Մատչելիության հղումներ

Չնայած բոլոր մարտահրավերներին՝ Հայաստանն ունի քաղաքական կամք՝ գնալ խաղաղության ճանապարհով․ Արշակյան


Չնայած բոլոր բարդություններին և մարտահրավերներին՝ Հայաստանի Հանրապետությունն ունի քաղաքական կամք՝ գնալ խաղաղության ճանապարհով, երեկ Սիրիայում՝ Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Համմուդահ Սաբբաղի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Արշակյանն ընդգծել է՝ Երևանը դա հնարավոր է համարում երկու կողմերի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ինչպես նաև ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հիման վրա:

«Ճանապարհների ապաշրջափակումը մեր տարածաշրջանում կարող է ծառայել որպես Պարսից ծոցը Սև ծովին և Կասպից ծովը Միջերկրական ծովին միացնող մի խաչմերուկ, որին անվանում ենք «Խաղաղության խաչմերուկ»,- շեշտել է ԱԺ փոխխոսնակը:

Ըստ հայկական կողմի՝ Համմուդահ Սաբբաղն իր հերթին ընդգծել է, որ իրենք կիսում են ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ինչպես նաև ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների կարևորությունը:

Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ ճգնաժամի առաջին իսկ օրվանից Հայաստանը հանդես է եկել Սիրիայի միասնության և ինքնիշխանության պահպանման ու համապարփակ երկխոսությամբ խնդրի կարգավորման օգտին:

«2019 թվականից ի վեր Սիրիայում հայկական մարդասիրական առաքելությունն ականազերծել է գյուղատնտեսական նշանակության գրեթե 2.400.000 քմ տարածք, ինչպես նաև բուժօգնություն է ցուցաբերել ավելի քան 60.000 բնակչի: Բացի այդ, Հայաստանը 2023 թվականի փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ժամանակ կանգնեց Սիրիայի բարեկամ ժողովրդի կողքին՝ ուղարկելով մոտ 55 տոննա մարդասիրական բեռ»,- նշել է փոխխոսնակը:

ՀՀ ԱԺ փոխխոսնակի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Սիրիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսքենյանի և բարեկամական խմբի անդամների հետ։

Արշակյանի գլխավորած պատվիրակությունը երեկ է մեկնել Սիրիա, պատվիրակության անդամները հանդիպել են նաև Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների և հոգևոր հայրերի հետ։

XS
SM
MD
LG