Երեկ երեկոյան Օպերայի հարակից տարածքում բախում է տեղի ունեցել Ազգային-ժողովրդավարական Բևեռի անդամների, համակիրների ու ոստիկանների միջև։ 10 մարդ բերման է ենթարկվել։
Գևորգ Սաֆարյանն «Ազատության» ասաց՝ իշխանությունների հրաժարականի պահանջով հերթական հանրահավք-երթի ավարտին ոստիկաններն անհարգալից տոնով են խոսել իրենց ներկայացուցիչներից մեկի հետ, ինչի պատճառով իրավիճակը կտրուկ լարվել է։
«Մաշտոցի պողոտայից երթը թեքվեց մտավ Ազատության պողոտա, մենք ամենավերջում էինք, և ոստիկանության մի գնդապետ կամ փոխգնդապետ, ոստիկանին ոչ հարիր վարքով, սկսեց վիրավորել երթի մասնակիցներից մեկին, գոռգռալ նրա վրա։ Ես և մի քանի հոգի մոտեցանք, նրան ասացինք, որ ինքը դրա իրավունքը չունի և որևիցե առիթ չկա, ինչից հետո հավաքվեցին ոստիկաններ, տխրահռչակ ОМОН-ը (ոստիկանական հատուկ ջոկատ) հարձակվեց մեզ վրա և սկսեցին բոլորին ծեծի ենթարկել», - պատմեց Սաֆարյանը։
Բևեռի անդամները մի տղամարդու լուսանկար են տարածել՝ դեմքին այտուց։ Տեսանյութերից մեկում էլ մի կին ընկած է գետնին: Բևեռի անդամներն ասում էին՝ ինքնազգացողությունը վատացել է ու գիտակցությունը կորցրել։ Նույն տեսանյութում երևում է, թե ինչպես են քիչ հեռվում Բևեռի անդամներին մոտենում ոստիկաններ ու սկսում բերման ենթարկել։
«Մեքենան ավարտից հետո թեքվել է, որ դուրս գա հավաքի տարածքից, այդ պահին մոտեցել է այդ գնդապետը և մեքենայի վրա գտնվող քաղաքացու հետ սկսեց խոսել արայով և գոռգոռալ նրա վրա՝ վիրավորանքներ և այլն։ Կարծում եմ, որ նախապես պլանավորել էին», - ասաց Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ ոստիկանները հարվածներ են հասցրել իրեն՝ մարմնի տարբեր հատվածներում, անգամ 44-օրյայի ընթացքում բազմաբեկորային վնասվածքից դեռ չապաքինված ոտքին։
«Անգամ, երբ ոստիկանին տեղեկացրեցին, որ ես ունեմ վիրավորում և բազմաբեկորային կոտրվածք և տեղեկացրեցինք, որ հարվածներ եմ ստացել նաև այդ հատվածում, ինձ համար դժվար է կանգնելը, ոստիկանը միևնույն է պահանջեց կանգնած մնալ և չթողեցին նստել։ Դա ակնհայտ անմարդկային վերաբերմունք է, ինչն արգելված է թե՛ ՀՀ օրենքով, թե՛ միջազգային իրավունքով», - ասաց Սաֆարյանը։
Բևեռի՝ բերման ենթարկված անդամներից երկուսին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Գևորգ Սաֆարյանն ասաց՝ ինքը սալջարդ է ստացել, սուր ցավեր հիմա էլ ունի։
Բերման ենթարկվածների փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ թեև ոստիկանների գործողությունները համարում է ոչ իրավաչափ, բայց հանցանքի մասին հաղորդում չի ներկայացնի։
«Հրապարակային տեղեկություն եմ ուղարկել Գլխավոր դատախազին և Քննչական կոմիտեի նախագահին, բայց չեմ ներկայացրել հանցանքի մասին հաղորդում, որովհետև առնվազն վերջին երկուսուկես-երեք տարվա ընթացքում «Սասնա ծռերի» աջակիցների կամ հետևորդների նկատմամբ ֆիզիկական բռնության փաստով, եթե չեմ սխալվում, 4-5 հաղորդում ներկայացվել է և որևէ մեկով քննություն չի տարվել», - ասաց փաստաբանը։
Պապիկյանը ոստիկանների արարքը սադրանք է որակում։ Նրա փոխանցմամբ, չորս մարդ մարմնական վնասվածք է ստացել։
Ոստիկանությունից փոխանցեցին՝ երեկ բերման է ենթարկվել 10 մարդ՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։
Բաժանմունքից հիվանդանոց տեղափոխվածներից մեկը հայտարարել է՝ ոստիկանն է իրեն վնասվածք հասցրել։ Ոստիկանությունը քաղաքացու այդ հայտարարությունը փոխանցելու է Քննչական կոմիտեին։