Մատչելիության հղումներ

«Կես հացը ծաղր է ուղղակի»․ երրորդ օրն է Ստեփանակերտում հացը կտրոնով են վաճառում՝ մեկ հոգուն 200 գրամ


«Պիտի նենց դասավորենք, որ օրը կես հացից ավելի ամեն մեկը չուտի»․ երրորդ օրն է Ստեփանակերտում հացը կտրոնով են վաճառում՝ մեկ հոգուն 200 գրամ մեկ օրվա համար։ Կես մատնաքաշ է ստացվում։ Արցախում հիմա ուտելու շատ քիչ բան կա, այդ կես հացը քիչ է, բողոքում են։

«Կես հացը ծաղր է ուղղակի», - ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը։

Մեկ այլ բնակիչ էլ նշեց․ - «Ութ հոգի ենք, 4-ը տղամարդ են, էդ կես հացն էդ տղամարդկանց հերիք չի։ 23-24 տարեկան զինվոր խոխեք են, առավոտը գնում են, իրիկունը գալիս ուտում են։ Բայց գոյությունը էլի կպահենք, վերմիշելն եփել կերել ենք, դայա լա՞վը, թե՞ էս 200 գրամը»։

Արցախի կառավարությունը հացը կտրոնով դարձրեց՝ մարդկանց հոգսը մի քիչ թեթևացնելու համար․ օրերով՝ գիշեր-ցերեկ հացի փռերի առջև էին՝ երկու հաց տուն հասցնելու համար, հաճախ դատարկաձեռն էին փռից հեռանում։ Միայն թե այժմ կտրոնով հացը նույնպես դժվար է ճարվում և այն գնելու համար դարձյալ պիտի հերթ կանգնես։

«Հիմա ես երեխեքի հետ քայլելով իջնում եմ, մենակ տեսնեք, թե փռերի դիմաց ինչ հերթեր են», - ասաց արցախցի Վիկտորիա Պետրոսյանը։

Նրա ընտանիքում 6 հոգով են, իրեն հասանելիք 3 հացը գիշերը 2։30 րոպեին է հաջողացրել գնել՝ մոտակա փռից։

«Մարդ կա շատ հեռու տեղից եկել հասել է հացի փուռ՝ կտրոնով, ասել են, որ քեզ չի հասանելու․ մինչև քո հերթը գա, էդքան չի հասնելու», - ասաց Վիկտորիա Պետրոսյանը։

Արցախի իշխանությունը չի թաքցնում՝ հացի խնդիրը սուր է, ալյուրի պաշարներ չկան։ Գյուղաջակցության հիմնադրամը հողօգտագործողներից ցորեն է խնդրում՝ կիլոգրամը 250 դրամով, միայն թե գյուղերի ամբարներում էլ առատ ցորեն չկա, շատերի բերքը դաշտում է մնացել, ադրբեջանական կողմը թույլ չի տալիս հավաքել այն։

Հաց, մթերք չլինելու պատճառով փակ են Ստեփանակերտի բոլոր մանկապարտեզները։ Դպրոցները գործում են։

Վիկտորյա Պետրոսյանի առաջնեկն այս տարի առաջին դասարան գնաց։ Մայրն այսօր մեկ տանձ ու մի կտոր հաց է նրա պայուսակում դրել, բայց խնդրել՝ եթե դասարանում ոչ ոք պայուսակից ուտելիք չհանի, ինքն էլ թող սովին դիմանա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG