Մատչելիության հղումներ

Գալուզին. «Մինչև տարեվերջ խաղաղություն կնքելու շանս միշտ էլ կա, կօգտվե՞ն, թե չէ՝ այլ հարցն է»


ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը գերադասել է չպատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը:

«Ես, որպես դիվանագետ, դեռ կնախընտրեի ձեռնպահ մնալ կանխատեսումներ անելուց»,- ասել է փոխնախարարն ի պատասխան լրագրողների հարցին, որը տրվել է Ադրբեջանի ազգային առաջնորդ, ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հոր՝ հանգուցյալ Հեյդար Ալիևի հիշատակի օրվան նվիրված ընդունելությանը:

«Հայաստանին և Ադրբեջանին ռուսական կողմի փոխանցած հրավերները՝ շարունակելու երկխոսությունը խաղաղ կարգավորման շուրջ, հիմնված այն սկզբունքների վրա, որոնք մեր երկրների ղեկավարները ձևակերպել են 2020 թվականի նոյեմբերին և հետագայում, մնում են ուժի մեջ»,- ավելացրել է Գալուզինը:

Ավելի վաղ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտնել է, որ դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայանալու է անդամ երկրների ղեկավարների ավանդական նախաամանորյան ոչ պաշտոնական հավաքը։

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք ԱՊՀ և ՀԱՊԿ վերջին միջոցառումներին չմասնակցած վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաք:

Մեկնաբանելով խաղաղության պայմանագիրը մինչև տարեվերջ կնքելու հնարավորությունը՝ ՌԴ փոխարտգործնախարարն ասել է, թե հարցը պետք է հասցեագրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին:

«Բայց ասեմ, որ շանս միշտ էլ կա, կօգտվե՞ն Հայաստանն ու Ադրբեջանը, դա այլ հարցն է»,- ավելացրել է Գալուզինը:

XS
SM
MD
LG