Երևանի քաղաքապետարանը նախատեսում է կարմիր գծերի գումարը տարեկան 12 հազարից դարձնել 160 հազար դրամ՝ շուրջ 13 անգամ բարձրացնելով գինը փոքր կենտրոնի համար։ Առայժմ հանրային քննարկման դրված այս նախագծով կենտրոնից դուրս գումարը կկազմի 24 հազար դրամ տարեկան:
«Չենք ուզում ավելի փող հավաքել, ուզում ենք կենտրոնը բեռնաթափել, կամ մեքենայով կենտրոն գալուց, կամ առհասարակ ավելի երկար կայանելուց, եթե կա օբյեկտիվ հնարավորություն՝ ավելի կարճ ժամանակով կայանելու։ Մեր նպատակը հենց դա է», - ասում է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը
Նախ քաղաքային տրանսպորտի հարցը լուծեք, հակադարձում են վարորդներն ու շարունակում՝ մեքենան որտե՞ղ կայանեն կամ ինչպե՞ս հասնեն փոքր կենտրոն, եթե արագ ընթացող տրանսպորտ չկա. - «Օրինակ՝ լինեին ինչ-որ պարկինգներ փոքր կենտրոնի կողքերը մեծ պարկինգներ, ու այդտեղից էլ լինեին արագ-արագ եկող քաղաքային տրանսպորտներ փոքր եկող, ոչ թե ասենք՝ Բանգլադեշից եկող, այլ այդ փոքր կենտրոնի կողքի պարկինգից փոքր կենտրոն ու հակառակը, որովհետև էս էլ մի բան չի էլի. եթե մեքենայով ես գալիս փոքր կենտրոն, գերի ես ընկնում»։
Սուրեն Գրիգորյանն ընդունում է, որ Երևանում տրանսպորտի աշխատանքն իդեալական չէ, անգամ մոտ չէ իդեալականին, բայց դրանք զուգահեռ լուծվող խնդիրներ են, ասում է. - «Մենք այսօր չունենք դեռ այն հասարակական տրանսպորտը, որը պատկերացնում ենք, որ պետք է ունենանք, բայց եկեք ազնիվ լինենք՝ չունենք նաև այն հասարակական տրանսպորտը, որը ունեինք ընդամենը 1-2 տարի առաջ, ունենք առնվազն շարժակազմերի մասով շատ ավելի էականորեն բարելավված հասարակական տրանսպորտ։ Արդեն մինչև տարվա վերջ էլ կներդրվի միասնական տոմսային համակարգ, բայց մյուս կողմից էլ ես չեմ համարում, որ մենք ինչ-որ օրենք ունենալով ասելու ենք՝ վերջ, մենք հասարակական տրանսպորտի վիճակը լուծեցինք, և հիմա կարող ենք թանկացումները անել։ Ինձ թվում է՝ սրանք զուգահեռ արվող գործընթացներ են»։
Որոշումն ուշացած է, բայց իսկապես պետք է նախ տրանսպորտի հարցը լուծել, ասում է «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ-ի անդամ Արտակ Գաբոյանը: Փորձագետի խոսքով՝ Երևանի փոքր կենտրոնում քայլել չի լինում, ամենուր մեքենաներ են, դա նաև տրանսպորտի աշխատանքին է խոչընդոտում։
«Ցանկացած երկրում էլ դա ընդունված պրակտիկա է, որ քաղաքի կենտրոնում չի կարող լինել անվճարին հավասար կայանատեղի, իսկ մինչև այսօր գործող գինը՝ տարին 12 հազար դրամը, անվճարին հավասար էր։ Համաձայն եմ նաև, որ պետք է ապահովվի նորմալ հանրային տրանսպորտ ու բարձրացվի։ Ամեն անգա երբ ինձ ասում են, որ քաղաքում կայանատեղիի խնդիր կա, ես ասում եմ, որ այդ խնդիրը ուռճացված է. մարդիկ նախընտրում են վերևը կանգնել, որովհետև էժան է, որովհետև էժան է ինչպես կանայատեղին, այնպես էլ տուգանքները», - ասաց նա։
Վարորդները ռիսկեր են տեսնում, ասում են՝ կտրուկ կավելանան բակերում կայանվող մեքենաների թիվը, գուցե նաև թանկանա մասնավոր կայանատեղիների վարձը: Կարմիր գծերի գինը թանկացնելով հարցը չի լուծվի, ասում են նրանք. - «Չի լուծվի, որովհետև մեքենաները շատ են»։
Սա դեռ նախագիծ է, առջևում հանրային քննարկումներ են։ Առայժմ պարզ չէ՝ Երևանի ավագանին արդյոք կողմ կքվեարկի այս նախագծին, բայց քաղաքապետն ավելի վաղ ասել էր, որ կարմիր գծերի վճարը կվերանայվի։