Մատչելիության հղումներ

Գույքահարկի պահանջ՝ 12 տարի առաջ գողացված ավտոմեքենայի համար


Քաղաքացի Անդրանիկ Մարգարյանը զրուցում է «Ազատության» հետ, 25-ը դեկտեմբերի, 2023.
Քաղաքացի Անդրանիկ Մարգարյանը զրուցում է «Ազատության» հետ, 25-ը դեկտեմբերի, 2023.

Երևանի քաղաքապետարանը պահանջում է, որ Անդրանիկ Մարգարյանը վճարի այն մեքենայի գույքահարկը, որը 12 տարի առաջ քաղաքացու բակից գողացել են, Ոստիկանությունն էլ մինչ օրս չի գտել:

Մարգարյանը ցույց է տալիս Ճանապարհային ոստիկանությունից (ՃՈ) ստացած փաստաթուղթը, ըստ որի՝ մեքենան ժամանակավորապես հանվել է իր անվամբ հաշվառումից, ու գրանցումը կասեցվել է: Հարցնում է՝ մի՞թե քաղաքապետարանը չունի այդ տեղեկությունը, որ մեքենան չկա, ինչի՞ դիմաց վճարի:

«Հենց էսօր գնացել եմ, մեքենա ունեմ իմ անունով, գույքահարկ ունեմ, տարա մուծեցի, որովհետև կա էդ գույքը: Եթե էն մի գույքը չունեմ ես՝ 11-12 տարի է, էնտեղ նշվում է, չէ՞՝ մուծում են գույքի համար, եթե գույք չկա, ես մուծում եմ, օդ, չգիտեմ, ի՞նչ եմ մուծում, էլի, ասեք հասկանանք», - ընդգծեց քաղաքացին:

Որ իրենից գողացված մեքենայի գույքահարկը դեռ պարտք է քաղաքապետարանին, Մարգարյանը տեղեկացել է օրերս, երբ փորձել է ապառիկով գույք գնել, բայց պարզվել է՝ Դատական ակտերի հարկադիր կատարումն (ԴԱՀԿ) ապահովող ծառայությունն այդ գումարի չափով արգելանք է դրել իր բանկային հաշվին:

«Նախանցած տարի մեքենա եմ առել, ծախել՝ պրոբլեմ չի եղել: Եթե ես պարտք լինեի քանի տարվա պետությանը, չգիտեմ, պիտի քաշեին էդ փողը, ГАИ-ում [ՃՈ. - խմբ.] զրոյացնում են, չէ՞, ինչ որ պարտք ես պետությանը: էդ ժամանակ՝ ոչ մի բան, ու էս տարի ծագեց էդ պրոբլեմը», - փոխանցեց Անդրանիկ Մարգարյանը:

ԴԱՀԿ ծառայության մամուլի խոսնակ Վարդուհի Պետրոսյանն «Ազատությանն» ասաց՝ այդ գումարի բռնագանձումը քաղաքապետարանի պահանջն է, իրենք իրավասու չեն այն չեղարկելու:

«Պետք է հօգուտ քաղաքապետարանի բռնագանձվի Անդրանիկ Մարգարյանին պատկանող տրանսպորտային միջոցի նկատմամբ չվճարված գույքահարկ. այս պահի դրությամբ քաղաքապետարանից որևէ այլ գրություն չունենք վարույթի հետագա ընթացքը լուծելու համար: Կատարողական գործողությունները շարունակվում են, կդադարեն էն ժամանակ, երբ կունենանք քաղաքապետարանից համապատասխան գրություն, քանի որ պահանջատերը քաղաքապետարանն է», - հայտարարեց Պետրոսյանը:

Արդյո՞ք Ոստիկանությունը քաղաքապետարանին փոխանցել է այն փաստաթուղթը, որ Անդրանիկ Մարգարյանի բակից գողացված մեքենայի գրանցումը կասեցված է: Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն ասաց՝ այդ տվյալներն օնլայն էլ կան, քաղաքապետարանը դրանք գտնելու խնդիր չունի:

«Հափշտակված տրանսպորտային միջոցները սեփականատիրոջ կամ ներկայացուցչի գրավոր դիմումի և այդ փաստի առթիվ քրեադատավարական վարույթ հարուցելու մասին փաստաթղթի հիման վրա, այդ թվում նաև՝ էլեկտրոնային, հաշվառումից ժամանակավոր հանվում են, և դրանց գրանցումը կասեցվում է: Նույն պահից տվյալները օնլայն հասանելի են դառնում տեղական ինքնակառավարման մարմիններին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը՝ շարունակելով. - «Բացի այդ, նշված հարկը գանձող պետական կառույցները հնարավորություն ունեն օնլայն տարբերակով ստուգել տրանսպորտային միջոցի վերաբերյալ առկա տեղեկատվությունը»:

Իսկ քաղաքապետարանից, հղում անելով Հարկային օրենսգրքի մի քանի հոդվածներին, պատասխանեցին՝ տրանսպորտային միջոցի գողացված լինելու հանգամանքը հիմք չէ, որ դրա սեփականատերն ազատվի գույքահարկից: Դա կլինի, եթե մեքենայի սեփականության իրավունքը դադարեցվի: Այսինքն՝ Ճանապարհային ոստիկանության կողմից գրանցումը կասեցնելն էլ հիմք չէ: Իսկ որպեսզի ավտոմեքենան ամբողջությամբ հանվի Անդրանիկ Մարգարյանի անվամբ հաշվառումից, ըստ օրենքի՝ Մարգարյանի պետք է ՃՈ ներկայացնի նաև այդ մեքենայի հաշվառման համարանիշերը, որոնք բնականաբար չունի, որովհետև բակից գողացված մեքենան դեռ չի գտնվել։

Օրենքի տարբեր կետերի այս սարդոստայնում Անդրանիկ Մարգարյանը խճճվել է: Նախորդ շաբաթ արդեն երկրորդ անգամ է փաստաթղթեր ներկայացրել քաղաքապետարան, եթե իրենից գողացված մեքենայի գույքահարկը շարունակի որպես պարտք կուտակվել հաշվին՝ այլ քայլերի կդիմի, տեղի ունեցածն էլ այսպես է բնորոշում. - «Անգործություն, անփութություն, չգիտեմ: Բողոքի ակցիա եմ սկսելու, բա ի՞նչ անեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG