Անկարան ողջունում է Երևանի և Բաքվի միջև վստահության ամրապնդման քայլեր ձեռնարկելու որոշումը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ վկայակոչելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունը։
«Մենք աջակցում ենք վստահության ամրապնդման լրացուցիչ քայլերի ընդունման շուրջ քննարկումները շարունակելու ջանքերը։ Ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրվի հնարավորինս շուտ, որը կհանդիսանա Հարավային Կովկասում մշտական խաղաղության և կայունության հաստատման կարևորագույն զարգացումներից մեկը», - ասված է հայտարարությունում։
Երեկ Հայաստանի վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի նախագահի վարչակազը համատեղ հայտարարությամբ տեղեկացրեցին, որ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների։ Երևանն ու Բաքուն միևնույն ժամանակ շեշտեցին՝ համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատեցին ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին ընդգծել է՝ Երևանն ու Բաքուն «առաջնորդվել են մարդասիրական արժեքներով»։