Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերը» պայթյունի համար ուղիղ մեղադրանքներ չի ուղղել Մոսկվայի կողմ, պնդում է Գարեգին Չուգասզյանը


Ռուսաստանի դեսպանությունը նոտա է հղել Հայաստանի արտգործնախարարությանը՝ հայտարարելով, որ վրդովված է «տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ արտանետումների կապակցությամբ, որոնք օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությանն առնչություն ունենալու հրեշավոր և կեղծ մեղադրանքներ են պարունակում հասցեագրված ռուսաստանյան կառույցներին»:

Առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչ ուժերի հայտարարություններից է վրդովված, դեսպանությունը նշում է, որ այս ամենը դիտարկում է որպես «սադրանք ուղղված հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների սասանմանը»: Ընդ որում, քաղաքական այդ ուժերին քննադատելուց բացի, դեսպանատունը նաև իշխանություններին է դիմում՝ ընդգծելով՝ ակնկալում են, որ «նման ոչ բարեկամական դրսևորումների կանխարգելմանն ուղղված քայլեր կլինեն, ներառյալ՝ անհրաժեշտ հրապարակային մեկնաբանություններ»:

«Ազատության» հետ զրույցում Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանն ասաց, որ «եթե լինի Ռուսաստանի դեսպանատան հայտարարությանը մեկնաբանություն, այն կհրապարակվի, և լրագրողները կծանոթանան դրան»։

Թեև դեսպանությունը չի մանրամասնել, թե որ ուժերի հայտարարությունն է դժգոհության պատճառը, այդուհանդերձ ռուսական պետական «Սպուտնիկ» գործակալությունը այս լուրը հաղորդելիս նշել է, որ մեդիադաշտում նման լուրեր է տարածել «Սասնա ծռեր» կազմավորումը։ Քաղաքական այս ուժի ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանն ասում է՝ չէին էլ մտածի, թե դեսպանությունն իրենց նկատի ունի, եթե չլիներ «Սպուտնիկի» այս հստակեցումը։

Գարեգին Չուգասզյան
Գարեգին Չուգասզյան

«Ուղիղ մեղադրանքներ չեն եղել, ուղիղ մեղադրանք չի եղել, որովհետև պիտի ապացուցես, եթե ուղիղ մեղադրանք ես անում, իսկ եթե իրենք վերցնում են իրենց վրա, դա արդեն իրենք գիտեն», - «Ազատությանն» ասաց նա։

Մեկ օր առաջ Ազգային ժողովրդավարական բևեռը, որի մաս է կազմում «Սասնա ծռերը», հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձ չկա «Սուրմալուի» պայթյունին, բայց նշել են. «Վերջին շրջանում հաճախակի դարձած կեղծ ահազանգերը` պետական կամ հասարակական նշանակության շենքերում ռումբերի մասին, հատուկ միտում ունեն` մարդկանց շրջանում խուճապ տարածել և ստեղծել քաոս»։ Ապա համոզմունք են հայտնում, որ այդ ամենը «ուղղորդվում և ղեկավարվում է մեկ կենտրոնից՝ գաղութարարի կողմից, որի նպատակը հերթական զիջումից առաջ խուճապ առաջացնելն է»։ Այլ հայտարարություն Ազգային ժողովրդավարական բևեռը կամ «Սասնա ծռերը» վերջին օրերին չեն արել։

«Մեր բուն հայտարարության մեջ եղել է գաղութարար արտահայտությունը։ Հիմա այդ գաղութարարն ով է, հիմա եթե գաղութարարն ասում է, որ իր դեմ ինչ-որ բան են անում, և դա վերագրվում է մեզ, իբրև թե մենք ենք այդ խոսքն ասում, նշանակում է՝ ինքն ընդունում է, որ ինքը գաղութարար է», - նշեց Գարեգին Չուգասզյանը։

Նորից առանց կոնկրետ Մոսկվայի անունը հիշատակելու Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամները վերջին օրերին հարցազրույցներում կասկածներ են հնչեցրել, որ «Սուրմալուի» պայթյունն իրականում կարող էր ահաբեկչություն լինել, իսկ բևեռի համակիրներից մեկը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, թե «ռուսները մինչև կապիտուլյացիա ստորագրելը Հայաստանի կեսը սալյուտով պայթեցնելու են»։

«Մենք, այո, ասում ենք, որ սա օտար ուժերի, գաղութարար ուժերի գործունեության հետևանք է, և շեղում են այն գործողությունից, որը սպասվում է Արցախում Աղավնոյի և Բերձորի հետ կապված՝ էթնիկ զտումներից», - կարծում է Գարեգին Չուսասզյանը։

Թեև «Սասնա ծռերի» անդամները մեղադրանքի սլաքներ անուղղակի ուղղել են Մոսկվայի դեմ, այնուամենայնիվ Չուգասզյանի կարծիքով՝ դեսպանատան կողմից նման հայտարարություն չէր հնչի, եթե Ռուսաստանն ավտորիտար հակումներ չունենար. «Եվ ասի՝ ազատ խոսք սահմանափակեք այս երկրում, այն երկրում, այսինքն՝ դա օրինաչափություն է, և այդ ազդեցությունը, այդ ճնշումները Հայաստանում աճելու են առաջիկայում»։

Հայաստանի արտգործնախարարությունից ԱԺԲ-ի հետ կապ չեն հաստատել, նախարարությունը օրվա վերջին ևս որևէ հայտարարություն չի տարածել ռուսական դեսպանատան հղած նոտայի վերաբերյալ։

XS
SM
MD
LG