Մատչելիության հղումներ

«Վիճակը կրիտիկական է»․ հացի խնդիրն Արցախում երեկվանից ավելի է սրվել


«Վիճակը կրիտիկական է»․ հացի խնդիրն Արցախում երեկվանից էլ ավելի է սրվել։ Ցորենի սղության պատճառով դարձյալ նվազել է արտադրվող հացի ծավալը։ Այսօր յուրաքանչյուր ընտանիքի ընդամենը մեկ հաց է նախատեսվում վաճառել, հայտնում է Արցախի կառավարությունը։

Ավելին՝ ոստիկանները, քաղաքապետարանի ու Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները Ստեփանակերտում անձամբ կվերահսկեն այդ գործընթացը։

Վերջին օրերին մեկ-երկու հացի համար մարդիկ անդադար հերթ են կանգնում, ցուցակագրվում են, սակայն, հաճախ տուն են վերադառնում ձեռնունայն։

Արցախի կառավարությունն օրերս խոստովանեց՝ ցորենի պաշարը սպառման եզրին է։

«Հուսահատված վիճակ է․ գնաս 5 տարեկան երեխային ի՞նչ բացատրեց, որ սովորական հացն էլ չկա: Ասում ենք՝ քաղցր չկա, հասկանում է, բա հացին ի՞նչ ասենք», - «Ազատությանն» ասաց արցախցիներից մեկը։

Եղանակն էլ մյուս կողմից է խանգարում։ «Աշխատանքներ են տարվում եգիպտացորենի ալյուրի պատրաստման և հացի արտադրման ուղղությամբ, սակայն տեղումների պատճառով եգիպտացորենի լայնածավալ հունձի աշխատանքները մի քանի օրով հետաձգվել են», - հայտարարում է Արցախի կառավարությունը։

«Ընդհանրապես ոչ մի ընտանիք բավարար հաց ստանալ չի կարողանում, մինչև երեկ յուրաքանչյուր ընտանիքի երկու հաց էր հասնում, բայց էլի շատ ընտանիքներ օրերով չեն կարողացել հաց ստանալ», - «Ազատությանը» փոխանցեց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

Թե հաջորդ օրերին ինչ կլինի, այժմ դժվար է ասել, ասաց Բեգլարյանը։

«Այս պահին միայն այսօր-վաղն են կարողանում մատակարարել, մյուս օրվա մասին վաղը որոշակի ինֆորմացիա կլինի, բայց խնդիրն այն է, որ սղությունը շատ սուղ է։ Այսինքն՝ այնպես չէ, որ երկու կամ երեք օրից շատ ավելի լավ վիճակ է լինելու, կարող է մի փոքր լավ լինի, բայց ոչ էականորեն բարելավված», - ասաց Բեգլարյանը։

Ադրբեջանական Կարմիր Մահիկի դրոշի ներքո երեկ 40 տոննա ալյուրով բեռնված բեռնատարներ Բաքվից ուղևորվեցին Աղդամ։ Երեկ երեկոյան Ասկերանում՝ Աղդամ տանող ճանապարհի այդ կողմում ցույց էր՝ մարդիկ ասում են՝ ադրբեջանական ալյուրը ստանալ չեն ցանկանում։ Հայաստանի ուղարկած բեռնատարներն էլ փակված Հակարիի կամրջի այս կողմում են արդեն մեկ ամիս կանգնած։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG