Մատչելիության հղումներ

Գուլիև. «Սաֆարովի արտահանձնումը սոսկ մարդասիրական քայլ էր»


Վիլայաթ Գուլիևը Հունգարիայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնում, 2012թ.
Վիլայաթ Գուլիևը Հունգարիայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնում, 2012թ.

Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ժամանակ, որն իրականացվել է գաղտնի եղանակով, պետական գաղտնիքի որևէ հանգամանք չի եղել։ Այդ մասին APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան, գրականագետ, թարգմանիչ Վիլայաթ Գուլիևը, ով 2010-21 թվականներին զբաղեցրել է Հունգարիայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը:

«Պարզապես երկու բարեկամ երկրների ղեկավարներ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Եվրոպայի խորհրդի ընդունած միջազգային կոնվենցիայի հիման վրա, հայրենիք են վերադարձրել ադրբեջանցի սպային, ով հունգարական բանտում էր։ Ադրբեջանում նա պետության ղեկավարի հրամանով ներում է ստացել, քանի որ կրել է պատժի մի մասը», - պարզաբանել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ դա Ադրբեջանի և Հունգարիայի կողմից երկուստեք «մարդասիրական և վեհանձն քայլ էր»:

«Ոչ մի գաղտնի գործարք չի եղել, չէր էլ կարող լինել, թեպետ մեր ընդդիմադիր մամուլը փորձել է այն ժամանակ թարմ հետքերով այդպես ներկայացնել տեղի ունեցածը: Ես կարող եմ լիովին վստահորեն ասել, որ գաղտնի գործարք չի եղել, քանի որ անմիջական մասնակցություն եմ ունեցել այս գործընթացին», - ասել է Գուլիևը:

Սաֆարովի արտահանձնման ավարտից անմիջապես հետո Հեյդար Ալիևի հիմնադրամն՝ ի նշան «Ադրբեջանի ժողովրդի երախտագիտության՝ բարեկամ Հունգարիայի ժողովրդին», Բուդապեշտի 12-րդ թաղամասում կառուցել է տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար հատուկ դպրոց՝ հանրակացարանով:

«Մեր դեսպանատունը հոգացել է դպրոց-հանրակացարանի մասին։ Այս ավանդույթը շարունակվում է նաև այսօր», - ասել է Վիլայաթ Գուլիևը:

Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը մասնակցել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով Բուդապեշտում անցկացվող անգլալեզու դասընթացներին, որտեղ 2004 թվականին սպաների հանրակացարանում գիշերը կացնով սպանել է անկողնում քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: 2006 թվականին հունգարական դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման: 2012-ին նրան արտահանձնել են Ադրբեջան, որտեղ դիմավորել են որպես ազգային հերոսի:

Սաֆարովի արտահանձնումը մեծ վնաս է հասցրել հայ-հունգարական հարաբերություններին:

Դիվանագիտական կապերը երկու երկրների միջև 2012 թվականին Երևանի որոշմամբ կասեցվել են: Արտահանձնումը բողոքի ալիք է բարձրացրել նաև Հունգարիայում:

Վերջին տարիներին երկու երկրները դիմում են հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերի:

XS
SM
MD
LG