Իրանում մահապատժի են ենթարկվել հակակառավարական ցույցերի ևս երեք մասնակիցներ։
Իրավապաշտպանները բազմիցս ահազանգել են, որ ակտիվիստների նկատմամբ իրավական գործընթացներն իրականացվում են օրենքի խախտումներով, խոստովանական ցուցմունքները կորզվել են ուժի կիրառմամբ։
Սալեհ Միրեհաշեմին, Մաջիդ Կազեմին և Սաեդ Յաքուբին մահապատժի են ենթարկվել այսօր՝ Իսպահանի բանտերից մեկում։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել անցած տարվա նոյեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպին մասնակցելու համար, երբ զանգվածային բողոքի ցույցը ցրելու ժամանակ սպանվել էր ոստիկանության երեք աշխատակից։
Դատարանի վճռում, սակայն, խոսվում է ոչ թե սպանության, այլ «Աստծո դեմ ապստամբության» մասին։ Այս տերմինը Իրանի իշխանությունները հաճախ կիրառում են քաղաքական ակտիվիստների դեմ գործերում։ Iran Human Rights կազմակերպության տվյալներով՝ այս տարվա սկզբից Իրանում ավելի քան 200 մարդու նկատմամբ մահվան վճիռ է կայացվել․ անցած տարի այդ թիվը 582 էր։