Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում են Թեհրանից՝ դադարեցնել մահապատիժները՝ շեշտելով վերջերս Իրանի բանտերից մեկում կախաղանի միջոցով մահապատժի ենթարկված Սամիրա Սաբզիանի դեպքը։
Սաբզիանը մեղավոր է ճանաչվել ամուսնու սպանության համար և վերջին տասը տարիներն անցկացրել է բանտում։
Ըստ Նորվեգիայում գործող Իրանի Մարդու իրավունքների (IHR) խմբի՝ Սաբզիան 15 տարեկանում ստիպողաբար ամուսնացել է այդ տղամարդու հետ և, ըստ հարազատների, ընտանեկան բռնության զոհ դարձել։
«Սամիրան տարիներ շարունակ գենդերային, մանկական ամուսնությունների և ընտանեկան բռնության զոհ է եղել և այսօր նա զոհ գնաց ապաշնորհ և կոռումպացված ռեժիմի սպանության մեքենային», - ըստ Radio Farda-ի, ասել է IHR-ի տնօրենը:
Իրավապաշտպան կազմակերպությունների նշել են, որ կնոջը կախաղան են հանել դեկտեմբերի 19-ի լուսադեմին Իրանի բանտերից մեկում, թեև իրանական պաշտոնական լրատվամիջոցները այդ մասին չեն հայտնել:
«Amnesty International-ը սարսափած է Իրանում սահմռկեցուցիչ մահապատժի մասին հաղորդումից։ Սամիրա Սաբզիան, երկու երեխաների մայր էր, ով մանկության տարիներին ենթարկվել է հարկադիր և վաղ ամուսնության»,- հայտարարել է կազմակերպությունը՝ կոչ անելով դադարեցնել մահապատիժները:
Ըստ կազմակերպության՝ միայն նոյեմբերին Իրանում մահապատժի է ենթարկվել առնվազն 115 մարդ: