Բրյուսելից հայտարարում են՝ հայկական կողմը պատրաստ է շարունակել բանակցությունները, մինչդեռ Բաքուն այդ մասին հավաստիացումներից բացի պետք է նաև քայլեր ձեռնարկի՝ գործով ապացուցելու համար։
«Տպավորություն է, ասես Գրանադայի հանդիպումից հետո, որին Իլհամ Ալիևը չմասնակցեց, մենք կորցրել ենք հաջողության հասնելու պահը», - «Ազատության» ադրբեջանական ծառայությանն այսօր ասել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Երեկ Ադրբեջանը հայտարարեց, թե չի ընդունում Միացյալ Նահանգների միջնորդությունը, բայց պատրաստ է շարունակել բանակցությունները բրյուսելյան ձևաչափով։ Բրյուսելից հայտարարում են՝ պատրաստ են օր առաջ հանդիպում կազմակերպել, սակայն առաջընթաց դեռ չկա։
Հայաստանի իշխող խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը կարծում է՝ Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար միջնորդները պետք է համահունչ գնահատականներ տան կողմերի քայլերին և ուղիղ խոսեն:
«Էդ պոլիտկոռեկտությունից մի քիչ հրաժարվելն է դեպի ուղիղ, հասկանալի խոսք: Իմ կարծիքով՝ դա է ընդհանրապես բանակցությունների...., եթե մենք ռեալ բանակցություններից ենք խոսում, այլ ոչ թե ձևական ինչ-որ արարողակարգային հանդիպումներից: Ռեալ բանակցություններում պիտի լինեն ռեալ մտադրություններ արտահայտող խոսք՝ այդ թվում և միջնորդների կողմից: Եթե միջնորդները փորձեն միշտ գտնվել ինչ-որ պոլիտկոռեկտության դաշտում, դա կդժվարացնի բանակցությունները և ոչ թե կհեշտացնի», - ասաց Եղոյանը:
Արևմտյան հարթակներում բանակցությունների չեղարկմանը զուգահեռ Բաքվից հայտարարում են՝ խաղաղությունն ու անվտանգությունը պետք է ապահովվեն տարածաշրջանային դերակատարներով։ Առաջարկում են հանդիպել Թբիլիսիում, Մոսկվայում, կամ՝ ուղիղ բանակցել, առանց միջնորդների:
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է՝ սա նշանակում է, որ Ադրբեջանը բանակցային գործընթացը տարածաշրջան տեղափոխելու հստակ ծրագիր ունի, որով փորձում է շրջանցել Արևմուտքում արդեն ձևավորված սկզբունքները:
«Ադրբեջանի սեպտեմբերյան գործողությունից հետո որոշակի ճնշում ևս կա Բաքվի նկատմամբ չի կարելի ասել, որ այդ ճնշումը շատ մեծ է, բայց այնուամենայնիվ ինչ-որ ճնշում կա, և այս ամենը դուր չի գալիս Բաքվին, նաև դա է պատճառը, որ փորձում է գործընթացները դուրս բերել արևմտյան ազդեցությունից, այդ հարցում, իհարկե, Բաքվի և Մոսկվայի շահերը համընկնում են», - ասաց Գրիգորյանը:
Մոսկվայից պարբերաբար են հայտարարում, թե պատրաստ են եռակողմ նոր հանդիպում կազմակերպել: Անցած շաբաթ Ռուսաստանում Հայաստանի դեսպանը «Ինտերֆաքս»-ին ասել էր, թե Երևանը քննարկում է Ռուսաստանում արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկը։ Առայժմ, սակայն, պաշտոնական Երևանը չի հայտարարել՝ կա՞ կոնկրետ պայմանավորվածություն, թե՝ ոչ։ Եվ արդյո՞ք Ռուսաստանից ու ունեցած դժգոհությունների ֆոնին՝ հայկական կողմը պատրաստ է ընդունել Մոսկվայում բանակցելու առաջարկը:
Այս պահին հստակ է, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկները Բաքու դեռ չի ուղարկել․ աշխատում ենք, ասաց իշխանական պատգամավորը։ Ադրբեջանից օրերս դժգոհել էին, թե իրենց առաջարկների վերաբերյալ հայկական կողմից արձագանք չեն ստացել:
«Արագ աշխատանք չի, ժամանակ է եղել իրենք են ուշացրել, բանակցություններ են, գնացք չի, որ ասենք ժամանակ պետք է հասնի չհասնի ասենք վայ ուշացավ: Քննարկումներ են գնում, քննարկումներ նաև պետության ներսում, որոնք կարող են մեկ շաբաթ ավել կամ պակաս տևել», - ասաց իշխանական պատգամավորը:
Միչև տարեվերջ մնացել է մեկ ամիս ժամանակ, չնայած դրան և առկա խնդիրներին՝ հայաստանցի պաշտոնյաներ դեռ այս տարի պայմանագրի ստորագրման հնարավորություն տեսնում են:
«Պրոցեսները գնում են: Այո, իրենք կոնկրետ բանակցությունների հրաժարվել են մասնակցել, բայց դա չի նշանակում՝ պրոցեսները դադարել են, դրան գումարած՝ իրենք էլ, չէ՞, առանձին հարաբերություններ ունեն աշխարհում տարբեր կենտրոնների հետ, և էդ հարաբերություններն էլ ազդում են մեր հարաբերությունների վրա, իսկ իրենց հարաբերությունները էդ կենտրոնների հետ չեն դադարել», - նշեց Եղոյանը: