Գերմանիա աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ու համագործակցության խթանման հնարավորություններն ու ուղիները, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Կատալին Նովակը Վահագն Խաչատուրյանին հրավիրել է մասնակցել Բուդապեշտի ժողովրդագրական գագաթնաժողովին, որը նվիրված է եվրոպական երկրներում ժողովրդագրական խնդիրներին և դրանց լուծման ուղիներ գտնելուն:
Երկար դադարից հետո Հայաստանն ու Հունգարիան երկկողմ դիվանագիտական հարաբերություններ են վերսկսել։
Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցրել էր 2012 թվականին, երբ այդ երկիրը Ադրբեջանին արտահանձնեց 2004-թվականին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին։
Նա Ադրբեջան վերադառնալուց անմիջապես հետո հայտնվեց ազատության մեջ և պետական պարգևների արժանացավ։ Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը Հունգարիայի քայլն անվանել էր աններելի։
Բուդապեշտի ու Երևանի հարաբերություններում որոշակի շարժ նկատվեց 2021 թվականին, երբ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերի վերադարձավ տուն, բացի այդ, Հունգարիան քովիդի ընթացքում Հայաստանին 100 հազար դեղաչափ պատվաստանյութ տրամադրեց։
Դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին Հայաստանն ու Հունգարիան անցած տարի դեկտեմբերի սկզբին հայտարարեցին: Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այդ ժամանակ ընդգծել էր, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը անփոփոխ է, սակայն պետք է առաջ շարժվել։
Մայիսին էլ Հայաստանում Հունգարիայի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց փոխարտգործնախարարին: