Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը Թեհրանին կոչ է անում վերջ տալ մահապատիժներին


ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը քննադատել է Իրանի իշխանություններին երկրում կիրառվող մահապատիժների համար՝ վիճակագրությունը որակելով «սարսափեցնող»: Կառույցի տվյալներով՝ այս տարվա ընթացքում Իրանում մահապատժի է ենթարկվել առնվազն 209 մարդ:

«Այս տարի միջին հաշվով Իրանում շաբաթական ավելի քան 10 մարդ է մահապատժի ենթարկվել»,- հայտարարել է Թյուրքը՝ փաստելով, որ այդ ցուցանիշով Իրանը աշխարհում առաջատար է։

«Այս տեմպերով Իրանը, ցավոք, նույն ուղու վրա է, ինչ անցյալ տարի, երբ ըստ հաղորդումների՝ մահապատժի է ենթարկվել շուրջ 580 մարդ...Սա զարհուրելի թիվ է, հատկապես, երբ հաշվի ենք առնում մահապատժի վերացման շուրջ աճող համընդհանուր կոնսենսուսը», -հավելել է ՄԱԿ-ի հանձնակատարը։

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ անցած չորս օրերի ընթացքում երկրում մահապատժի է ենթարկվել չորս մարդ, նրանցից երկուսը, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահվան են դատապարտվել սոցիալական ցանցերով «աթեիզմը քարոզելու և կրոնական ու իսլամական սրբությունները վիրավորելու» համար։

XS
SM
MD
LG