«Գազի հետ կապված բոլորս ենք գիտակցում, թե ինչպիսի անվտանգային ռիսկեր է պարունակում, երբ որ մենք կախված ենք ընդամենը մեկ մատակարարից», - այսօր «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց նախագահ Վահագն Խաչատրյանը՝ շեշտելով՝ կապ չունի, թե մատակարարն ով է, ինչ է։
«Շուկայական տնտեսության մեջ ցանկացած բնագավառում, որտեղ կա մենաշնորհ, այնտեղ զարգացում չի կարող լինել», - ասաց նախագահը՝ կարևորելով ոլորտում բարեփոխումները։
Որպես լրջագույն աշխատանք Խաչատրյանը շեշտեց ԱՄՆ-ի ՄԶԳ գործակալության աշխատանքը՝ նշելով, որ այն մշտապես աջակցություն է ցուցաբերել Հայաստանին այս բարեփոխումները շարունակական դարձնելու համար։
Նախագահը որպես օրինակ նշեց էլեկտրաէներգիայի մատակարարման բնագավառը՝ ընդգծելով, որ բարեփոխումներն արդյունքներ արդեն տալիս են։
«Մեր էներգետիկ բալանսում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում և սպասվելիք ժամանակաշրջանում էդ փոփոխություններն ավելի մեծանալու են», - ասաց նախագահը՝ վկայակոչելով կառավարության որոշումը։
«Փոփոխությունների արդյունքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էլեկտրաէներգիայի մասնաբաժինը վերջնական սպառման մեջ 2030 թվականին, ներառյալ նաև խոշոր հիդրոկայանները, կհասնի 50 տոկոս, իսկ 40 թվականին՝ 60 տոկոս։ Այստեղ, եթե մենաշնորհային կառավարման ցանկությունը լինի, խոչընդոտ է լինելու, պետք է կարողանալ կարգավորող մարմինների միջոցով էդ ախորժակը նվազեցնել», - ասաց Խաչատուրյանը։
Հայաստանը ներկայումս գազ է ստանում Ռուսաստանից և Իրանից, Իրանին գազի դիմաց էլեկտրաէներգիա է մատակարարում: