Մատչելիության հղումներ

Լավրովն ու Բայրամովը կրկին առանց հայկական կողմի քննարկեցին հայ - ադրբեջանական կարգավորումը


Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Ջեյհուն Բայրամով, արխիվ
Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Ջեյհուն Բայրամով, արխիվ

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր կրկին քննարկել են հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն առանց Հայաստանի արտգործնախարարի: Ընդ որում, միայն այս տարվա աշնանը Բայրամովն ու Լավրովը յոթ հանդիպում և հեռախոսազրույց են ունեցել։ Այսօրվա հանդիպմանը նրանք հատուկ ընդգծեցին երկկողմ շփումների տպավորիչ դինամիկան:

«Դուք Ձեր խոսքում արդեն նշեցիք մեր բարձրագույն և բարձր ղեկավարության շփումների դինամիկան, ինչը մեր երկրների միջև խորը համագործակցության և բարձր մակարդակի երկխոսության վկայությունն է», - հայտարարել է Ջեյհուն Բայրամովը:

Բանակցություններից հետո Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, թե «հաստատվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը՝ 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով ընդունված եռակողմ համաձայնագրերի հիման վրա»։

Թեև հայկական կողմը ներկա չէր, Սերգեյ Լավրովը բանակցությունները սկսելիս շեշտել էր՝ քննարկելու են նաև հայ - ադրբեջանական հարաբերությունները. - «Եվ իհարկե մենք մտքեր կփոխանակենք հայ - ադրեբջանական հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի վերաբերյալ։ Պատրաստ եմ մտքեր փոխանակել, թե ինչպես են ընթանում այս հարցի շուրջ մեր շփումները»:

Իր խոսքում Լավրովը հատուկ նշել է նաև, որ Մոսկվան խոստումնալից է համարում «3+3» տարածաշրջանային պլատֆորմը, որը փաստացի դուրս է թողնում արևմտյան միջնորդներին: Ըստ Ռուսաստանի արտգործնախարարի՝ գաղափարն Ադրբեջանի առաջնորդն է շրջանառել. - «Իլհամ Հեյդարովիչ Ալիևի՝ հարավկովկասյան երեք երկրներ և նրանց երեք հարևաններ այսպես կոչված «3+3» տարածաշրջանային պլատֆորմի նախաձեռնությունն արդեն ձևավորվում է։ Սա նույնպես խոստումնալից ձևաչափ է, ուրախ կլինեմ լսել այս ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ Ձեր գնահատականները»:

Այս ձևաչափի մասնակից Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը պարբերաբար հայտարարում են, թե Հարավային Կովկասի հարցերը պետք է կարգավորեն տարածաշրջանային երկրները՝ առանց երրորդ երկրների միջամտության։ Հայաստանը վստահեցնում է, որ պատրաստ է քննարկել համագործակցությունը, Վրաստանը, սակայն, հրաժարվում է մասնակցել՝ Ռուսաստանի հետ տարաձայնությունների պատճառով։

Ադրբեջանի արտգործնախարարն հայտարարել է, թե Բաքուն որպես Երևանի հետ խաղաղության գործընթացի հիմնական նախաձեռնող շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ: Ջեյհուն Բայրամովը պնդել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության համար «պայմանները ստեղծված են»։ Նա նաև հայտարարել է, որ Բաքուն հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունների ակտիվացման օգտին, ինչը համարվում է կարգավորման ուղղություններից մեկը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, Մոսկվան վերջին տարիներին մշտապես շեշտում է՝ այսօր ունի գերազանց հարաբերություններ Բաքվի հետ։

Ռուսաստանի արտգործնախարարն այսօր, մասնավորապես, կրկին խոսել է Մոսկվայի և Բաքվի միջև խորացող դաշնակցային հարաբերությունների մասին՝ շեշտելով, որ երկու երկրներն այժմ մի շարք համատեղ նախագծեր են իրականացնում, ակտիվորեն զարգանում են նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները։

Սյսօր Լավրովը շեշտել է, որ տարեվերջին Ալիևին սպասում են Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովին։

Սանկտ Պետերբուրգում սպասում են նաև Հայաստանի վարչապետին, ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ասել էր՝ եթե Նիկոլ Փաշինյանը գա Սանկտ Պետերբուրգ, կկայանա նաև Պուտին-Փաշինյան հանդիպում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG