Թել Ավիվ - Երևան չվերթով այսօր Հայաստան ժամանեց 149 հոգի, մեծամասնությամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ երկքաղաքացիներ։ Ըստ ԱԳՆ-ի՝ նախնական տվյալներով մեկնելու ցանկություն հայտնել էր 190 անձ, իսկ չվերթին ներկայացել և մեկնել են 149-ը:
Հայաստանի կառավարությունը պատերազմող Իսրայելից Հայաստանի քաղաքացիներին դուրս բերելու համար այսօր առավոտյան՝ 09։36-ին էր ինքնաթիռ ուղարկել Թել Ավիվ, և մեկ ժամ ուշացումով «Զվարթնոց» օդակայանում վայրէջք կատարեց Իսրայելի հայերին Երևան տեղափոխող օդանավը։
Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը «Ազատությանը» փոխանցել է, որ 10 օրերի ընթացքում հավաքագրել են մարդասիրական չվերթից օգտվել ցանկացող քաղաքացիների դիմումներ։
Հարցին, թե երկրորդ թռիչք նախատեսվո՞ւմ է, նա ասաց. - «Այդ մասին չեմ կարող հստակ պատասխանել, բայց կարծում եմ, որ մեր այն հայրենակիցները, ովքեր ցուցակագրվել էին, այդպիսի հնարավորություն ստացան»։
Արտգործնախարարությունը կարճ հաղորդագրությամբ առավոտյան հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում կձեռնարկեն լրացուցիչ քայլեր՝ չհստակեցնելով՝ արդյոք սա ենթադրում է նաև կացարանի ապահովում։ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից հարցին ևս հստակ չպատասխանեցին, Ալեքսանյանը ասաց՝ Իսրայելի հայերից ՀՀ-ից միայն օդային չվերթի հնարավորություն են խնդրել, քանի որ կոմերցիոն չվերթները Իսրայելում դադարեցված են. - «Մեծ մասը, իհարկե, ՀՀ քաղաքացիներ են կամ երկքաղաքացիներ, և գրավոր նամակը, որ ստացվել էր հանձնակատարի անունով, նշվում էր, որ հասկանում են երկրում սոցիալական խնդիրները, Արցախի մեր հայրենակիցներին ուղղված ծրագրերը, և իրենք միայն ակնկալում են օդանավի՝ չվերթի կազմակերպում»։
Հայաստան ժամանած քաղաքացիները «Ազատության» հետ զրույցում պատմեցին, թե ինչ իրավիճակում էին այնտեղ, ինչպես էին պատսպարվել այնտեղ. - «Ես մի քանի օրով էի գնացել, ու սկսվեց այդ պատերազմը առավոտ շուտ։ Էդպես, գալու հույս չունեինք, ոչ մի ինքնաթիռ չէր թռչում։ Բոլոր ճանապարհները փակ էին, ու շնորհակալ եմ ՀՀ-ին, որ կազմակերպեց, որ վերադարձանք»։
«Ես ուսանող եմ, երկրորդ տարին է՝ այնտեղ սովորելու էի գնացել, ցանկացա վերադառնալ, որովհետև կարող էի վերադառնալ։ Երբ ամեն ինչ ավարտվի, կամ քննությունները օնլայն պետք է տամ, դասերը հիմա օնլայն եմ կատարելու», - ասաց ժամանած անձանցից մեկը։
Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում.