Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևին


Եվրախորհրդարանի նիստ Ստրասբուրգում, արխիվ
Եվրախորհրդարանի նիստ Ստրասբուրգում, արխիվ

Եվրախորհրդարանն այսօր ձայների գերակշռող մեծամասնությամբ հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևին, որն Արցախում տեղի ունեցածը հավասարազոր է համարում էթնիկ զտումներին, կոչ է անում Եվրահանձնաժողովին վերանայել Բաքվի հետ ռազմավարական համագործակցությունը էներգետիկայի ոլորտում և թիրախային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են հրադադարի բազմաթիվ խախտումների ու մարդու իրավունքների ոտնահարման համար։

Դատապարտելով Արցախի դեմ սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումը՝ բանաձև նաև հորդորում է հետաքննել Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները, որոնք կարող են պատերազմական հանցագործություն դիտարկվել։

Փաստաթուղթն ընդունվեց ձայների 491 կողմ, ընդամենը 9 դեմ և 36 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Մինչ այդ՝ երկու օր առաջ տեղի ունեցած քննարկումների ժամանակ պատգամավորները, այդ թվում՝ Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Զովկոն, խստորեն դատապարտել էին Ադրբեջանին։

«Մենք զոհաբերեցինք հայերին հանուն «ռեալպոլիտիկի»: Պետք է սառեցնել պայմանագրերը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել», - հայտարարել էր Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ֆաբիո Կաստալդոն։

Հարավային Կովկասի հարցերով հանձնաժողովի ղեկավար Մարինա Կալյուրանդն էլ ընդգծել էր՝ վաղուց ժամանակն է, որ Բրյուսելը հայտարարություններից գործի անցնի։

Մարինա Կալյուրանդ, արխիվ
Մարինա Կալյուրանդ, արխիվ

Այսօր ընդունված բանաձևն ընդգծում է՝ ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը, ՄԱԿ-ը և միջազգային այլ դերակատարներ չեն զսպել ռազմական ուժի դիմելու Ադրբեջանի նկրտումները։ Եվ եթե Բաքուն շարունակի այդ քաղաքականությունը, Միությունը պետք է «իսպառ դադարեցնի ադրբեջանական նավթի և գազի ներմուծումը»։

Ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն փաստել էր, որ նախկինում, այդ թվում՝ Ղարաբաղի ինն ամիս շարունակված շրջափակման ընթացքում, Եվրախորհրդարանը մի քանի անգամ կոչ էր արել Բրյուսելին կոնկրետ քայլեր ձեռնարկել Ալիևի վարչակազմի դեմ, սակայն այդ հորդորները մնացել էին անարձագանք։

«Եվրոպան ամիսներով բացակա էր, երբ հայերը Լեռնային Ղարաբաղում շրջափակման մեջ էին, սովի և վերջապես հարձակման ենթարկվեցին Ադրբեջանի կողմից։ Իհարկե, Բաքուն է պատասխանատու էթնիկ զտումների համար և պետք է պատասխանատվության ենթարկվի։ Բայց եվրոպական միջնորդությունը ևս ձախողվել է, քանի որ մնացել է չեզոք դիտորդի կարգավիճակում։ Մինչդեռ հայտնի է՝ երբ անարդարության դեպքում ոչինչ չես անում, կանգնում ես ագրեսորի կողքին», - հայտարարել էր Լուազոն։

«Մենք պետք է պաշտպանենք մեր պատիվն ու Հայաստանը», - ասել էր Եվրախորհրդարանի պատգամավորը նախօրեի քննարկումների ժամանակ։

Նատալի Լուազո, արխիվ
Նատալի Լուազո, արխիվ

Այսօր ընդունված բանաձևը զուտ խորհրդատվական բնույթ ունի և պարտադիր չէ կատարման համար։ «Ազատության» տրամադրության տակ է, սակայն, Եվրահանձնաժողովում կազմված աշխատանքային մի փաստաթուղթ, որը թվարկում է՝ ինչ քայլեր կարող է ձեռնարկել Միությունը Ադրբեջանի նկատմամբ։ «Եթե իրավիճակը վատթարանա, հնարավոր է վերանայել քաղաքական շփումները, ֆինանսական աջակցությունը և համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Եթե մարդու իրավունքների լուրջ ոտնահարումներ լինեն, դրանց համար պատասխանատու անձանց դեմ նաև պատժամիջոցներ կարող են սահմանվել», - ասված է փաստաթղթում։

Այս քայլերը, այնուհանդերձ, հնարավոր կդառնան, եթե դրանց միաձայն հավանություն տան Եվրամիության անդամ բոլոր 27 երկրները։ Այս պահին վերլուծաբանները նման հնարավորությունը մեծ չեն համարում, հիշեցնելով, որ շաբաթներ առաջ Միության անդամները չհամաձայնեցին անգամ ստորագրել արտգործնախարար Բորելի հայտարարության տակ, որը դատապարտել էր Ադրբեջանի հարձակումը Ղարաբաղի դեմ։ Ըստ «Ազատության» աղբյուրների, դրան ընդդիմացել էր Հունգարիան։

XS
SM
MD
LG