Վեց տարի առաջ ոստիկանության գունդը գրաված «Սասնա ծռերի»՝ անազատության մեջ գտնվող երկու անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է, արդարադատություն է պահանջում Վճռաբեկ դատարանից, որը դեռ վարույթ չի ընդունել իր և զինված խմբի մյուս անդամների բողոքը։ Բիլյանը բողոքի այս ակցիայով նաև պահանջում է իրեն Արմավիրի բանտից Դատապարտյալների հիվանդանոց տեղափոխել։
Վճռաբեկից «Սասնա ծռերը» պահանջում են բեկանել վերաքննիչ ատյանի՝ իրենց մեղքը հաստատող վճիռներն ու նոր դատաքննություն նշանակել։
«Վերջինս գիտակցում է, որ Վճռաբեկ դատարանը ունի պրակտիկա ընդհանրապես վարույթ չընդունելու քրեական գործերը և բողոքները։ Սա նաև ահազանգ է Վճռաբեկ դատարանին, որպեսզի Վճռաբեկ դատարանը ուշադրություն դարձնի, որ առկա է անարդարություն», - ասում է փաստաբան Աննա Ծառուկյանը։
Նա չմանրամասնեց իր պաշտպանյալի առողջական խնդիրները, բայց ասաց՝ կատարված հետազոտությունները չեն համապատասխանում նրա առողջական վիճակին։ Փաստաբանը վերջերս է տեսակցել իր պաշտպանյալի հետ, որը փոխանցել է, թե բանտում իր կյանքին վտանգ է սպառնում, և այդ է պատճառը նաև, որ ուզում է տեղափոխվել Դատապարտյալների հիվանդանոց։ Քրեակատարողական ծառայությունից, սակայն, «Ազատությանը» փոխանցեցին՝ Բիլյանի անվտանգությունը լիարժեք ապահովված է, նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնում։
«Ցանկանում է, որ անպայման լինի Դատապարտյալների հիվանդանոցում։ Դա իր դիրքորոշումն է, իր ցանկությունն է։ Չիշտ ասած, որոշակի հանգամանքները հրապարակելու համաձայնություն չունեմ։ Միգուցե նաև սպառնալիքի ահազանգ կա վերջինիս մոտ, և դա է խնդիրը, որ անպայման իրեն ավելի ապահով կզգա Դատապարտյալների հիվանդանոցում, որպես առողջությանը հետևելու մասով, նաև նախկինում էլ է այնտեղ եղել», - նշեց փաստաբանը։
Քրեակատարողական բժշկության կենտրոնի տնօրենը Բիլյանին հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի տեսնում։ «Ազատության» հետ զրույցում Կամո Մանուկյանն ասաց՝ այս եզրահանգման են եկել նրան քաղաքացիական հիվանդանոցում հետազոտելուց հետո։
Բիլյանի առողջական վիճակը բանտում ամենօրյա հսկողության տակ է, հավելեց պաշտոնյան. - ««Մենք տեղափոխել ենք Բիլյան Արմենին հետազոտությունների համար քաղաքացիական հիվանդանոց, կատարվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները գործիքային և խորհրդատվությունները, ստացիոնար բուժման անհրաժեշտություն չի նշվել։ Այդ պատճառով էլ նրան քաղաքային հիվանդանոց և թե դատապարտյալների հիվանդանոց բուժման համար չենք տեղափոխել»։
Ոստիկանության գնդի գրավման ընթացքում երեք ոստիկան սպանվեց։ Նրանցից մեկի սպանության համար մեղավոր ճանաչված և 25 տարվա ազատազրկման դատապարտված Բիլյանը երկրորդ անգամ կալանավորվելուց հետո բանտից հայտարարեց, թե ինքն անմեղ է, ոստիկանին չի սպանել. ճշմարտությունը պարտակելու համար նա մեղադրեց իր նախկին թիմակիցներին, մասնավորապես, «Ազգային ժողովրդավարական բևեռի» առաջնորդներ Ժիրայր Սեֆիլյանին և Վարուժան Ավետիսյանին։ Վերջիններս չեն էլ անդրադառնում Բիլյանի պնդումներին՝ հայտարարելով, թե իրենց օրակարգում «ավելի լուրջ հարցեր կան»։
Բիլյանն առանձնանում է ոստիկանական գունդը գրաված «Սասնա ծռերի» մյուս անդամներից, քանի որ դեռ մեկ տարի առաջ առաջին ատյանի դատարանն արդարացրել էր նրան, ազատ արձակել շուրջ 5 տարվա կալանքից, բայց ամիսներ առաջ Վերաքննիչ դատարանը նրան մեղավոր ճանաչեց և կրկին կալանավորեց։
«Սասնա ծռերը» իրացրել են «Սահմանադրությամբ երաշխավորված ապստամբության իրավունքը». փաստաբան
«Սասնա ծռերի» մյուս 9 անդամները մեղավոր էին ճանաչվել տարբեր հոդվածներով՝ 8-ը՝ շենք շինությունների գրավման համար դատապարտվել են 6-8 տարվա ազատազրկման, բայց դեռ ազատության մեջ են, քանի դեռ այս որոշումն ուժի մեջ չի մտել։ Իսկ Սմբատ Բարսեղյանը 25 տարվա ազատազրկման է դատապարտվել մյուս երկու ոստիկանների սպանության համար։
«Սասնա ծռերի» առանցքային անդամ Վարուժան Ավետիսյանի և մյուսների փաստաբան Անի Գրիգորյանը անօրինական է համարում ստորադաս ատյանների վճիռները՝ պնդելով, թե նրանք իրացրել են Սահմանադրությամբ երաշխավորված իրենց ապստամբության իրավունքը։ Դիտարկմանը, որ Հայաստանի սահմանադրությունում նման իրավունք չկա, փաստաբանը հակադարձեց, թե դատարաններում իր ճառում խոսել է այն մասին, թե ինչպես կարող է քաղաքացին իրացնել իր այդ իրավունքը. - «Ամեն մարդ ունի իր իրավունքները պաշտպանելու իրավունք, դա կլինի ապստամբությամբ, դա կլինի... ունի ըմբոստանալու իրավունք ինչ-որ մի արարքի դեմ։ Էս դեպքում էս մարդիկ իրացրել են էդ իրավունքը, այսինքն՝ ապստամբությամբ են իրենց իրավունքը իրացրել»։
Մյուս փաստարկն այն է, որ ոստիկանական գունդը գրաված զինված խմբի անդամներին նույն մեղադրանքն է առաջադրվել, հարցին՝ չէ՞ որ նրանք 2016-ի հունիսի 17-ին նույն գործողությունն են կատարել, փաստաբանը Անի Գրիգորյանը պատասխանեց. - «Ամեն մեկին պետք ա կոնկրետ իրենց կատարած արարքների հիման վրա մեղադրանք առաջադրվեր։ Իսկ բոլորին մեղադրանք առաջադրվել է կոնկրետ զինանոց մուտք գործելու, զենքեր վերցնելու և այլն։ Այսինքն՝ ստեղ կոնկրետ մեղադրանքների անհատականացում ես որպես պաշտպան, գտնում եմ, որ չկա»։
Վճռաբեկը փաստաբաններին է վերադարձրել դիմումները՝ պահանջելով որոշակի շտկումներ անել։ Սրանից հետո միայն դատարանը կորոշի՝ վարույթ ընդունել բողոքները, թե ոչ։ Եթե Վճռաբեկը որոշի չքննել դիմումները, ուժի մեջ կմտնեն վերաքննիչի վճիռները, ինչը նշանակում է, որ «Սասնա ծռերի» անդամները բանտում պետք է կրեն իրենց պատիժը։