Մատչելիության հղումներ

«Երեկ հաստատվել է խաղաղության պայմանագիր կնքելու ցանկությունը»․ Գաֆարովա


Երեկ հաստատվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու ցանկությունը, ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի կողմից հրապարակվել է համատեղ հայտարարություն։

«Երեկ հաստատվել է խաղաղության պայմանագիր կնքելու մտադրությունը։ Առաջիկայում կտեսնենք այս քայլերի շարունակությունը», - ասել է Գաֆարովան։

Թե հետագա ինչ քայլերի մասին է խոսքը, չի հաղորդվում։

Երեկ Հայաստանի վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի նախագահի վարչակազը համատեղ հայտարարությամբ տեղեկացրեցին, որ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների։ Երևանն ու Բաքուն միևնույն ժամանակ շեշտեցին՝ համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատեցին ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Երևանն ու Բաքուն «առաջնորդվել են մարդասիրական արժեքներով»։

XS
SM
MD
LG