Մատչելիության հղումներ

Լարսը կրկին փակ է, ռուսական կողմը հետ է ուղարկում հայկական մեքենաները


Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհը՝ Լարսը, կրկին փակ է: «Ազատության» զրուցակիցը, որ չցանկացավ ներկայանալ, արդեն 2-րդն օրն է խցանման մեջ է:

Բեռնատարի վարորդի կարծիքով՝ պատճառը հայ- ռուսական լարված հարաբերություններն են. - «Ինձ թվում է՝ սա քաղաքական խաղ է, որով ուզում են, կոպիտ ասած, հայերին նեղեն։ Իշխանությունը ռուսի հետ թարսվել է, հիմա ռուսն էլ այս ձևով է պատասխանը տալիս»։

Վարորդի խոսքով՝ խցանման մեջ են թե՛ արտահանող, թե՛ ներմուծող նկերությունների բեռնատարները։ Ասում է՝ ինքը Ռուսաստանից է գալիս, Վերին Լարսի անցակետում տարբեր պատճառներ են նշել՝ եղանակային պայմաններից մինչև փաստաթղթեր ու սանիտարական խնդիրներ։

«Մենակ իմը չի, մեր հայկական մեքենաները։ Սրանից առաջ ներկրում է եղել Հայաստան առանց պրոբլեմի, մի օրվա մեջ ձևակերպել, տվել են, բայց երկու օր է՝ հիմա կանգնած եմ, ու սենց անորոշ վիճակ», - նշեց նա։

Հայ-ռուսական հարաբերությունները վերջին շրջանում լարված են. խնդիրն արդյո՞ք քաղաքական է, էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, սակայն, ուղիղ պատասխան չտվեց հարցին։ Ասաց միայն՝ տեղյակ են, որ ռուսական կողմը հետ է ուղարկում հայկական մեքենաները։ Թվեր չուներ. - «Ինչպես երեկ ինձ փոխանցեց ՊԵԿ նախագահը, այնպես չէ, որ բոլոր ապրանքներն են վերադարձվում, կամ ինչ-որ կատեգորիայի ապրանքների ամբողջ բեռներն են վերադարձվում, ունենք նաև անցնող բեռներ»։

Շաբաթներ առաջ էլ հայկական կոնյակով բեռնատարներն էին մոտ յոթ օր Լարսում մնացել։ Կոնյակի գերակշիռ մասը հենց Ռուսաստան է արտահանվում: Արման Խոջոյանն ասում է՝ այն ժամանակ խնդիրը լուծվեց ռուս գործընկերների հետ ակտիվ համագործակցության արդյունքում, ռուսական կողմի հիմնավորումը ուժեղացված հսկողություն էր:

Սա ինչ-որ առումով Ռուսաստանի պատասխանն է Հայաստանին. ընդդիմադիր պատգամավոր

Մինչդեռ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի տեղեկություններով՝ կոնյակը Ռուսաստան է մտել տեղի խոշոր առևտրային կազմակերպությունների պահանջով։

«Մտածել, որ դա զուտ տնտեսական է, առնվազն աչքափակություն է ու անկեղծություն չէ, դա հերթական լարվածության դրսևորումն է, ինչքան էլ Փաշինյանն ասի՝ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ շատ լավ են, վկայակոչի Պուտինին, տեսնում ենք, որ հարաբերությունները գնալով վատթարանում են», - ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ սա ինչ-որ առումով Ռուսաստանի պատասխանն է Հայաստանին ՀԱՊԿ-ի վերջին նիստի բոյկոտից հետո. - «Կարծում եմ՝ Ռուսաստանը որոշակի ուղերձներ է հղում, եկեք ընդունենք, որ սա պատահական չէր, քաղաքականություն է վարվում, և իրենք էլ քաղաքականության դեմ որոշակի հակաքաղաքականություն են իրականացնում»։

Իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանը նույնպես հստակ չարձագանքեց՝ արդյո՞ք հայ-ռուսական հարաբերությունների ուղիղ արտացոլումն է այն, որ Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհին կրկին դժվարություններ են առաջացել։

«Հայաստանը հետևություններ է անելու և իր դիրքորոշումն ու որոշումները հերթականությամբ կկայացնի», - ասաց նա։

Բայց տնտեսվարողներին էլ Պապոյանն ասելիք ունի՝ գուցե իսկապե՞ս արտահանող ապրանքի ստանդարտները բարձր չեն. - «Տնտեսվարողները պիտի իրենց ստանդարտները բարձրացնեն, պիտի թթվասերը լինի թթվասեր, կաթը՝ կաթ, միսը պիտի լինի միս, ոչ թե եսիմ ինչ»։

Մշտական խցանումների խնդիրը լուծելու համար ռուսական կողմն անցած տարի ավելացրեց Վերին Լարսի անցուղիները, շուրջ մեկ տարի էլ նաև ռենտգեն զննության սարքերով են մեքենաները ստուգվում: Ու չնայած այս ամենին՝ բեռնատարների վարորդները հարցնում են՝ ի վերջո որևէ կառավարություն այս հարցը վերջնական կլուծի՞ կամ այլընտրանքային տարբերակ կառաջարկի, որովհետև իրենք տարին կլոր ֆինանսական կորուստներն են հաշվում ու փչացած բեռը դեն նետում։

Ի դեպ, օրվա ավարտին վրացական կողմը տեղեկացրեց, որ Մծխեթի -Ստեփանծմինդա - Լարս ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար՝ ձնահյուսի վտանգի պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG