«Այս աշխարհից, Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններից իմ ուզածը մի բան է՝ 20 տարեկան աղջկաս դիակը տվեք իմ հողում հուղարկավորեմ», - հայտարարում է Գյումրի-Երևան ճանապարհին օգոստոսի 14-ի տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված Հելեն Դադայանի մայրը՝ բաց նամակով դիմելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և արտգործնախարար Արարատ Միրզոյանին։
«Իմ աղջիկը պիտի հուղարկավորվի իմ հողում, մեր կողքին, և դուք պետք է լուծեք այդ հարցը: Մի՛ քաղաքականացրեք իմ աղջկա ողբերգական մահը: Ես չեմ հանձնվելու, պայքարելու եմ, մինչև իմ աղջիկը գա իմ կողքը: Գործե՛ք, Նիկոլ Փաշինյան և Արարատ Միրզոյան», - գրել է Ալվարդ Սաֆարյանը:
Ընդգծելով, որ արդեն 14 օր է, ինչ Հելենի մարմինը գտնվում է Գորիսի դիահերձարանում՝ մայրը հայտնում է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իրենց տեղեկացնում է, թե «20-ամյա Հելենի դին Արցախ տեղափոխելու հարցը կողմերը, Հայաստանի և Ադրբեջանի անհամաձայնության պատճառով, սարքել են իրենց քաղաքական թեման»:
«Արդյոք իմ աղջկա դին, իմ տան սուգը պիտի դառնա ինչ-որ ճղճիմ քաղաքական հարց: Սա անընդունելի է: Խոսում եք միջազգային մարդասիրական իրավունքից, Իլհամ Ալիևը միջազգային ատյաններում կուրծք է ծեծում, թե արցախահայերի իրավունքների պաշտպանությունն իր առաքելությունն է։ Սա՞ է ձեր պաշտպանած մարդասիրական իրավունքը: Փաստացի Ալիևը հրաժարվում է Արցախից և արցախահայությունից», - գրել է Սաֆարյանը նամակում։
Հելեն Դադայանի մարմինը ադրբեջանական կողմը թույլ չի տալիս Գորիսից Արցախ տեղափոխել՝ ծննդավայր Ճարտարում հողին հանձնել։
Ադրբեջանական կողմը ծննդյան, մահվան վկայականների փոփոխություններ է պահանջում․ Հելենի մորեղբայրը փոխանցել էր, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ Մարտունու շրջանի Ճարտար գյուղը խմբագրեն ու դարձնեն Խոջավենդի Չարթար: Նախորդ շաբաթ Հելենի հարազատները Ստեփանակերտի Կարմիր խաչի գրասենյակի մոտ էին։ Նրանք նաև ռուս խաղաղապահների զորախմբի հրամանատարի հետ են հանդիպել, սակայն պատասխան, հստակություն չկա։