Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել


Արցախի նախագահը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, ավելին՝ նա երեկ խորհրդարանի իր թիմակիցների հետ վերահաստատել է չհեռանալու որոշումը։

«Նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ, մնացած ամեն ինչը խոսակցույթունների տիրույթում են, կա հստակ որոշում, նման բան չի նախատեսվում», - ասաց Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախագահ Արամ Հարությունյանը:

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի խոսքով՝ երեկ նախագահի հետ հանդիպման օրակարգում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կայացած քննարկումներն էին և էլի հարցեր, որ հրապարակման ենթակա չեն։ Պատգամավորը ցավով է նշում, որ Արցախում ստեղծված ճգնաժամային այս վիճակում անգամ ներքաղաքական պայքարը կանգ չի առնում, աթոռակռիվ է բլոկադայում:

«Ստեղծված իրավիճակն այնքան է բարդ, որ այսօր իշխանավոր լինելը չափազանց դժվար է ու պատասխանատու: Ես կարծում եմ, որ նման բարդ փուլում ներքին պառակտումը մեզ համար անթույլատրելի է և պետք է հասկանանք, որ այսօր Արայիկ Հարությունյանը կարողացել է լավ թե վատ, բայց բոլոր 180 աստիճան տարբերվող բևեռների հետ ինչ-որ չափ երկխոսություն ձևավորել: Դրա շնորհիվ է, որ մենք այսօր կարողանում ենք գոնե ներքին կայունությունը համեմատական պահպանել», - ընդգծեց պատգամավորը:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ հրաժարականի լուրերի հոսքերը նախագահը գծում, նախագահն էլ հերքում է

Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը համաձայն է աթոռակռիվ ձևակերպման հետ, բայց շեշտում է՝ այդ աթոռակռվի միակ մասնակիցը Արայիկ Հարությունյանն ինքն է:

«Ես համոզված էի, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական չի տալու, հերթական մանիպուլյացիան է, որը միտված է իր իշխանությունը երկարաձգելուն, թե իբր կառչած չի իր աթոռից, բայց բոլոր փաստերը խոսում են հակառակի մասին», - ընդգծեց Գալստյանը:

Գալստյանի տեղեկացմամբ՝ երեկ խորհրդարան են մտել աշխարհազորի մի խումբ մարտիկներ՝ գլխավոր հարցով՝ այդ ո՞վ է այստեղ պահանջում Հարությունյանի հրաժարականը. - «Թո ովքեր են այն պատգամավորները, որոնք Արայիկ Հարությունյանի հրաժարականն են պահանջում, իրենց կողմից ընտրված նախագահն է Արայիկ Հարությունյանը և իրենց կողմից ընտրված նախագահի հրաժարականը, որևէ պատգամավոր չի կարող պահանջել»:

Պատգամավորը վստահ է՝ հրաժարականի լուրերի այս հոսքերը նախագահը գծում, նախագահն էլ հերքում է։ Ինչո՞ւ։

«Երևի թե Արայիկ Հարությունյանը նորից զգացել է, որ դժգոհությունները աճում են ու փորձել է ցույց տալ, որ նա միակ մարդն է, ով կարող իրավիճակը և՛ սրել, և՛ հանդարտեցնել», - ասաց Դավիթ Գալստյանը:

Արցախցիները նախագահից դժգոհելու հիմքեր ունեն, ըստ Գալստյանի, կառավարությունն անգործություն է ցուցաբերում՝ պաշարման պայմաններում եղած ռեսուրսը ճիշտ չի կառավարվում, կարող էին ապահովել, որ գյուղերից բերքը հասնի մայրաքաղաք, շտապօգնության մեքենաներն անգամ վառելիք չունեն, միայն ինսուլտ-ինֆարկտի համար են օգտագործվում: Պատգամավորը նկատում է, որ այժմ ոչինչ չի արվում ձմռանը նախապատրաստվելու համար և տպավորություն ունի, որ Արցախի իշխանությունը մինչև ձմեռ պլանավորում է ինտեգրում Ադրբեջանի հետ։

«Փորձում են հասցնել այն անելանելի իրավիճակին, որ վերջում կա՛մ սկսեն օգտվել Աղդամի ճանապարհից, կա՛մ գնան մտնեն Ադրբեջանի հետ երկխոսության՝ ինտեգրացիայի հարցով», - ասաց Գալստյանը:

Իշխանական պատգամավորը ճգնաժամի կառավարման պատասխանատու է համարում պետնախարարին

Արամ Հարությունյանն էլ հակադարձում է. - «Ամեն ինչի մեջ մեղավոր ճանաչել նախագահին ևս ճիշտ չեմ համարում: Իհարկե, վերջին հաշվարկով այս ամեն ինչը քաղաքական իշխանության պատասխանատվության տիրույթում է: Մաքսիմալ արվում է, և օրը 24 ժամ նախագահը կապի մեջ է, գրեթե ամեն մանրուքի վրա ուշադրություն է դարձնում»:

Իշխանական պատգամավորը՝ Արամ Հարությունյանը ճգնաժամի կառավարման պատասխանատու է համարում պետնախարարին՝ լայն լիազորություններով, հիշեցնում է։ Արցախի նախագահը նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանին իր կաբինետին ներկայացրեց շուրջ 6 ամիս առաջ՝ հայրենասեր է, աննահանջ, կարգապահ բնորոշումներով։

Ընդդիմադիր Գալստյանը պնդում է՝ կառավարությունն անգործության է մատնված Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։ շեշտում է՝ իրենք ոչ թե իշխանություն են ուզում, այլ պահանջներ ունեն իշխանությունից, եթե չեն կարող, թող զիջեն -հեռանան։ Կարող ուժեր կան, ըստ Դավիթ Գալստյանի, բայց անուններ չի տալիս:

«Եթե այսօր անուններ հնչեն կարող ուժերի, Նիկոլի, Արայիկի արբանյակները կսկսեն քարկոծել, դրա համար այսօր այդ անունները ճիշտ չի իմ կողմից հրապարակային ասել», - նշեց «Արդարություն» խմբակցության ղեկավարը:

Արայիկ Հարությունյանի հրաժարականի վերաբերյալ լուրեր էլի են եղել, դրանց առայժմ ոչինչ չի հետևել։ «Արդարություն» խմբակցության ղեկավարի խոսքով՝ Հայաստանի իշխանությունը օր առաջ ուզում է ազատվել Արցախի խնդրից, իսկ Արայիկ Հարությունյանը այդ գործի համար հարմար է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG