Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ քննարկել է այդ երկրում՝ երկրաշարժից տուժած շրջաններում ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները հաղթահարելուն ուղղված աշխատանքները:
Հայաստանի ԱԳՆ խոսնկաի փոխանցմամբ՝ նախարար Միրզոյանը Սիրիայի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը:
Սիրիական SANA պետական գործակալության փոխանցմամբ՝ նախագահ Ասսադը իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի ցուցաբերած օգնության համար և ընդգծել, որ Սիրիայի և աշխարհի հայերի միջև կապը պատմական է:
Միրզոյանն այսօր է ժամանել Սիրիա ավերիչ երկրարշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով։ Ավելի քան 32 տոննա բեռը ներառել է սնունդ և դեղորայք:
Փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվն անցել է 52 հազարը։