Մատչելիության հղումներ

Վարուժան Ավետիսյանի փաստաբանն ու համակիրները պահանջում են թույլ տալ նրան բացակայել երկրից


Արդեն կես տարի ազատազրկված Վարուժան Ավետիսյանը կարիք ունի արտերկրում հետազոտվելու, հայտարարում են նրա փաստաբանն ու համակիրները՝ պահանջելով թույլ տալ նրան բացակայել երկրից։

Ավետիսյանը քրոնիկ երիկամային հիվանդություն ունի։ 2016-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու համար մեղավոր ճանաչված «Սասնա ծռերի» առանցքային անդամին երկիրը լքելու թույլտվություն չեն տալիս։ Փաստաբան Արայիկ Պապիկյանն այժմ սպասում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության վերջնական որոշմանը։

Թե ինչո՞ւ Ավետիսյանին թույլ չեն տալիս մեկնել արտերկիր, Քրեակատարողական բժշկության հիմնարկից այսօր «Ազատությանը» թեև խոստացան պատասխանել, բայց օրվա վերջում այդպես էլ չարձագանքեցին։

«Դողերոցք, մրսածության զգացողություն, որովհետև, օրինակ, իր համախցակցի մոտ, կենցաղային բառն են ասում, պարոն Ավետիսյանը ներող կլինի, համախցակիցը մեկ շապիկով է գտնվում խցում, ինքը բազմաթիվ հագուստներով», - նշեց Պապիկյանը:

Դեռ 2021-ի ամռանը, երբ Ավետիսյանը երկրից չբացակայելու ստորագրությամբ ազատության մեջ էր, Առողջապահության նախարարության երիկամաբանության խորհրդատուն 52-ամյա Ավետիսյանի մոտ ախտորոշել էր երիկամային հիվանդության համախտանիշ։ Վերջնական ախտորոշման և բուժման համար հիվանդը կարիք ունի հետազոտման արտերկրում, քանի որ Հայաստանում հնարավոր չի եղել հետազոտել համախտանիշը՝ եզրահանգել է բժիշկը։

Բժշկի այս ցուցումը, սակայն, մեկուկես տարի անց էլ Արդարադատության նախարարությունը չի շտապում իրագործել։ Փաստաբանը պատմում է, որ դեռ անցած տարի Ավետիսյանի մոտ վիճակը երկու անգամ սրվել է, այդ պահերին ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Քանի որ չկա վերջնական ախտորոշում, նշանակված չէ նաև հստակ բուժում, և վիճակը ամեն րոպե կարող է դառնալ ծայրահեղ:

«Հաշվի առնելով հիվանդության աննախադեպ և տարբեր ուժգնությամբ կրկնվելու հակումը, ինչպես նաև պաթոգենետիկ բուժման բացակայությունը, վերջնական ախտորոշման և բուժման համար հիվանդը կարիք ունի արտերկրում հետազոտման», - ասաց Արայիկ Պապիկյանը:

Մայիսից ազատազրկված Ավետիսյանը բանտում սկզբում բողոքներ չի ունեցել, բայց օրերս նրա վիճակը կրկին անկայունացել է, դողէրոցք ունի, ասում է փաստաբանը և պահանջում նրան տեղափոխել հիվանդանոց՝ բժիշկների մշտական հսկողության տակ։ Հակառակ դեպքում, պնդում է՝ եթե պաշտպանյալի վիճակը կրկին սրվի, դրա ողջ պատասխանատվությունը կընկնի Արդարադատության նախարարության վրա։

«Կա հիմա այդ նախանշանները, որ կարող է հանգեցնել նրան, որ իրեն պետք է հրատապ տեղափոխեն վերակենդանացման բաժանմունք: Մեր բուժհաստատություններում նրան պարբերաբար բժշկական օգնություն ցուցաբերել են առավելապես վիճակը կայուն պահելու իմաստով, ոչ թե հենց հիվանդությունը բուժելու իմ իմաստով», - ընդգծեց պաշտպանը:

Երեկ Ավետիսյանին է այցելել բանտում դիտորդական խմբի ղեկավար Զարուհի Հովհաննիսյանը։

«Տեղեկացել ենք, որ ինքը այս պահին կոնկրետ կրիզային վիճակ չունի, բայց դա ամեն րոպե կարող է լինել: Փաստացի անձն ունի առողջական խնդիր, որը Հայաստանում այդպիսի խորը, համապարփակ հետազոտման հնարավորություններ չկան», - ասաց Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանն, ուսումնասիրելով խնդիրը, եզրահանգել է՝ Ավետիսյանի դեպքում ոչ ստանդարտ որոշում է պետք ընդունել, չպետք է սպասել՝ վիճակը սրվի, նոր տեղափոխեն հիվանդանոց կամ թույլ տան մեկնել արտերկիր. - «Իրենք պետք է իսկապես պատասխանեն՝ արդյոք իրենց գործիքներով ինչ որ վեր հանել են բավարար է, որպեսզի նրանք գրեն բժշկական ցուցում՝ հիվանդանոց շտապ տեղափոխելու իմաստով»:

Զարուհի Հովհաննիսյանը մեկն է այն տասնյակ մարդկանցից, որ ամիսներ առաջ է երաշխավորել՝ Ավետիսյանը, մեկնելով արտերկիր, չի փախչի արդարադատությունից։ Նույնը պնդում է նրա փաստաբանը։

«Չեմ կարծում նման խնդիր ունեցող և բժշկականորեն փաստագրված խնդիր ունեցող անձի մոտ կամակորություն լինի, ուստի կարծում եմ, որ այնուամենայնիվ, Հայաստանում ևս մեկ փորձաքննություն արժե անել՝ ճշտելու համար՝ իսկապես այդ խնդիրը կա և Քրեակատարողական հիմնարկի բժիշկների համար ևս հիմնավորելու, թե ինչպիսի ուղեգիր պետք է տալ անձին», - նշեց իրավապաշտպանը:

2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման առանցքային անդամներից Ավետիսյանը դեռ մայիսին էր ազատազրկվել՝ մինչ այդ, 4 տարի ազատության մեջ էր։ Վճռաբեկ դատարանը նրան ու մյուսներին կես տարի առաջ մեղավոր ճանաչեց՝ դատապարտելով տարբեր տարիների ազատազրկման։ Ավետիսյանը բանտում պետք է դեռ յոթ տարի անցկացնի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG