ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցիչ Կավիտա Բելանին տեսակապով անցկացված ճեպազրույցում խոսել է Լեռնային Ղարաբաղից Հայաստանի տարածք տեղափոխված մարդկանց մասին և այսպես նկարագրել իրավիճակը՝ «հոգնած ու վախեցած մարդկանց հսկայական բազմություն է հավաքվում գրանցման կենտրոնների մոտ»:
«Սա մի իրավիճակ է, երբ նրանք ինն ամիս ապրել են շրջափակման պայմաններում: Եվ հիմա հասել են այստեղ՝ լցված անհանգստությամբ ու վախով, և նրանք պատասխաններ են պահանջում»,- ասել է Բելանին:
Պատասխանելով տեղահանվածների թվի մասին հարցին՝ Բելանին ընդգծել է, որ փախստականների հարցերով գրասենյակը պատրաստ է հոգալ ընդհուպ 120 հազար մարդկանց կարիքները, բայց և ավելացրել է. - «Դժվար է կանխատեսել, թե քանիսը կգան այստեղ»:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ Հայաստանի տարածք հասած փախստականների գրեթե մեկ երրորդը երեխաներ են:
«Մեզ համար գլխավոր մտահոգությունն այն է, որ նրանցից շատերն անջատվել են իրենց ընտանիքներից»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրեն Ռեգինա Դե Դոմինիսիսը:
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության և Կարմիր մահիկի միջազգային միությունների ներկայացուցիչ Հիչամ Դիաբն ասել է, որ այժմ կա այդ փախստականներին հոգեկան առողջության աջակցության հսկայական պահանջ: