Մատչելիության հղումներ

Արցախի բնակչության շուրջ 80 տոկոսն արդեն հատել է Հայաստանի սահմանը


Վերջին տվյալներով Արցախի պաշտոնական բնակչության շուրջ 80 տոկոսն արդեն հատել է Հայաստանի սահմանը։ Ղարաբաղի իշխանությունը լուծարելու՝ երեկ հայտարարված որոշումից հետո, ըստ ականատեսների, արցախահայերի հոսքն ակտիվացել է։

97 հազար 735 մարդ լքել է Լեռնային Ղարաբաղը, մինչ այդ Ստեփանակերտը հայտարարում էր, թե Արցախում 120 հազար մարդ էր ապրում։

20 հազարից ավելի ավտոմեքենա է հատել Հակարիի կամուրջը, այսօր հաղորդեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Երեկ երեկոյան մեքենաները մեկնել և արդեն հասել էին Ստեփանակերտի հրապարակ ու այնտեղից արդեն իսկ ուղևորվել էին հետ՝ դեպի Գորիս: Ներկայացնեմ, որ այս պահի դրությամբ մեքենաները տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն շուրջ 2000 բռնի տեղահանված անձի: Նաև ուզում եմ հավելել, որ ավտոբուսները կրկին մեկնելու են Ստեփանակերտ, և այն անձինք, ովքեր ուզում են ժամանել Հայաստան, մեքենաներն այնքան ժամանակ կշարժվեն, մինչև վերջին մարդը, ով ցանկություն կհայտնի տեղափոխվել Հայաստան», - ներկայացրեց Բաղդասարյանը:

Վարչապետի խոսնակը նշել է, որ ավտոբուսները կրկին մեկնելու են ստեփանակերտ: Գորիսում մարդկանց հոսքը չի դադարում։ Արցախցիները պատմում են՝ Ստեփանակերտում արդեն ադրբեջանցի ոստիկաններն են շրջում։

Շատերն են խոսում ղարաբաղում թողած գերեզմաններից, ոմանք չեն հասցրել անգամ հարազատներին վերջին հրաժեշտը տալ։ Շատերը նաև հարազատ որդուց ու թոռից տեղեկություն չունեն՝ ո՞ւր են, ո՞ղջ են, թե՞ գերի։

Առայժմ շարունակվում են որոնողական աշխատանքները նաև վառելիքի պահեստի տարածքում, որտեղ շաբաթվա սկզբին հզոր պայթյունը բազմաթիվ կյանքեր է խլել։ Այսօր Ստեփանակերտից հաղորդեցին՝ պայթյունի տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել 170 աճյուն և մասունք:

Ըստ Արցախի ներքին գործերի նախարարություն՝ տարածքից հայտնաբերված անձնական իրերը տեղափոխվել են օպերատիվ շտաբ։ Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստան՝ ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։

Պայթյունից հետո Ստեփանակերտը հաղորդեց 290-ից ավելի տուժածի մասին, նրանք բոլորը տեղափոխվել են Հայաստան՝ օդային և ցամաքային ճանապարհներով: Նրանց թվում ծայրահեղ ծանր հիվանդներ կան, այսօր լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հիմնական ծանր ընթացքը դեռ շարունակվում է և մենք ունենք ծայրահեղ ծանր վիճակում պացիենտներ և բժիշկները պայքարում են նրանց կյանքը փրկելու համար: Մենք ապահովում ենք նրանց բուժման համար անհրաժեշտ թե՛ դեղորայք, թե՛ բժշկական նշանակության ապրանքներ», - նշեց Ավանեսյանը:

Մինչ այս պահը պաշտոնապես չի հաղորդվում՝ որն էր պայթյունի պատճառը։ Ավելի վաղ Արցախի իշխանությունները հայտարարել էին, թե պետք է հետաքննություն իրականացվի։ Թե ո՞վ և ինչպե՞ս է այդ հարցով զբաղվելու՝ հստակ չէ։

XS
SM
MD
LG