Մատչելիության հղումներ

Ապստամբության էջը Հայաստանում փակվում է. Գևորգ Սաֆարյան


Ապստամբության էջը Հայաստանում փակվում է, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Սասնա ծռեր» կուսակցության ընտրական ցուցակի 5-րդ համարը զբաղեցնող Գևորգ Սաֆարյանը, ընդգծելով՝ Հայաստանում այլևս չկա բռնատիրություն։

«Մենք հրաժարվում ենք ուժային պայքարի մեթոդից, որովհետև Հայաստանում այլևս չկա բռնատիրություն, և մենք համոզված ենք, որ չենք թույլ տալու, որ երբևիցե լինի», - ասաց Սաֆարյանը։

Հարցին, թե ի՞նչ կանի «Սասնա ծռեր»-ը, եթե իրեն չհաջողվի խաղաղ ճանապարհով առաջ տանել իր գաղափարները, կամ ենթադրենք, որ խորհրդարանում ինչ ուզում է անել, չի ստացվում, կրկին կդիմի՞ զենքի օգնությանը, Սաֆարյանը պատասխանեց. - «Կշարունակենք խաղաղ ճանապարհով առաջ տանել մեր գաղափարները։ Ապստամբության իրավունքը գոյություն ունի միայն այն դեպքում, երբ որ պետությունն ավտորիտար և բռնատիրական է։ Կշարունակենք հանրային դաշտում, ինչպես տարիներ շարունակ մենք եղել ենք փողոցում, մենք եղել ենք բոլոր դեբատների մեջ, որտեղ մեզ հրավիրել են, պայքարել և տարածել մեր գաղափարները։ Գաղափարները չեն տարածվում միայն պետական լծակներով և առհասարակ պետական լծակներն անհրաժեշտ չեն՝ գաղափար տարածելու համար, այո՛, կուսակցությունները գաղափարական կառույցներ են, և իրենք այդ գաղափարները տարածում են մարդանց հետ հանդիպելով, զրուցելով, դեբատների միջոցով, իսկ պետական լծակներն անհրաժեշտ են էդ գաղափարներն իրականություն դարձնելու, իրագործելու համար, և այստեղ ուժային մեթոդների դիմելու որևիցե խնդիր չկա։ Նորից եմ կրկնում՝ ուժային գործողությունները կարող են լինել բռնատիրական իշխանությունների դեմ, քանի որ Հայաստանում չկա, և մենք համոզված ենք, որ թույլ չենք տա երբեք այլևս Հայաստանում լինի բռնատիրական իշխանություն, ապա ապստամբության էջը Հայաստանում փակվում է»։

Գևորգ Սաֆարյանը վստահեցրեց՝ «Սասնա ծռեր»-ը լինելու է խորհրդարանում։

«Դուք ինձ չեք կարող ասել որևիցե պաշտոնական հայտարարություն, որտեղ «Սասնա ծռեր»-ի գործողությունները որևիցե մեկը Հայաստանի ներսում կամ Հայաստանից դուրս անվանել է ահաբեկչություն, որովհետև մարդիկ շատ լավ տարբերում են ապստամբին և ահաբեկչին։ Ահաբեկչի համար տասնյակ հազարավոր մարդիկ դուրս չեն գալիս փողոց և գոռում՝ «Մենք Սասնա ծուռ ենք»։ BBC-ն օրեր շարունակ Երևանի փողոցներում ման է եկել գոնե մեկ անձ, ով կդատապարտեր «Սասնա ծռեր»-ի գործողությունը, և չի գտել։ Դուք կարո՞ղ եք ինձ ասել մի հասարակություն, որտեղ չկա գոնե մեկ անձ, ով կդատապարտի ահաբեկչի գործողությունը։ Այսինքն՝ հանրությունն իր գնահատականը տվել էր, հանրությունը միացել էր «Սասնա ծռեր»-ին և միացել է այսօր։ Որտեղի՞ց է գալիս մեր համոզմունքը, որ մենք լինելու ենք Ազգային ժողովում՝ այդ համոզմունքը գալիս է նրանից, որ մենք տեսնում ենք հանրության արձագանքը», - ասաց Սաֆարյանը։

«Սասնա ծռեր» կուսակցությունը ձևավորվել է վերջերս։ 2016-ի ամռանը նույնանուն զինված խումբը գրավել էր և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը, ինչի հետևանքով երեք ոստիկան զոհվեց:

Իրենց «Սասնա ծռեր» կոչած զինված խմբի անդամները մեծամասամբ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի առաջնորդած Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչներն էին։

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հեղափոխությունից հետո նրանց մեծ մասը պատգամավորների երաշխավորությամբ կալանքից ազատ արձակվեց։ Դեռևս բանտում են գտնվում երեք ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։

Հեղափոխությունից հետո զինված խումբը հայտարարեց՝ փակում են զինված պայքարի էջը և անցնում խաղաղ գործունեության։

Նշենք, որ «Սասնա ծռեր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը։ Այսօրվանից մեկնարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, այն կտևի 12 օր, ընտրությունները դեկտեմբերի 9-ին են։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG