը կավելացնի երթևեկության, իսկ դա կնպաստի հասարակական տրանսպորտում երթուղին սպասարկելու համար շարժակազմերի քանակի նվազմանը, և գործող շարժակազմերի քանակը կլինի արդեն, ավելի արդյունավետ կկիրառվի, և ուղևորափոխադրումը կիրականացվի ավելի թերբեռնված ռեժիմով»։

Բացի այդ, Հարությունյանն ասում է, թե քաղաքային իշխանությունները ավելացնելու են ավտոբուսների թիվը։

Քաղաքային իշխանության ներկայացուցիչների պնդումներն ու պարզաբանումները, սակայն, այսօրվա հանրային լսումներին մասնակցող ընդդիմության չեն համոզում։

«Դուք հիմա սահմանափակումը դնում ենք և սահմանափակմանը զուգահեռ ոչ մի այլ լուծում՝ տրանսպորտի ենթակառուցվածք, ցանցի փոփոխություն, նոր երթուղիներ, ոչ մի բան չեք առաջարկում, ընդամենը երթևեկությունն այդ հատվածում թանկացնում ենք մարդու համար։ Դուք ոչ մի լուծում չեք առաջարկում», - ասաց ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանը։

Քաղաքապետարանում այսօր հրավիրված հանրային քննարկմանը նրանք պնդեցին, թե իշխանությունները հեղափոխությանը մի բան են խոստացել, հիմա այլ բան են անում։

«Այն, ինչ որ պատրաստվում եք այսօր դնել քննարկման, բերել ավագանու նիստ, տրամագծորեն հակառակ է այն ամենին, ինչ ասվել է, հիմա այստեղ հարց է առաջանում՝ կամ դա պոպուլիզմ էր», - ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

«Կարմիր գծերը վերանալու են, նման խոսում հեղափոխության օրերին չի տրվել», - ասաց Սուրեն Գրիգորյանը՝ նշելով, որ վարչապետը ևս պարզաբանում տվել է այս հարցին։

Կարմիր գծերի գինը փոքր կենտրոնում 13 անգամ բարձրացնելու նախագիծը քաղքապետարանում նախատեսում են քննարկել ավագանու առաջիկա նիստի ընթացքում։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր չբացառեց՝ գումարը կարող է փոփոխության ենթարկվել։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG