Մատչելիության հղումներ

Հերթեր Լարսում. կառավարությունն արդյո՞ք համարժեք այլընտրանքային շուկաներ գտել է հայկական արտադրանքի համար


Հայաստանից Ռուսաստան գյուղմթերք ու այլ ապրանքներ արտահանող և ներկրող բեռնատարներն արդեն 5-րդ օրն է՝ Լարսի անցակետի հերթերում են:

Մինչ բեռնափոխադրողներն ահազանգում են, որ իրենց ապրանքը ճանապարհին փչանում է, իսկ ռուսական կողմը բեռի մի մասը հետ է ուղարկում՝ հիմնականում փաստաթղթային խնդիրներն ընդգծելով, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ «որևէ Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին»:

«Հիմա չափազանց կարևոր է, որ հայերը Հայաստանում և սփյուռքում գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ, գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք, Հայաստանի ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններ: Բիզնեսին ու հարկ վճարողին նման կերպ աջակցելն անկախությունն ու սուվերենությունն ամրապնդելու համար կենսական նշանակության վարքագիծ է», - նշել է Հարությունյանը:

Պաշտոնական վիճակագրությամբ՝ Ռուսաստանի հետ երկկողմ առևտրաշրջանառությունը 2022-ին 5 միլիարդ դոլարի է հասել: Հայաստանից անցած տարի շուրջ 2.5 միլիարդ դոլարի ապրանք է արտահանվել: 2021-ի համեմատ այս թվերը գրեթե կրկնակի աճել են: Ռուսաստանն այս պահին Հայաստանի առևտրային գլխավոր գործընկերն է, իսկ Լարսը ցամաքային միակ ճանապարհը, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ:

8 տարի շարունակ հիմնականում Եվրոպա հացահատիկ արտահանած գյուղատնտես-գործարար Հարություն Մնացականյանը կարծում է՝ քանի դեռ չկա այլընտրանքային մեծ շուկա, Արայիկ Հարությունյանի այս հայտարարությունը վտանգավոր է: Բացի այդ, սեփական փորձով է համոզվել՝ եվրապական շուկա մտնելու համար ավելի բարձր որակ է հարկավոր, սակայն Հայաստանում այդ չափանիշների համակարգված ստուգումներ, ըստ նրա, չկան։

«Եվրոպական խանութների ցանց մտնելու համար առաջինը շատ մեծ ծավալների պայմանագիր պետք է կնքես, որակը պետք է համապատասխանի, ինչը մեզ մոտ լուրջ խնդիր է առաջացնում: Էդ որակը ստանալու համար առաջինը պետք են նորմալ լաբորատորիաներ, նորմալ վերահսկողություն, իսկ վերահսկողությունը կարծում եմ հենց պետական գործառույթ է, գումարած լոգիստիկ խնդիրը պիտի լուծես եվրոպական շուկայի համար, դու լոգիստիկ համակարգ, կարելի է ասել, չունես, և չափազանց բարձր են բեռնատարների գները: Այս խնդիրները գումարվելով իրար դարձնում են գրեթե անհնարին եվրոպական շուկայում նորմալ առևտրային գործունեություն ծավալելու համար», - ընդգծեց Մնացականյանը:

Արդյո՞ք հայկական արտադրանքի արտահանման համար կառավարությունը համարժեք այլընտրանքային շուկաներ գտել է, արդյո՞ք արտադրվող ապրանքը Հայաստանի ներքին շուկայում հնարավոր է ամբողջությամբ սպառել, արտերկրում ապրող հայերը ո՞ր շուկաներից պետք է այդ առևտուրն անեն, ինչ ճանապարհով է ապրանքը նրանց հասնելու: «Ազատությանը» չհաջողվեց այս հարցերի պատասխանները ստանալ վարչապետի աշխատակազմի ղեկավարից։

Իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որ նաև ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ է, լուրջ խնդիր է համարում այն, որ Հայաստանը մեծ կախվածություն ունի Ռուսաստանից: Բայց ներքին շուկայում էլ, ասաց, սպառման խնդիրներ կստեղծվեն։

«Մասնավորապես՝ կան ապրանքատեսակներ, օրինակ, ծաղիկ, նմանատիպ բաներ, որոնք մեր շուկան չի կարա այդքանը սպառի: Պետք է կառավարությունն ամեն ինչ անի, որպեսզի այդ խնդիրը լուծի: Բնականաբար, պարոն Հարությունյանի կոչը բոլորս պետք է հաշվի առնենք, ես կարծում եմ, որ այդտեղ շատ կարևոր ուղերձ կա, բայց դրանով հարցը չի լուծվի հաստատ: Երկարաժամկետ կտրվածքով մենք պետք է նաև մտածենք, թե ոնց անենք և ինչ անենք: Այսինքն՝ պետք է մտածենք մեր արտահանումը դիվերսիֆիկացնելու մասին, ինտեգրացիոն կախվածություն ունենք ԵԱՏՄ-ից և մասնավորապես Ռուսաստանից, որն, իհարկե, վատ է», - ասաց պատգամավորը:

Աղազարյանն, ի դեպ, համամիտ է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ, ով երեկ «Ազատության» հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե գուցե ռուսական կողմը մեքենաների մուտքի խնդիրներ է առաջացրել՝ հայ - ռուսական լարված հարաբերությունների ֆոնին։ Բայց իշխանական պատգամավորը չի էլ բացառում, որ գուցե հայ բեռնափոխադրողները փաստաթղթային խնդիրներ են ունեցել:

«Ես կարծում եմ, որ սա ինչ-որ իմաստով քաղաքական հենք ունի», - նշեց Հովիկ Աղազարյանը:

Նախագահն ընդգծում է՝ գիտակցում են գազի մեկ մատակարարից կախված լինելու անվտանգային ռիսկերը

Նախագահն ու տարածքային կառավարման նախարարն էլ այսօր էներգետիկ ոլորտում Հայաստանի՝ Ռուսաստանից կախվածությանն են անդրադարձել։ Երևանում մեկնարկած համաժողովի ընթացքում Վահագն Խաչատուրյանն ընդգծել է՝ գիտակցում են գազի մեկ մատակարարից կախված լինելու անվտանգային ռիսկերը։

«Ցանկացած բնագավառում, որտեղ կա մենաշնորհ, ուրեմն այնտեղ զարգացում չի կարող լինել: Իմիջիայլոց, մենաշնորհից այդքան հեշտ չեն ազատվում», - նշեց նախագահը:

Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանն էլ ընդգծել է, որ Հայաստանը մտադիր է ավելացնել Իրանից ներկրվող գազի ծավալը։ Իսկ էներգիա արտադրող կայանները ոչ միայն Հայաստանի ներքին պահանջն են բավարարում, այլև որոշակի ծավալ մնում է ու դա արտահանվում է, օրինակ, Իրան: Առհասարակ կառավարությունը ծրագրում է մինչև 2030 թվականը Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր հաշվեկշռում արևային էներգիայի բաժինն, օրինակ, հասցնել 15 տոկոսի ու տարեց տարի ապահովել աճման միտումը:

«Նախատեսվում է մինչև 2040 թվականն ավելացնել այդ հզորությունները ևս 1500 և 500 մեգավատ և նաև հողմային էրերգետիկայի ոլորտում լրացուցիչ 500 մեգավատ ունենալ մինչև 40 թվականը», - ասաց Սանոսյանը:

Վարորդներն «Ազատությանը» փոխանցեցին, որ ճանապարհը ժամեր առաջ բացվել է թեթև մարդատար մեքենաների համար, իսկ իրենք դեռ սպասում են հերթում։ Վրացական կողմը երեկ հաղորդել էր, թե ճանապարհը փակվում է ձնահյուսի վտանգի պատճառով։

XS
SM
MD
LG