Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ժամանել է Սիրիա։ Դամասկոսի օդանավակայանում նրան դիմավորել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Ալ-Միկդադը:
Ճիշտ ժամանակին համարելով Արարատ Միրզոյանի այցը Սիրիա, ըստ Սիրիայի պաշտոնական ՍԱՆԱ գործակալության, Միկդադն ընդգծել է, որ դա երկու երկրների միջև պատմական և ամուր հարաբերությունների արտահայտում է։
Սիրիայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին այս դժվարին պահին սիրիացի ժողովրդի հանդեպ ցուցաբերած համերաշխության վեհ դիրքորոշման համար:
Այսօր ավելի վաղ մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակն է Հայաստանից տեղափոխվել Սիրիա՝ ավելի քան 32 տոննա քաշով։ Ըստ նախարարության՝ բեռը ներառել է սնունդ և դեղորայք:
Փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվն անցել է 52 հազարը։