Մատչելիության հղումներ

Ավելի քան մեկ միլիոն պաղեստինցի հեռացել է Գազայի հատվածից


Գազա, 16 հոկտեմբերի, 2023թ.
Գազա, 16 հոկտեմբերի, 2023թ.

«Մարդիկ ստիպված ջուր են խմում ջրհորներից»

Գազայի հատվածում ավելի քան կես միլիոն պաղետսինցիներ հեռացել են տներից: Դա շրջանի բնակչության գրեթե կեսն է: Տվյալներն այսօր ՄԱԿ-ն է հրապարակել:

Ներքին տեղահանվածներից 600 հազարը հավաքվել են Գազայի հատվածի կենտրոնում, իսկ 400 հազարը պաղեստինցի փախստականների հարցերով ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության հաստատություններում, որոնց կարողություններն այլևս բավարար չեն մարդանց տեղավորելու և օգնելու համար:

«Մաքուր ջրի հասանելիությունը սահմանափակված է, նրանք ստիպված ջուր են խմում ջրհորներից, ինչը չափազանց վտանգավոր է վարակիչ հիվանդությունների տարածման առումով»,- ասել է գործակալության գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին:

Նրա խոսքով, Գազայում պարենի և դեղորայքի պաշարները սպառվում են, հոսանքը չի հերիքում: Իսրայելը պահանջում է պաղեստինցիներից հեռանալ Գազայից, ասելով, թե պետք է ոչնչացնեն բնակելի տների տակ փորված թունելներում և քաղաքացիական նշանակության կառույցներում թաքնված «Համաս»-ի ահաբեկիչներին:

«Համաս»-ը Գազայի բնակիչներին կոչ է անում անտեսել այդ պահանջը, բայց անտանելի պայմաններում հայտնված մարդիկ ցանկանում են փրկվել:

Էնթոնի Բլինքենը գտնվում է տարածաշրջանում

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը տարածաշրջանում այցելել է ոչ միայն Իսրայել, այլև արաբական մի շարք երկրներ:

Նրա խոսքով, Գազայի հետ սահմանին Եգիպտոսի կողմից վերահսկվող Ռաֆահի անցակետը կբացվի, ինչը թույլ կտա նախ Գազա հասցնել տարբեր երկրներից ուղարկված հարյուրավոր տոննաների մարդասիրական օգնությունն, ապա Գազայից տարհանել օտարերկրյա անձնագրերով մարդկանց:

«Եգիպտոսն էական նյութական օգնություն է հավաքել Գազզայի մարդկանց համար, Ռաֆահի անցակետն էլ կվերաբացվի, մենք, Եգիպտոսը, ՄԱԿ-ը, Իսրայելը և ուրիշ երկրներ ստեղծում ենք օգնությունը տեղ հասցնելու մեխանիզը»,- նշել է Բլինքենը:

Իսրայելցիները շարունակում են օդային հարվածները: Այսօր հրաշքով են փրկվել պաղեստինյան շտապօգնության մեքենայի ուղևորները: Ըստ պաղեստինցի պաշտոնյաների, հոկտեմբերի 7-ին սկսված հակամարտության ընթացքում այսօրվա դրությամբ սպանվել է առնվազն 2750 մարդ, մոտ հազար մարդ անհետ կորած է, ենթադրաբար շենքերի ավերակների տակ են մնացել: Կա մոտ մոտ 10 հազար վիրավոր:

«Գազան պետք է ունենա ավելի փոքր տարածք»

Վարչապետ Բենյամին Նեթանյոհուի ազգային միասնության կառավարության նոր անդամ, ընդդիմադիր Գիդեոն Սաարն ասել է, թե պետք է գիտակցել, որ Իսրայելը պատերազմում է ոչ միայն «Համաս»-ի, այլև ահաբեկիչներին սատարող Իրանի հետ:

«Գազան պատերազմից հետո պետք է ունենա ավելի փոքր տարածք: Դա անվտանգության հարց է, թե՛ արևելքում և թե՛ հյուսիսում նրանք պետք է կորցնեն իրենց տարածքը, նրանք պետք է գին վճարեն, դա են արաբները հասկանում»,- ասել է Սաարը:

Իսրայելցիների զոհերի թիվն առնվազն 1400 է, վիրավորվել է ավելի քան 3700 մարդ: Ամեն բան վկայում է, որ Իսրայելը մտադիր է ցամաքային գործողություն սկսել Գազայի տարածքում:

«Ցամաքային օպերացիան շատ թանկ գին կունենա»

Վերլուծաբան Նոմի Բար-Յակովը՝ Լոնդոնում տեղակայված միջազգային հարաբերությունների արքայական ինստիտուտից, որը հայտնի է նաև Chatham House անվամբ, համոզված է, որ ցամաքային օպերացիան չափազանց ծանր կլինի:

«Ցամաքային ներխուժումը չափազանց արյունալի կլինի երկու կողմերի համար: Արյան բաղնիք՝ չնայած Գազայի հատվածից հնարավորինս շատ խաղաղ բնակիչների դուրս հանելու Իսրայելի ջանքերին: Այդ օպերացիան շատ», - ասել է վերլուծաբանը:

«Գազայի գրավումը կոպիտ սխալ կլինի»

CBS հեռուստակայանի 60 րոպե ծրագրի լրագրողի հետ զրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Գազայի գրավումը մեծ սխալ կլինի Իսրայելի կողմից: «Համաս»-ը չի ներկայացնում ամբողջ Պաղեստինի ժողովուրդը», - նշել է Ջո Բայդենը:

Միջազգային համայնքն, այդ թվում՝ Միացյալ Նահանգները սատարում են Իսրայելին, բայց և կոչ են անում հարգել պատերազմի կանոնները և ամեն բան անել խաղաղ բնակիչների կյանքը խնայելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG