2016 թվականին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի 7 անդամներն այսօր առավոտյան բերման են ենթարկվել և տեղափոխվել կալանավայր։
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) տեղեկացնում է, որ երկու օր առաջ ուժի մեջ է մտել նախորդ տարվա փետրվարին դատարանի կայացրած վճիռը, որով խմբի անդամները դատապարտվել են 6-8 տարվա ազատազրկման։ Ըստ հայտարարության՝ այս հիմքով էլ դատապարտյալները ենթակա են տեղափոխման քրեակատարողական հիմնարկներ՝ պատժի չկրած մասերը կրելու նպատակով:
«Սասնա ծռեր»-ի գործով փաստաբաններից Արայիկ Պապիկյանն «Ազատությանն» ասաց՝ իրենք բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանում, բայց պատասխանը չստանալով՝ «Սասնա ծռեր»-ի անդամները բանտ են տեղափոխվել։
ԲԴԽ-ի տարածած հայտարարությունում այլ ենթատեքստ է տեսնում Պապիկյանը. - «Բարձրագույն դատական խորհուրդը այս պարզաբանման միջոցով փորձում է հովանու տակ վերցնել Վճռաբեկ դատարանի դատավորներին կամ այն անձանց, գուցե՝ այն քաղաքական անձանց, ովքեր միջամտել են: Որովհետև հաստատապես կարող եմ ասել, որ Վճռաբեկ դատարանում պրակտիկան, և Բարձրագույն դատական խորհրդում շատ լավ գիտեն, որ այս ընթացակարգը, որը կիրառվեց «Սասնա ծռեր»-ի դեպքում, երբևէ չի կիրառվել»:
Փաստաբանի կարծիքով՝ եթե Վճռաբեկը չի ընդունել իրենց բողոքները, ապա օրինական ընթացակարգերով այդ որոշումը պետք է շրջանառվեր տարբեր ատյաններում, ինչի համար, ըստ նրա, Հայաստանում առնվազն երեք ամիս է հարկավոր։ «Այս դեպքում դա մի քանի օր տևեց, որովհետև որոշումը քաղաքական է», - համոզված է Պապիկյանը: Նա հավելում է՝ եթե մտավախություն ունեին, որ կալանավայր տանելու որոշումը ստանալու դեպքում «Սասնա ծռերը» կփախչեին, ապա սխալվել են։
«18 թվականի ամռանից մինչ օրս նրանք բոլորը ազատության մեջ էին, և բազմաթիվ անգամ և՛ նրանք, և՛ նրանց փաստաբանները նշել են, որ պատրանքներ չունեն, որ վերջնական դատական ակտով իրենց այս համակարգը դատական արդարացնելու է, ուշ թե շուտ՝ նրանք գիտեին, որ հետ են վերադառնալու բանտ: Եվ այսպես համաձայնեցված կարգով, այսպես, ոստիկանական գործողություններ կատարելը, դատական ակտը թաքցնելով դա կատարելը՝ դա ցույց է տալիս և՛ դատական իշխանության վախը, և՛ նաև քաղաքական իշխանության», - հայտարարեց փաստաբանը:
Այսօր կալանավայր են տարվել Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արեգ Կյուրեղյանը, Մխիթար Ավետիսյանը, Սեդրակ Նազարյանն ու Էդվարդ Գրիգորյանը։ Ըստ փաստաբանի՝ նրանք իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
Խմբի անդամների մեծ մասը 2018 թվականի հեղափոխությունից հետո կալանքից ազատ էին արձակվել, սակայն շարունակում էին գործով որպես մեղադրյալներ անցնել։ Իսկ ոստիկանական գնդի տարածքի գրավման ժամանակ սպանված երեք ոստիկաններից երկուսի՝ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության համար մեղադրվող Սմբատ Բարսեղյանը և մյուս ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանը դատապարտվել են 25 տարվա ազատազրկման։
Սպանված ոստիկաններից Յուրի Տեփանոսյանի կինը՝ Արմինե Թումանյանը դատարանի սահմանած պատժաչափերը շատ քիչ է համարում: «Ինձ որ մնար՝ իմ բողոքը իրենց բոլորին որ ցմահ նստեին, էդքանը, ու ամեն ինչ ասված է: Խնդրում եմ էլ մի զանգահարեք», - «Ազատությանը» ասաց տիկին Թումանյանը:
Գագիկ Մկրտչյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը նույնպես հրաժարվեց խոսել այդ թեմայով, միայն ասաց՝ դեմ է դատարանի որոշմանը, կողմ է ցմահ ազատազրկմանը։
Իսկ փաստաբան Արայիկ Պապիկյանն ասում է՝ եթե արդար դատաքննություն ընթանար, իրենք էլ կհասկանային, թե ինչ հանգամանքներում են մահացել ոստիկանները։ Օրինակ, Տեփանոսյանը, ըստ «Սասնա ծռեր»-ի անդամների, ոստիկանների գնդակից է մահացել, Գագիկ Մկրտչյանը թևի վիրավորումով է տեղափոխվել հիվանդանոց, միայն նրա մահից հետո են, ըստ Պապիկյանի, տեղեկացել, թե որովայնի շրջանում նաև հրազենային վիրավորում է ունեցել։
«Երեք ոստիկանների մահվան կամ սպանության գործերի քննության օբյեկտիվ պահանջը անհրաժեշտ է և՛ հարազատներին իրավահաջորդների, և՛ նաև «Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամներին: Մեր վարկածը նա էր, որ Մկրտչյան Գագիկը մեկ թևի վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց, հիվանդանոցում նա մահացել է, ցավոք սրտի մահացել է, հետագայում որովայնի հրազենային վնասածք է ևս ավելացել: Ես չեմ կարող ասել՝ դա ինչպես է եղել, ես դրա մասնագետը չեմ, բժիշկ չեմ, փորձագետ չեմ, բայց գործում առկա փորձագիտական եզրակացությունները այդ հարցի պատասխանը չեն տվել», - հայտարարեց փաստաբանը:
«Սասնա ծռեր» զինված խումբը 2016-ին գրավել էր ՊՊԾ գնդի տարածքն ու շուրջ երկու շաբաթ փակ պահել այն։ Խմբի անդամները պնդում են՝ իրենք դուրս էին եկել Սերժ Սարգսյանի իշխանության դեմ և իրացրել իրենց ապստամբելու իրավունքը։ Նրանք մեղադրվում են ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, հափշտակելու, պատանդ վերցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու համար: